Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/288

Այս էջը սրբագրված է


ծրագրերի ու կանոնների, մեթոդ․ ձեռնարկների հեղինակ։

Երկ․ Հայոց գիրը, Թ․, 1882։ Համառոտ տրամաբանություն, Տփխիս, 1895։ Ձեռնարկ հոգեբանության, Տփխիս, 1911։

Գրկ․ Բադալյան Մ․, Իսահակ Հարությունյանի մանկավարժական հայացքները, Ե․, 1980։ Շահբազյան Ս․Ա․, Իսահակ Հարությունյան, տես XIX դարի հայ փիլիսոփայական մտքի պատմությունից, գիրք 2, Ե․, 1980։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լևոն Ասատուրի [21․7(3․8)․1903, գ․ Կյադիկսաթըլմիշ (Կարսի մարզում) _ 20․4․1973, Երևան], բժիշկ, հիգիենիստ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1940), պրոֆ․ (1941), ԽՍՀՄ ԲԳԱ թղթ․ անդամ (1961)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1956)։ Ավարտել է ԵՊՀ բժշկ․ ֆակ-ը (1927)։ 1932_34-ին՝ ԵԲԻ սննդի հիգիենայի, 1950-ից՝ ընդհանուր հիգիենայի ամբիոնների վարիչ, միաժամանակ (1938_56)՝ անասնաբուծ-անասնաբուժ․ ինստ-ի սան․ փորձագիտության ամբիոնի վարիչ։ 1944_48-ին և 1969_71-ին՝

ԵԲԻ գիտ․ աշխատանքների գծով պրոռեկտոր, 1958_60-ին՝ ռեկտոր, 1972_73-ին՝ ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ տնօրենի տեղակալ։ Աշխատանքները վերաբերում են սննդի, կոմունալ հիգիենայի հարցերին։ Կարևոր են սննդամթերքների մեջ թունավոր նյութերի առաջացման և սննդային թունավորումների կանխարգելման, ինչպես նաև Հայաստանում հիգիենայի զարգացման պատմության վերաբերյալ Հ-ի հետազոտությունները։ Հիգիենիստների և սան․ բժիշկների հայկ․ գիտ․ ընկերության նախագահ (1953_73), ՀԽՍՀ առողջ․նախ-յան գլխ․ հիգիենիստ (1953_73)։ Հ-ի անունով է կոչվում Երևանի սանիտարահակահամաճարակ․ քաղաքային կայանը։

Երկ․ Սննդամթերքների լաբորատոր հետազոտման համառոտ ձեռնարկ, Ե․, 1951 (համահեղինակ)։ Սանիտարական հիգիենիկ հետազոտությունների համառոտ ձեռնարկ, Ե․, 1953։ Սննդային թունավորումները և նրանց պրոֆիլակտիկան, Ե․, 1955։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լևոն Գերասիմի [12․3․1927, գ․ Մալև (նախկինում այս անունով գյուղ է եղել ՀՀ Սյունիքի մարզի Ալդարա գյուղի մոտ) _ 15․2․1990, Երևան], բժիշկ, հիգիենիստ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1971)։ Ավարտել է ԵԲԻ (1951)։ 1958_59-ին՝ ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակ-ի վարիչ, 1959-ից՝ աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստ-ի (1971-ից՝ ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստ․) արդ․ միկրոկլիմայի լաբորատորիայի վարիչ։ 1972-ին լաբորատորիային կից ստեղծել է հատուկ փորձարար․ հենակետ։ Աշխատանքները վերաբերում են ՀՀ շոգ կլիմայական պայմաններում օրգանիզմի ֆիզիոլոգ․ վիճակի վրա արդ․ միկրոկլիմայի ազդեցության ուսումնասիրմանը։ Առաջին անգամ փորձարար․ պայմաններում մշակել է աշխատանքի և հանգստի գիտականորեն հիմնավորված ռեժիմներ։ Առաջարկել է հանրապետ․ նշանակություն ունեցող միկրոկլիմայական նորմեր, մասնակցել սան․ կանոնների մշակմանը։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լևոն Վռամի (ծ․ 13․12․1927, գ․ Թովուզ, ՀՀ Տավուշի մարզում), բուսաբան-ծառագետ։ Կենսբ․ գիտ․ դ-ր (1971), պրոֆ․ (1982)։ Ավարտել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ-ը (1953)։ 1956_ 1978-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ԳՀԻ-ում, 1978-ից՝ Հայկ․ մանկավարժ․ ինստ-ի գյուղհիմունքների և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են ՀՀ ներմուծված և տեղական ծառաթփային բուսականության կենսաէկոլոգ․ առանձնահատկությունների և դրանք կանաչապատման գործում կիրառելու հարցերին։ Զբաղվում է նաև քաղաքի կանաչապատման հարցերով։ Հեղինակ է շրջապատի ծառերին, թփերին ու ծաղիկներին նվիրված գիտահանրամատչելի գրքերի։

Երկ․ Կանաչապատվող օբյեկտների նախագծման հիմունքները, Ե․, 1977։ Հայաստանի դենդրոֆլորան, հ․ 1_2, Ե․, 1985_86 (համահեղինակ)։ Научные основы облесения и озеленения Армянской ССР, Е․, 1974 /соавтор/․



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լյուդմիլա Հակոբի (ծ․ 13․11․1941, Երևան), սոցիոլոգ, հասարակական-քաղաքական գործիչ։ Փիլ․ գիտ․ դ-ր (1986), պրոֆ․ (1988)։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտ․ ֆակ-ը (1963)։ 1963-ից դասախոսում է ԵՊՀ-ում (1980_84-ին՝ ԵՊՀ սոցիոլոգ․ հետազոտությունների լաբորատորիայի, 1984-ից՝ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ), 1976_ 1980-ին՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստ-ի կիրառական սոցիոլոգ․ հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են ազգաբնակչության վերարտադրության, անձի ապրելակերպի, կյանքի որակի և սոց․ ակնկալումների պրոբլեմներին։ ԽՍՀՄ ԳԽ պատգմ․ (1989_91)։

Երկ․ Этнический конфликт: старые стереотипы и новая реальность, М., 1990; Разрушение мифов, М․, 1990; Социальная политика: западные модели и армянская действительность, М․, 1995․



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Խոսրով Մելիքի (ծ․ 30․5․1948, Երևան), պետական գործիչ։ Ավարտել է ՀՊՃՀ (1972) ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ։ 1972_77-ին աշխատել է ՀԳԱԱ Բյուրականի օպտիկամեխ․ լաբորատորիայում, 1977_82-ին՝ ՀԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ-ի ՀԿԲ-ում, 1983_86-ին՝ Աշտարակի տրիկոտաժի, 1986_87-ին՝ Չարենցավանի կարի ֆաբրիկաների տնօրեն, 1987_90-ին՝ Չարենցավանի քաղխորհըրդի գործկոմի նախագահ, 1990_92-ին, 1993_95-ին՝ ՀՀ ԳԽ, 1995_99-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր։ 1992-ի օգոստ․ _ 1993-ի հունվ․ ՀՀ վարչապետ։ 1998_99-ին՝ ՀՀ ԱԺ նախագահ, 1999-ից՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար։