Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/297

Այս էջը սրբագրված է


գործած ճաշատեսակները (այդ թվում՝ հոգևոր)։ Քննության է առել տարբեր դարաշրջաններում եղած հայկ․ դրոշները (քաղ․ և եկեղեց․), ճշգրտել Արշակունիների, Բագրատունիների, Ռուբինյանների և տարբեր իշխան․ տների զինվ․ դրոշների ձևերը, գույները, նշանները ևն։ Ուսումնասիրել է նաև հին Հայաստանում դաստիարակության, կրթության խնդիրները, հանգամանորեն վերլուծել աշխարհիկ և եկեղեց․ հանդերձների զարգացումը Ուրարտուից մինչև XVII դ․։ Հ․ անդրադարձել է նաև պատմության մեջ հայ կնոջ դերին ու գործունեությանը։

Երկ․ Ճաշեր և խնջույք հին Հայաստանի մեջ, Վնտ․, 1912։ Դաստիարակությունը հին հայոց քով, Վնտ․, 1923։ Պատմություն հին հայ տարազին, Վնտ․, 1924։ Կարևոր խնդիրներ հայ եկեղեցվո պատմութենեն, Վնտ․, 1927։ Հայ դրոշները պատմության մեջ, 2 հրտ․, Վնտ․, 1930։ Երդմունք հին հայոց մեջ, 2 հրտ․, Վնտ․, 1932։ Ուղղագրություն և առոգանություն հայերենի, Վնտ․, 1933։ Հայուհին պատմության առջև, Վնտ․, 1936։

ՀԱՓՈՒԿ (Reseda), հափուկազգիների ընտանիքի միամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսեր, երբեմն՝ կիսաթփեր։

Տերևները հերթադիր են, ամբողջական կամ փետրաձև կտրտված, ծաղիկներն անկանոն են, երկսեռ՝ խմբված հասկանման կամ ողկուզանման ծաղկաբույլերում։ Պտուղը տուփիկ է։

ՀՀ-ում հայտնի է 6 տեսակ (դեղին, հոտավետ, գնդապտուղ, մանրապտուղ ևն)՝ տարածված ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ վայրերում, անտառների բացատներում ևն։ Հոտավետ Հ․ (R․odorata) կիրառվում է ծաղկաբուծության մեջ, դեղնավուն Հ-ից (R․luteola) ստացվում է ներկանյութ։


ՀԱՔՍՏՀԱՈՒԶԵՆ Ավգուստ (1792, Բյոկենդորֆ - 1866, Հաննովեր), պրուսական ազգագրագետ։ 1843-ին ռուս․ գյուղ․ համայնքներն ուսումնասիրելու նպատակով ճանապարհորդել է Կենտր․ Ռուսաստանում, Ուկրաինայում, Պովոլժիեում և Կովկասում։ 1856-ին հրատարակել է «Անդրկովկաս» (հայ մասնակի հրտ․ «Ճանապարհորդութիւն յայսկոյս Կովկասու այն է ի Հայս և ի Վիրս», 1872) ուղեգրություն-ուսումնասիրությունը, որտեղ ամփոփել է նաև Հայաստանին վերաբերող ճանապարհորդ․ նոթերը (գլ․ IX, X, XI)։ Հ․ տեղեկություններ է տվել Էջմիածնի, հայ եկեղեցու, կաթողիկոսների ընտրության կարգի, եկամտի աղբյուրների, հայ ժողովրդի հեռավոր անցյալի, հայոց գրերի ստեղծման հանգամանքների, հայ-ռուս․ հարաբերությունների, բանահյուսության, ուսումնակրթ․ կենտրոնների, հայկ․ բանաստեղծության առանձնահատկությունների մասին։ Առաջինը Հ․ է հայկ․ բանահյուսության հին ու նոր մի քանի նմուշներ (հեքիաթներ, առասպելներ ևն) թարգմանաբար ներկայացրել եվրոպական գիտական աշխարհին։ Հայաստանում Հ-ին ուղեկցել է Խ․Աբովյանը։ Հ․ բարձր է գնահատել Աբովյանին, նրան համարել ամենակրթված անձանցից մեկը և խորապես ցավել նրա անհետացման համար։


ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ, հնագույն հավատալիքների, բնապաշտության և դիցապաշտության համակարգ, աշխարընկալման և ինքնարտահայտման դրսևորումների ամբողջություն։ «Հ․» հասկացությամբ արտահայտվել է նախաքրիստ․ կրոն․ պատկերացումների տարբերակումը քրիստոնեության շրջանում առաջացած բուն քրիստոնեական պատկերացումներից։

Հին և միջնադարյան հայ ու օտար գրավոր աղբյուրների (այդ թվում նաև սեպագիր), հնագիտ․ պեղումների, ազգագր․, բանահյուս․ և լեզվական հարուստ նյութերի վկայությամբ Հայաստանի տարածքում, դեռևս նախնադարում ձևավորվել են բնապաշտ-տիեզերապաշտ․, ոգեպաշտ․ հավատալիքներն ու կախարդահմայական ծիս․ արարողությունները։ Հայոց հեթանոս․ աշխարհայեցողությունը կատարելության է հասել բազմաստվածային (հիերարխիկ) մարդեղինացված դիցարանի կազմավորմամբ՝ դիք կամ վեհք անվանվող աստվածներով (տես Դիցաբանություն)։ Դիցարանում մարդեղինացված են երկրագործական պաշտամունքը՝ ի դեմս մայր աստվածության (Անահիտ), մեռնող-հառնող աստվածության (Արա), կրակ-արևի պաշտամունքը (Վահագն, Միհր), երկնքի, երկրի և պետության հովանավորի պաշտամունքը՝ ի դեմս գերագույն աստվածության (Խալդի, «ամպրոպային» Արամազդ) ևն։ Հեթանոս․ մտածելակերպի շրջանակներն են ներառվում նաև հայ էթնոսի ծագումնաբանության վերաբերյալ ժող․ պատկերացումները, որոնց արգասիքը եղավ հնագույն դյուցազնապատումի առաջացումը, որի գլխ․ դեմքերը «դիւցազունք» հայոց անվանադիր նահապետ-նախնիներ Հայկն ու Արամն էին, և որն իր հետագա դրսևորումն ունեցավ «Սասնա ծռեր» դյուցազնավեպում, ուր բազմակողմանիորեն ու բազմաշերտ արտացոլվեցին հայ հեթանոս․ պատկերացումներն արդեն քրիստոնեության շրջանում։ Հայաստանի տարածքում եղել են հեթանոս․ սրբավայրեր, տաճարներ, բագիններ, մեհյաններ, որոնցից առավել նշանավորներն էին բիայնական «Խալդիի դռներ», «Մհերի դուռ» ժայռախորշերը, գերագույն աստծո տաճարը Մուսասիրում (Արդինի), Արամազդի տաճարները Դարանաղյաց Անիում և Այրարատի Բագավանում, Անահիտի տաճարները Արտաշատում, Աշտիշատում, Արմավիրում, Եկեղիքում ևն, ինչպես նաև Արարատ, Սիփան, Մարութա, Նեմրութ աստվածաբնակ լեռներն ու այլազան սրբատեղիներ։ Պաշտամունք․ կենտրոնները հարուստ էին հողային տիրույթներով, «սրբազան» կենդանիների հոտերով ևն։ Քրիստոնեությունը որպես պետ․ կրոն ընդունելուց հետո (301) հեթանոս․ շատ ավանդույթներ և սովորույթներ վերապրուկային ձևով պահպանեցին նրա մեջ