Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/29

Այս էջը սրբագրված չէ

աստվածաբանություն, երաժշտություն ևն, ընդօրինակել և նկարազարդել ձեռագրեր (տես Հաղպատի մատենադարան, Հաղպատի դպրոց, «Հաղպատի Ավետարան»)։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները (Սամվել Անեցի, Մխիթար Այրիվանեցի) և վիմագրողները։ XI դ․ կեսերին ավերել ու կողոպուտի են ենթարկել սելջուկները, 1105-ին՝ Ղըզըլ Ամիրի հրոսակախմբերը, XVIII դ․ տուժել է լեզգիների հարձակումներից, 1795-ին ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ Թշնամ․ հաճախակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով վանքը շրջափակվել է ամրակուռ պարսպով, մատույցներում ստեղծվել պաշտպան․ հենակետեր (Կայան, Աթոռիկ), շրջակա տարածքը եզերող ձորերում և ժայռածերպերում հիմնվել թաքստոցներ ու ամրացված կացարաններ։ Հ․ վ-ում կրոնավորել է Սայաթ-Նովան։


Հ․վ․ Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտ-յան առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակություն, տարած․ հավասարակշռվածություն։ Շրջապարսպի ներսում են Ս․Նշան, Ս․Գրիգոր, Ս․Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարեր։ Համալիրի գլխ․ և հնագույն Ս․Նշան եկեղեցին 976_991-ին կառուցել է Խոսրովանույշ թագուհին՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի (Գուրգենի) արևշատության համար։ Այն դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև գմբեթավոր դահլիճ է՝ չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով։ Երկայնական պատերին կից երկուական հզոր որմնամույթերից բարձրացող կամարներին հենվում է եկեղեցին պսակող հսկայածավալ գմբեթը։ Աղոթասրահը պատվել է որմնանկարներով, որոնց մնացորդները կան ավագ խորանում՝ գահին նստած Քրիստոսը, ավետման, ծծնդյան և մկրտության տեսարաններ, հվ․ պատին՝ Խութլուբուղայի ողջ հասակով պատկերը։ Եկեղեցու ճակատները (բացի արմ-ից) ունեն եռանկյունաձև կտրվածքով զույգ հայկ․ խորշեր։ Արլ․ ճակտոնի տակ Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների կտիտորական բարձրաքանդակն է (դեմառդեմ կանգնած պահում են եկեղեցու մանրակերտը)։ Ս․ Նշան եկեղեցուն տարբեր ժամանակներում երեք կողմից կցվել են շինություններ, որոնցից վաղագույնը՝ արմ․ ճակատին կից գավիթը, կառուցել է վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացին, XIII դ․ սկզբին, նախապես գոյություն ունեցած Մարիամաշեն գավթի (1185) տեղում։ Այն արլ-արմ․ ձգված ընդարձակ սրահ է՝ լայնաթռիչք, հուժկու փոխհատվող զույգ կամարների վրա հենվող յուրահատուկ ծածկով։ Կամարներով սահմանված քառակուսուց արմ․ շարունակվում է ևս 3 մ՝ սահմանագծում ունենալով հաստահեղույս փնջաձև զույգ սյուներ, որոնց վրա չորս կողմից հանգչում են թաղակիր կամարները։ Փոխհատվող զույգ կամարների հնարքը կիրառված է նաև կենտր․ քառակուսու ծածկում, որտեղ դրանք կազմում են քառակուսի երդիկը՝ պսակված վեցսյունանի ռոտոնդայով։ Ս․Նշանի հս-արլ․ անկյունային մասում գտնվող գրատուն-մատենադարանը քառակուսի դահլիճ է՝ պատերին կից կիսագլանաձև որմնամույթերից բարձրացող փոխհատվող զույգ կամարների վրա հենվող ծածկով։ Միջին քառակուսու վրա բարձրանում է բրգաձև ութանիստ գմբեթը՝ լուսավորության միակ աղբյուր երդիկով։ Ներկա շենքը 1258_62-ին Հովհաննես վանահոր վերակառուցածն է։ Ուշ միջնադարում ծառայել է որպես մառան, որի մասին են վկայում մեծ թվով թաղված կարասները։ Գրատուն-մատենադարանի վերակառուցման հետ միաժամանակ կառուցվել են գրատան սրահը և փոքր գավիթը, որոնցով միմյանց հետ կապվում են գրատուն-մատենադարանը, Ս․Նշանը և Համազասպի ժամատունը։

Փոքր գավթում՝ Ս․Նշան եկեղեցու հս․ շքամուտքի արլ․ կողմում է պատկերագր․ հարստությամբ և արտահայտչամիջոցների բարձրարվեստ միահյուսմամբ բնութագրվող Ամենափրկիչ խաչքարը (1273)՝ կանգնեցված աթաբեկ և ամիրսպասալար Սադունի պատվին։ Փոքր գավթին հս-ից կից Համազասպի ժամատունը 1257-ին կառուցել է Համազասպ վանահայրը։ Չորս հզոր սյուներով, երդիկավոր, կենտրոնակազմ դահլիճ է՝ իր տիպի մեջ ամենամեծը (18,68 x 18,20 մ)։ Արլ-ից կից է ավելի վաղ կառուցված մատուռը։ Վանքի տարածքի արլ․ բարձրադիր մասում, գլխ․ մուտքի դիմաց առանձին կանգնած է հայ ճարտ-յան անզուգական հուշարձան՝ Հ․վ-ի զանգակատունը, որը 1245-ին կառուցել է Համազասպ վանահայրը «բազում ջանիւ, ի դառն ժամանակս թաթարաց», ինչպես տեղեկացնում է արձանագրությունը։ Բաղկացած է յոթսյունանի զանգաշտարակով պսակված երկու հարկաբաժիններից, որոնց միջև հաղորդակցումը կատարվում է քարե բարձակային աստիճաններով։ Կառույցին բացառիկ շուք ու հմայք են տալիս վարպետորեն զուգակցված տարբեր մեծության ճակտոնները, անկյունների շթաքարե անցումները, բացվածքների շքեղ եզրակալները, կամարակապ զույգ պատուհանները, գեղանի զանգաշտարակը։ Համալիրի հս-արլ-ում գտնվող սեղանատունը (XIII դ․, նորոգվել է 1975_78-ին) հատակագծում ուղղանկյուն կառույց է՝ մեկ զույգ սյուներով բաժանված երկու հավասար քառակուսի մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի փոխհատվող զույգ կամարների վրա հենվող երդիկավոր ծածկ։ Մուտքն արմ-ից է՝ պարսպից դուրս։ Գավթից հվ․ տեղադրված Ս․Գրիգոր եկեղեցին (1025) դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով, երկթեք