Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/260

Այս էջը սրբագրված է

նում։ Թողարկում է գեղ․, վավերագր․ և մուլտիպլիկացիոն ֆիլմեր, կատարում կրկնօրինակումներ։ 1923-ին Հայաստանի ԺԿԽ ընդունել է մասնավոր կինոթատրոններն ազգայնացնելու և Պետկինո հիմնադրելու մասին որոշումը։ Նույն թվականին ստեղծվել է «Պետֆոտոկինո» բաժնետիր․ ընկերությունը, որը մինչև 1928-ը կոչվել է կինոֆաբրիկա, ապա՝ Հայկինո, 1938-ից՝ Երևանի կինոստուդիա, 1957-ից՝ Հ․ (1966-ից՝ Հ․Բեկնազարյանի անվ․)։ 1959-ին նրա կազմից անջատվել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիան (1982-ից՝ Հայֆիլմի վավերագր․ ֆիլմերի ստեղծագործ․ միավորում, 1990-ից՝ «Հայկ»)։ Հ-ում նկարահանված առաջին ժապավենը «Խորհրդային Հայաստան» (1924, ղեկ․ Ի․ Կրասլավսկի) վավերագր․ ֆիլմն է։ Առաջին գեղ․ կինոնկարը՝ «Նամուս»-ը (ռեժ․ Հ․ Բեկնազարյան), ստեղծվել է 1925-ին։ Համր շրջանի կինոնկարները՝ «Զարե», «Շոր և Շորշոր» (երկուսն էլ՝ 1927, ռեժ․ Հ․ Բեկնազարյան), «Մեքսիկական դիպլոմատներ» (1932, ռեժ-ներ՝ Լ․ Քալանթար, Ա․ Մարտիրոսյան), «Կիկոս» (1933, ռեժ․ Պ․ Բարխուդարյան) ևն միութեն․ ճանաչման են արժանացրել Հ-ին։ Հնչուն կինոյի շրջանը նշանավորվել է լավագույն ֆիլմերից մեկի՝ «Պեպո»-ի ստեղծմամբ (1935, ռեժ․ Հ․ Բեկնազարյան)։ Որոշակի տեղ են զբաղեցրել պատմ․, հեղ․ թեմաներով ֆիլմերը («Կարո», 1937, ռեժ․ Ա․ Հայ-Արտյան, «Զանգեզուր», 1938, ռեժ․ Հ․ Բեկնազարյան, ԽՍՀՄ պետ․ մրց․ 1941, «Դավիթ Բեկ», 1944, ռեժ․ Հ․ Բեկնազարյան)։ 1945-ին նկարահանվել է «Երկիր հայրենի» (ռեժ-ներ՝ Գ․ Բալասանյան, Հ․ Զարգարյան, Լ․ Իսահակյան, գեղ․ ղեկ․ Ա․Դովժենկո) վավերագր․ ժապավենը։ Հետպատերազմյան առաջին տասնամյակում Հ-ում հիմնականում նկարահանվել են փաստավավերագր․ ֆիլմեր։ 1954-61-ին վերսկսվել է գեղ․ ֆիլմերի թողարկումը․ ստեղծվել է շուրջ 30 կինոնկար՝ «Պատվի համար» (1956, ռեժ․ Ա․ Հայ-Արտյան), «Անձամբ ճանաչում եմ» (1957, ռեժ-ներ՝ Ս․ Կևորկով, Է․ Քարամայան, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1967), «Նվագախմբի տղաները» (1960, ռեժ․ Հ․ Մարգարյան, Հ․ Մալյան), «Տժվժիկ» (1961, ռեժ․ Ա․ Մանարյան) ևն։ 1960-80-ական թթ․ Հ․ հասել է լուրջ հաջողությունների։ Էկրան են բարձրացել «Բարև, ես եմ» (1965, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1967), «Երկունք» (1977), «Մենավոր ընկուզենի» (1986, ըստ Վ․ Պետրոսյանի, երեքն էլ՝ ռեժ․ Ֆ․ Դովլաթյան), «Եռանկյունին» (1967, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1975), «Նահապետը» (1977), «Կտոր մը երկինք» (1980, ըստ Վ․ Թոթովենցի, երեքն էլ՝ ռեժ․ Հ․ Մալյան), «Սարոյան եղբայրներ» (1968, գեղ․ ղեկ․ Ֆ․Դովլաթյան, ռեժ-ներ՝ Խ․ Աբրահամյան, Ա․Հայրապետյան, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1970), «Նռան գույնը» (1969, ռեժ․ Ս․Փարաջանով, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1988), «Հին օրերի երգը» (1982), «Մեր մանկության տանգոն» (1985, երկուսն էլ՝ ռեժ․ Ա․Մկրտչյան, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1985), «Երջանկության մեխանիկան» (1982, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1983), «Օտար խաղեր» (1986, երկուսն էլ՝ ռեժ․ Ն․Հովհաննիսյան), «Գիքորը» (1984, ռեժ․ Ս․ Իսրայելյան), «Խնձորի այգին» (1985, ռեժ․ Գ․ Մելիք-Ավագյան), «Քամի ունայնության» (1990, ռեժ․ Հ․ Խաչատրյան), «Ձայն բարբառոյ․․․» (1991, ռեժ․ Վ․ Չալդրանյան, մի քանի կինոփառատոների մրց-ներ), «Անիծյալները» (1991, ռեժ․ Դ․ Կեսայանց, Բաթումի 2-րդ միջազգ․ փառատոնի «Ոսկի արծիվ» մրց․ 1995), «Կորսված դրախտ» (1992, ռեժ․ Դ․Սաֆարյան), «Ընկ․ Փանջունի» (ըստ Օտյանի, 1993, ռեժ․ Ա․ Մանարյան), «Հին աստվածներ» (ըստ Շանթի, 1993, ռեժ․ Ա․ Քաջվորյան), «Հոսք» («Սև պատը», 1997, ռեժ․ Է․Բաղդասարյան) և այլ ֆիլմեր, դրանց թվում՝ «Սև և սպիտակ» կարճամետրաժ համր տեսաֆիլմը (1996, ռեժ․ Տ․ Խզմալյան)։ 1988-ից Հ-ում գործում է Մուլտիպլիկացիոն կինոնկարների ստեղծագործ․ միավորումը (նախկինում՝ մուլտֆիլմերի արտադրամաս, տես նաև Մուլտիպլիկացիոն կինո)։ Հ-ում է ստեղծվել «Բումերանգ» (1983-93) երգիծ․ կինոժուռնալը։ 1978-ին շահագործման է հանձնվել Հ-ի նոր շենքը։


