Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/296

Այս էջը սրբագրված է


ծառանման կամ թփանման բույսեր։

Ցողունը ծղոտ է, գլանաձև, սնամեջ։ Բարձր․ 1 սմ-ից մինչև 45 մ, բարեխառն գոտու երկրներում հաճախ 0,3_1,5 մ է, 3_5 մմ տրամագծով։ Տերևները հերթադիր են։ Հ-ի ընտանիքը ծածկասերմ բույսերից ամենախոշորն է (մոտ 500 ցեղ և 800 տեսակ, ըստ այլ աղբյուրների, համապատասխանաբար՝ 600 և 10 հզ․)՝ տարածված համարյա ամբողջ երկրագնդում։

ՀՀ տարածքում աճում է մոտ 100 ցեղ և 300 տեսակ։ Հ․ են մշակովի կարևորագույն հացահատիկային բույսերը՝ ցորենը, բրինձը, եգիպտացորենը, վարսակը, աշորան, գարին, կորեկը, սորգոն ևն, ինչպես նաև շաքարեղեգը։ Հայաստանում (Ողջաբերդ, Մուշաղբյուր, Հացավան) աճող ցորենի, աշորայի, գարու և այծակնի վայրի տեսակներն արժեքավոր գենաֆոնդ են գործնական ընտրասերմման մեջ։ Մշակվող Հ․ տալիս են մարդու հիմն․ սննդամթերքը։ Վայրի և մշակովի Հ․ լավորակ կեր են։ Օգտագործվում են նաև սպիրտ, օսլա, թուղթ, սննդի և արդ․ նպատակներով յուղ ստանալու, խոզանակներ, ճոպան պատրաստելու համար։ Որոշ տեսակներ ունեն դեղագործ․, զարդարիկ նշանակություն։ Շատ Հ․ (արվանտակ, որոմ, ագրխոտուկ) գործածվում են փուխր հողերի և ավազների ամրացման, օդանավակայանների թռիչքադաշտերը, մարզադաշտերը, սիզամարգերը բուսածածկելու համար։ Որոշ Հ․ (խրբուկ, սեզ, արվանտակ ևն) մոլախոտեր են։

Գրկ․ Թախտաջյան Ա․Լ․ և Ֆյոդորով Ա․Ա․, Երևանի ֆլորան, Ե․, 1945։ Тахтаджян А․Л․, Систеиа и Филогения Цветковых растений , М․-Л․, 1966․


ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, բույսերի խումբ, որ մշակում են հատիկ ստանալու համար։ Հ․բ-ից ցորենը, գարին, աշորան, վարսակը, եգիպտացորենը, բրինձը, կորեկը, սորգոն՝ դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։ Ցորենի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի հատիկի չոր նյութը բաղադրում է 7_18 % սպիտակուց, 2_5 % ճարպ, ֆերմենտներ, վիտամիններ ևն։ ՀՀ-ում Հ․բ-ի ցանքատարած․ կազմել է 207,6 հզ․ հա, որից ցորեն՝ 115,3 հզ․ հա, գարի՝ 80,5 հզ․ հա (1993)։ Մշակվում է վարսակ (Լոռու մարզում), սահմանափակ տարածություններում՝ նաև եգիպտացորեն, աշորա ևն։


ՀԱՑԱՌԱՏ, գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում (այժմ՝ Գավառ ք․ շրջագծում)։ Պահպանված սրբատաշ գորշ տուֆից կառուցված խաչաձև գմբեթավոր Ս․Աստվածածին փոքր եկեղեցին (VII դ․) եռաբսիդ է, արտաքուստ եռանիստ խաչաթևերով (բացառությամբ արմ-ի, որը ներսից և դրսից ուղղանկյուն է)։ Անցումը գմբեթի ութանկյուն թմբուկին տրոմպային է։ Մուտքերն արմ-ից և հվ-ից են։ Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Արմ․ ճակատի 1893-ի արձանագրության մեջ հիշատակվող 898 թ․ հավանաբար վերանորոգման թվականն է, քանի որ եկեղեցին իր տիպով, դեկորատիվ տարրերով (լուսամուտների երեսակալներ) բնորոշ է VII դ․։ Եկեղեցուն հվ-ից կից է Ս․Գրիգոր եռանավ բազիլիկը (XIX դ․)։ Գյուղից արլ․ պահպանվել են մատուռ և գերեզմանատուն՝ բազմաթիվ խաչքարերով (հնագույնը՝ 1218)։ Հ-ից 3_4 կմ արմ․, Ծաղկաշեն տանող ճանապարհի մոտ, կա հին գյուղատեղի։

Գրկ․ Մնացականյան Ս․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե․, 1960։


ՀԱՑԱՎԱՆ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, հնավայր։ Հ-ից հս․, բարձունքի վրա գտնվող անտիկ դարաշրջանի ամրոցը, իբրև Գառնիի առաջապահ ամրություն, հսկել է Արարատյան դաշտից եկող ճանապարհները։ Պեղումներով (1964_68) պարզվել է, որ ամրոցը շրջապատված է եղել անմշակ քարերով շարված պարսպով, հս․ մասում ունեցել է 3 կիսակլոր աշտարակներ, մյուս կողմերում՝ քառանկյունի որմնահեցեր։ Մուտքը եղել է պարսպի հվ-արմ․ անկյունում։ Ամրոցը կառուցապատվել է քարաշեն՝ ներսից սվաղված և գաջե ձևավոր քիվերով հարդարված պատեր ունեցող սենյակներով։ Դրանց հարթ ծածկերը հենվել են սյուների վրա, որոնց քարե խարիսխները հայտնաբերվել են տեղում։ Տնտեսության մեջ կիրառվել են խեցեղեն, քարե ու ապակե անոթներ, մետաղե առարկաներ, երկանքներ։ Ամրոցը գոյատևել է մինչև վաղ միջնադար։ Այժմյան գյուղի տարածքում եղել է հին բնակավայր և դամբարանադաշտ։


ՀԱՑԵՆԻ (Fraxinus), ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Տերևները բարդ են, հակադիր, կենտ փետրաձև, ծաղիկները՝ միասեռ կամ երկսեռ՝ խմբված հուրանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը միաբուն թևապտղիկ է։

ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ․ բարձր կամ սովորական Հ․ (F․excelsior), մինչև 30 մ բարձր․ ծառ է։ Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, բոխու, ղաժու և այլ տեսակների հետ։ Ցրտադիմացկուն է, ապրում է 250_300 տարի։ Կլորատերև Հ․ (F․rotundifoila) 15_25 մ բարձր․ ծառ է։ Հանդիպում է Տավուշի մարզում (Գետիկի հովիտ), Սյունիքում, Սևանի ավազանում։

Ջերմասեր է և չորադիմացկուն։ Մաքուր ծառուտներ չի առաջացնում։ 2 տեսակն էլ ունեն ամուր, արժեքավոր բնափայտ։ Գեղազարդարիչ են, կիրառվում են կանաչապատման համար։


ՀԱՑՈՒՆԻ Վարդան [Սոմունճյան, 10․7․ 1870, գ․ Պարտիզակ (Սեբաստիայի նահանգում) _ 8․7․1944, Վենետիկ], բանասեր, ազգագրագետ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Մոտ 40 տարի որպես ուսուցիչ, տեսուչ աշխատել է Մխիթարյանների վարժարաններում (Վենետիկ, Միլան, Կ․Պոլիս և այլուր)։ Ուսումնասիրել է Հին Հայաստանում երդման առիթները, ուտեստեղենը, Հայաստանի տարբեր դասերի օգտա