Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/262

Այս էջը սրբագրված է

պոլսահայ գրողների ստեղծագործություններ, Ա․Չոպանյանի, Պ․Դուրյանի, Հ․Աճառյանի և այլոց կյանքին ու գործունեությանը նվիրված հոդվածներ։ Առանձին համարներ է նվիրել Հ․ Մնձուրուն և Սայաթ-Նովային։ «Հայ գեղարվեստ» խորագրով ներկայացրել է երաժշտության, գեղանկարչության, ճարտարապետության և այլ բնագավառների հայ և օտար անվանի գործիչների։ Ծանոթացրել է թուրք․ նորագույն գրակ-յանը։


ՀԱՆԵԼՈՒԿ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ևն։ Հ․ առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն (տես Այլաբանություն), նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

Հ-ի վաղնջ․ նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։ Հայ մատենագրության մեջ Հ․ վկայված է VII դարից։ XII դ․ Ներսես Շնորհալին հորինել է մի քանի հարյուրի հասնող Հ-ներ։

Գրկ․ Հարությունյան Ս․, Հայ ժողովրդական հանելուկներ, Ե․, 1960։ Նույնի, Հայ ժողովրդական հանելուկներ (համահավաք ժող․), Ե․, 1965։


ՀԱՆԵՍՕՂԼՅԱՆ Գևորգ Սարիբեկի [8(20)․11․1891, Ալեքսանդրապոլ - 1937], պետական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1917-ից։ 1904-20-ին աշխատել է Հայաստանի տպարաններում, մասնակցել է հեղ․ շարժմանը։ Հայաստանում խորհրդ․ իշխանության հաստատումից հետո աշխատել է պետ․ և արհմիութ․ մարմիններում․ 1930-31-ին՝ ՀԽՍՀ ԺՏԽ նախագահ, 1932-33-ին՝ ֆինանսների ժողկոմ, 1933-34-ին՝ ՀԱՄԽ-ի նախագահ, 1936-ի նոյեմբերից՝ ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ։ Անհիմն բռնադատվել է, արդարացվել հետմահու։


«ՀԱՆՐԱԳԻՏԱԿ», հասարակական-քաղաքական, գրականության, արվեստի, գիտության պատկերազարդ շաբաթաթերթ (1901-02-ին՝ տասնօրյա)։ Լույս է տեսել 1896-1908-ին, Կ․Պոլսում։ Խմբագիրներ՝ Ա․Լուսինյան, Ղ․ Բոլատ, Դ․ Տեր-Մինասյան, Բ․ Պոզաճյան, Վ․ Փափազյան, Մ․ Պապոյան։ Սկզբում եղել է մանկ․, 1905-ից՝ գրակ-երգիծ․ բնույթի։ Հանրագիտ․ տեղեկություններ է հաղորդել գիտության, հաս-քաղ․ կյանքի վերաբերյալ։ Ծանոթացրել է ժամանակի գիտ․ հայտնագործություններին, նյութեր տպագրել բանասիրության, մանկավարժության, աշխարհագրության և այլ բնագավառներից։ Աշխատակցել են Ալփասլանը, Թեոդիկը, Սիպիլը, Հ․ Ասատուրը։ 1908-ին հրատարակել է «Հանրագիտակ-ալբոմ» երգիծ․ ժող․։


ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, գիտական կամ գիտահանրամատչելի տեղեկատու հրատարակություն, որ առավել էական տեղեկություններ է պարունակում գիտելիքների կամ պրակտիկ գործունեության բոլոր կամ առանձին բնագավառների վերաբերյալ։

Հանրագիտ․ բառարաններ կազմելու փորձեր հայ իրականության մեջ արվել են շատ վաղ ժամանակներից։ Միջնադարից հայտնի են հանրագիտ․ բնույթի ձեռագրային պատառիկներ, առանձին հատվածներ։ Հանրագիտ․ տեղեկություններ են պարունակում Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Անանիա Շիրակացու, Մովսես Կաղանկատվացու, Սեբեոսի, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Թովմա Արծրունու, Կիրակոս Գանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի և հայ մյուս պատմիչների ու իմաստասերների երկերը։

Հանրագիտ․ ամբողջական աշխատություն է Արսեն Դպիր Կոստանդնուպոլսեցու «Գիրք Սահմանաց յոգնադիմի աստուածաբանական, բնական, բարոյական և քաղաքական իրողութեանց գիտութիւնք» բառարանը, որ լույս է տեսել 1749-ին, Կ․Պոլսում։ Հանրագիտ․ հրատարակություններ են Մ․ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանություն Սրբոցը» (հ․ 1-12, 1810-15), Մ․ Մաղաքյանի «Կենսագրութիւն երեւելի արանց» աշխատությունը (հ․ 1-2, 1839), Մ․ Բժշկյանի «Համառօտ նկարագիր վարուց երեւելի արանց» (1850), Ն․ Ճիվանյանի «Առձեռն բառարան պատմական, աշխարհագրական և դիցաբանական յատուկ անուանց, հաւելեալ հայկական յատուկ անուանք» (1879), Կ․ Աքըրյանի «Պատկերազարդ նոր Կաղանդչեք համառօտ կենսագրութիւն երեւելի արանց» (1891), Ս․ Էփրիկյանի «Բնաշխարհիկ բառարան» (հ․ 1-2, 1902-07), Հ․ Տեր-Աստվածատրյանի «Բառարան հայ կենսագրութեանց» (1904), Հ․ Առաքելյանի «Հանրագիտական բառարան» (1915), Մ․ Պոտուրյանի «Հայ հանրագիտակը» (1938-1940) ևն։ Հանրագիտ․ բնույթի կարևոր տեղեկություններ են պարունակում Ղ․ Ալիշանի «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855), «Նշմարք հայկականք» (1870), «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890), «Սիսական» (1893), «Հայ-բուսակ կամ Հայկական բուսաբառություն» (1896), Մ․ Օրմանյանի «Ազգապատում» (մաս 1-3, 1912-27) աշխատությունները, հայ․ տարեգրքերը, մասնավորապես Թեոդիկի «Ամենուն տարեցոյցը» (1907-28)։

Մասնագիտացված հանրագիտ․ բառարանի արժեք ունի Հ․ Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը» (հ․ 1-5, 1942-62)։

1932-36-ին Խորհրդային Հայաստանում կատարվել է հանրագիտարան ստեղծելու փորձ։ Լույս է տեսել «Հայկական խորհրդային հանրագիտարանի» առաջին հատորի փորձնական պրակը։ Այդ հանրագիտարանի գլխ․ խմբագիր