ՀԱՆԴԱՍԱՐ, լեռնագագաթ ՀՀ Արարատի մարզում, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասում։ Բարձր․ 2292 մ։ Կազմված է հրաբխ․ գոյացումներից։ Բուսածածկույթը լեռնամարգագետնային է։


ՀԱՆԴԵՍ, զանգվածային տպագիր տեղեկատվության տեսակ՝ բրոշյուրավորված պարբերական հրատարակություն (շաբաթական, տասնօրյա, երկշաբաթյա, ամսական, եռամսյա, կիսամյա), ընթերցողների տարբեր շերտերին հասցեագրված բովանդակային ուղղվածությամբ (հաս-քաղ․, գրակ-գեղ․, կրոն․, բժշկ․, զինվ․, երգիծ․, մարզ․, մանկ․, բազմաբնույթ ևն)։

Հ-ի նախատիպ է համարվում «Ժուռնալ դե սավան»-ը («Journal des savans», 1665, Ֆրանսիա)։ Հայ պարբ․ մամուլի պատմությունն սկսվում է «Ազդարար» հանդեսի հրատարակությամբ (1794-96, Մադրաս)։ Քաղ․ և պատմ․ աննպաստ պայմանների բերումով հայկ․ Հ-ները լույս են տեսել Հայաստանից դուրս՝ Վենետիկ, Վիեննա, Մոսկվա, Կ․Պոլիս, Թիֆլիս ևն։ Ազգային զարթոնքի, հաս-քաղ․ ուղղությունների ձևավորման, հայագիտության, հայ դպրոցի, մշակույթի և գրակ․ զարգացման ասպարեզում XIX դ․ կարևոր դեր են խաղացել «Բազմավեպը», «Արևելքը», «Մեղուն», «Հյուսիսափայլը», «Արարատը», «Արևելյան մամուլը», «Փորձը», «Աղբյուրը», «Հանդես ամսօրյան», «Մուրճը», «Լուման», «Անահիտը», «Հասկերը» ևն։

1920-ական թվականներից Հ-ների հրատարակումը լայն ծավալ է ստացել Հայաստանում։ Հիմնադրվել են տարբեր բնույթի Հ-ներ։ Այդ և հետագա տասնամյակների հրատարակություններից են «Նորքը», «Նոր ակոսը», «Նոր ուղին», «Խորհրդային գրականությունը», «Խորհրդային արվեստը», «Հայաստանի աշխատավորուհին», «Առողջապահությունը»,