Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/277

Այս էջը սրբագրված է

տարակվել են Հ-ի «Հակոբ Պարոնյանի մտերմության մեջ» (1965) հոդվածաշարը, հայրենիքից ստացած տպավորությունների՝ «Օրագրիս 15 էջերը» (1970) գիրքը, որով հեղինակը ձգտել է սփյուռքահայերի մեջ զորացնել ազգ․ գիտակցությունը, հայրենիքի և միասնականության գաղափարը։ Հրատարակվել են նաև Հ-ի «Բառասխալ» (1972), «Մարդոց մեծության և խեղճության մասին» (1979) պատմվածքների ժող-ները, «Առաստաղը» (1983, հ․ 1, Ալեք Մանուկյանի գրակ․ մրց․ 1983) վեպը․ վերջինում պատկերված են հայության ճիգերն ընդդեմ ուծացման, հանուն ազգ․ ինքնության պահպանման։ 1981-ից տպագրվում են Հ-ի «Հուշատետր» (հ․ 1_17․․․․) փիլ-խոհ․ նոթերը։ Գրել է նաև պիեսներ՝ «Կյանքի մը երեք կիրակիները» (բեմ․ 1959), «Կիրակնօրյա հաշվեփակ» (բեմ․ 1959), «Վաստակ» (բեմ․ 1976), «Մարդը և իր կեղևը» (բեմ․ 1987), «Մահը ա՞յս է արդյոք» (բեմ․ 1994)։



ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս․Մկրտչյանի անվ․, ՀՀ առողջապահության նախարարության կարանտինային հիվանդությունների մասնագիտացված գիտագործնական հիմնարկություն Երևանում։ Կազմակերպվել է 1941-ին, հանրապետ․ ախտահանման կայանի հիմքի վրա, մինչև 1942-ը կոչվել է տուլարեմիայի դիտողական կայան, 1942-93-ին՝ հակաժանտախտային կայան, 1994-ից Ս․Մկրտչյանի անվ․։ Հիմն․ նպատակը սանկանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումների կիրառումն է՝ ժանտախտի, տուլարեմիայի, խոլերայի և հատուկ վտանգավոր վարակիչ այլ հիվանդությունների ներբերումը, բռնկումներն ու տարածումը կանխելու և վերացնելու համար։

Մշակվում են նաև ՀՀ սահմաններում բնական օջախայնություն ունեցող այլ հիվանդությունների (էրիզիպելոիդ, իերսինիոզ, լեպտոսպիրոզ, պսևդոտուբերկուլոզ, լիստերիոզ ևն) հայտնաբերման, կանխարգելման հարցերը։ Հ․վ․ի․կ․կ․ իր ենթակայության տակ գտնվող 3 բաժանմունքներով (Գյումրու, Կապանի, Մարտունու) մարզերում սեզոնային հակահամաճարակային ջոկատների միջոցով զբաղվում է ժանտախտի, տուլարեմիայի բնական օջախներում կրծողների մեջ տարածված համաճարակների հայտնաբերման և դրանց դեմ պայքարի մեթոդների մշակման հարցերով։ 1960-64-ին հրատարակել է գիտ աշխատանքների 3 ժող․։



ՀԱՐԱՆՑ ԱՆԱՊԱՏ, Սյունյաց Մեծ անապատ, ճարտ․ համալիր ՀՀ Սյունիքի մարզում, Հալիձոր գ․ մոտ, Որոտան գետի աջ ափին։ Հիմնադրվել է 1608-13-ին։ Համալիրի այժմյան կազմում են արմ-ից գավիթ-սրահով և հս-ից կից երկու սենյակներով եկեղեցին (երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ)․ թաղակապ, ձգված համաչափություններով սեղանատունը և պարիսպների մնացորդները, որոնք (բացի եկեղեցուց) կառուցվել են 1658-ի երկրաշարժից հետո, երբ անապատի նախկին բոլոր շինությունները կործանվել են, իսկ եկեղեցին սահել իջել է այժմյան տեղը։ Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը տեղափոխվել է և հիմնել Տաթևի Մեծ անապատը։ XVIII դ․ սկզբին Հ․ա․ վերակենդանացել է, այստեղ նորոգումներ և կառուցումներ են կատարել Տաթևի վանքի առաջնորդները։ Հ․ա-ի համալիրը և եկեղեցին չափազանց կարևոր են ուշ միջնադարի հայկ․ ճարտ․ առանձնահատկությունների բացահայտման համար․ այստեղից են եկել Հայաստանի XVII դ․ մյուս անապատների հիմնադիրները՝ տարածելով նաև համալիրի հորինվածքի ու առանձին շենքերի լուծումները։ Տես նաև Հարանց անապատի դպրոց։

Գրկ․ Հասրաթյան Մ․, Սյունիքի XVII_XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե․, 1973։



ՀԱՐԱՆՑ ԱՆԱՊԱՏԻ ԴՊՐՈՑ, հիմնել է Մովսես Գ Տաթևացին 1614-ին։ Աշակերտների թիվը հասել է 60-ի։ Դասասաց վարդապետներ են եղել Կիրակոս Տրապիզոնցին, Ներսես Մոկացին, Մովսես և Թոմաս Տաթևացիները, Դավիթ Շամքորեցին։ Դասավանդվել են գրչության արվեստ, ժամասացություն, Հին և Նոր կտակարանների մեկնություն։ Հ․ա․դ․ կրթել է ընթերցասեր կրոն․ գործիչներ, որոնք հետագայում հիմնել են իրենց միաբանությունները։ Հ․ա․դ․ նաև գրչության կենտրոն էր։ Այնտեղ ընդօրինակել են ոչ միայն ձեռագրեր, այլև կազմվել դասագրքեր, ժող-ներ։ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահվում են դդ 1831, 3622, 7366 և այլ ձեռագրերի ժող-ներ։

Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ դպրոցի, հ․ 1, Կահիրե, 1946։ Հասրաթյան Մ․, Սյունիքի XVII_XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե․, 1973։



ՀԱՐԱՎ-ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ), պետություն Աֆրիկայի ծայր հարավում։ Տարած․ 1,221 մլն կմ 2։ Բն․ 41,2 մլն (1999)։ Մայրաքաղաքը՝ Պրետորիա (1,5 մլն)։ Դիվանագիտ․ հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։ Հնարավոր է, որ այստեղ հայեր եկել են XX դ․ սկզբին։ Տեղաբնակների պնդմամբ՝ Վաալ գետի վրա կառուցված ամբարտակներից «Հայաստան» կոչվողը կառուցվել է այն վայրում, որի սեփականատերը հայ էր։ ՀԱՀ-յան հայ համայնքը ձևավորվել է երկրորդ համաշխ․ պատերազմից (1939-45) հետո, երբ Յոհաննեսբուրգ քաղաք են տեղափոխվել մի քանի ընտանիք՝ հիմնականում Եգիպտոսից, Լիբանանից, Հունաստանից։ 1960-ական թթ․ վերջին Յոհաննեսբուրգում և նրա շրջակայքում կար հարյուրից ավելի հայ։ Նրանք պետ․