Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/275

Այս էջը սրբագրված է

ապա՝ մետաղե պարզունակ գործիքներ (բհիրներ, բրիչներ, դանակներ, շեղբեր ևն), որոնք հետագայում դարձել են բրիչային երկրագործության հիմն․ արտադրամիջոցները։ Հայաստանում վայրի բանջարեղենի (շուշան, սիբեխ, ավելուկ, ժախ, սունկ ևն) և պտուղների հավաքումն այժմ էլ կիրառվում է իբրև տնտեսության օժանդակ ճյուղ։

ՀԱՎԵՍԻ (Հովհաննիսյան Թադևոս, 1831, Գյումրի - մ․թ․անհտ․), գուսան։ Ալեքսանդրապոլում աշակերտել է Մալուլին և Ղեյրաթուն։ Աշուղ․ արվեստում կատարելագործվելու համար մեկնել է Կ․Պոլիս, Իզմիր։ Երկար ժամանակ ապրել է Էրզրումում։ Վերադառնալով հայրենիք՝ ստեղծել է շուրջ 200 հայ․ երգեր (ըստ բանասեր Ա․Մխիթարյանի, որն էլ հավաքել է Հ-ի երգերի մի փունջ և գուսանի կենսագրականով հանդերձ հրատարակել «Սոխակ Հայաստանի» երգարանի 4-րդ հատորում)։

Երկ․ Շիրակի հայ աշուղները, [ժող․], Ե․, 1986։


«ՀԱՎԵՐԺԱՀԱՐՍ», գրականության, արվեստի և գիտությունների կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1862-ին, Զմյուռնիայում (12 համար)։ Տնօրեն-խմբագիր՝ Ս․Փափազյան։ Տպագրել է հոդվածներ գիտության և արվեստի տարբեր բնագավառներից, նամակներ, հայտարարություններ, անդրադարձել կանանց կրթության, կենցաղավարության հարցերին։ Հրատարակել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Կ․Տետեյանի թարգմանությամբ), չափածո գործեր, մանրավեպեր։ Աշխատակցել են Տ․Տետեյանը, Մ․ Նուպարյանը և ուր․։


ՀԱՎԵՐԺԱՀԱՐՍԵՐ, ջրահարսեր, բնության ուժեր, երևույթներ խորհրդանշող դիցուհիներ ու ոգիներ։ Իբրև թե բնակվել են ծովերում, լճերում, գետերում, աղբյուրներում, մարգագետիններում, հովիտներում, լեռներում, անտառներում, վարել ուրախ և թեթևաբարո կյանք։ Մի շարք ժողովուրդների (հույներ, հայեր ևն) պատկերացմամբ՝ յուրաքանչյուր գետ, առվակ, աղբյուր ունեցել է գուշակելու և ապաքինելու շնորհներով օժտված իր ջրահարսը։

Հայերը Հ-ին համարել են Նոյ նահապետի աներևույթ և մահկանացու դուստրերը՝ ի ծնե օժտված գիտելիքներով, որոնք հովանավորում են նորապսակներին և գուսանական արվեստը, խնամում կույսերին ու նորահարսերին (հարսանիքից մինչև տղաբերք), հոգում նրանց պճնանքն ու լվացումները։ Հայոց մեջ տարածված է եղել տարեկան երկու անգամ (գարնանն ու աշնանը) ջրերում ու բաղնիքներում ուրախության ծիսահանդեսներ կատարելու սովորույթը։ Թեև եկեղեցին Հ-ին դասել է «դևերի», «չարքերի», «քաջքերի» կարգը, սակայն Հ-ի պաշտամունքը հարատևել է գրեթե ողջ միջնադարում։

Գրկ․ Ալիշան Ղ․, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ․, 1895։


ՀԱՎՃԻՉ, Հավաճիչ, բերդաքաղաք Մեծ Հայքի Տայք նահանգի Ազորդաց փոր գավառում, Ազորդ (այժմ՝ Թորթում) գետի ափին, Հավճիչ լ․ վրա։ IX-X դդ․ բյուզ․ զորակայան Տայքում։ Բյուզ․ կայսրության թուլացումից (XI դ․ կես) հետո Հ-ում հիմնվել է անկախ իշխանություն։ Արիստակես Լաստիվերցին հիշատակում է Հ-ի իշխան, Հաշտենից գավառի տեր Իվանե Օրբելյանին։

Գրկ․ Հովհաննեսյան Մ․, Հայաստանի բերդերը, Վնտ․, 1970։


ՀԱՎՆՈՒՆԻՆԵՐ, Հաւունիք, Հաւնունի, Հաւենունիք, հայ նախարարական տոհմ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Հավնունիք գավառում։

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայոց թագավոր Վաղարշակը Հ-ին կարգել էր «բազեակիրք և բազեակալք» արքունի պաշտոնին։ Վռամական Գահնամակում Հ-ին հատկացված էր 55-րդ «բարձը», իսկ Զորանամակում նրանց զորաբաժինը սահմանված էր 300 այր։ 554-ի Դվինի ժողովի մասնակիցների թվում Հ-ից հիշվում է Աստվածատուրը։ Թովմա Արծրունին IX դ․ հիշատակում է իշխան Վահան Հավնունուն, որը Բագրատունիների և Արծրունիների կողքին կռվել է արաբ նվաճողների դեմ։ X դ․ ոմն Հավնունի իշխան իր փեսա Հասան Գնթունու հետ դավել է Սմբատ Ա Բագրատունի թագավորին։ Նույն դարում Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորը հոգևորական Գեորգ Հավնունուն պատգամախոս է ուղարկել արաբ ոստիկանի մոտ։ Հետագա աղբյուրներում Հ-ի մասին հիշատակություններ չկան։


ՀԱՎՆՈՒՆԻՔ, Հավունիք, Մեծ Հայքի Այրարատ «աշխարհի» 4-րդ գավառը։ Ընկած էր Երասխի (Արաքսի) ձախափնյակում, սահմանակցելով հս-ից՝ Վանանդ և Շիրակ, արլ-ից՝ Արշարունիք (Երասխաձոր), հվ-ից՝ Գաբեղյանք, արմ-ից՝ Աբեղյանք գավառներին։ Անունը ստացել է Հավնունի նախարարական տոհմից, որի ժառանգական տիրույթն էր։ Միջնադարում հայտնի էր Կեչվան անունով (համանուն բերդաքաղաքից, պատմ․ Կեչբոր)։ XVI դ․ 2-րդ կեսին նվաճել են օսմ․ թուրքերը և կազմել է Կարսի նահանգի (էյալեթի) Կեչեվան (Քեչեվան) գավառը։ 1878-ին անցել է Ռուսաստանին (Կարսի մարզի Կաղզվանի օկրուգում), 1919-20-ին՝ Հայաստանի Հանրապետության կազմում։ 1920-ին՝ կրկին զավթել է Թուրքիան։

Հ-ում հիշատակվում են Ագանա, Կեչրոր (Կեչվան) քաղաքները, Եղևնամայր (Եղեգնամոր, այժմ՝ Չանգլի) ավանն իր նշանավոր վանքով ևն։ XX դ․ սկզբին Հ-ի շատ բնակավայրեր դեռ պահպանել էին հայկ․ անվանումները (Այգեձոր, Գետակ, Ուռքար ևն)։

Գրկ․ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ․, 1822։ Ալիշան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ Երեմյան Ս․Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։


ՀԱՎՈՒՑ ԹԱՌ, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Կոտայքի մարզում, Գառնիից արևելք,