Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/313

Այս էջը սրբագրված է

հայոց տեղվո անունները» (1904, հայ․ հրտ․ 1907) ևն։

Երկ․ Armenische grammatik, N․Y․, 1962; Kleine Schriften zum Armenischen, N․Y․, 1976․

Գրկ․ Շրումպֆ Գ․Ա․, Ուսումնասիրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յարևմուտս, Վնտ․, 1895։ Տայան Ղ․, Պրոֆ․ Հենրիկ Հյուբշման, «Բազմավեպ», 1908, № 10։ Կարստ Յո․, Հենրիկոս Հիւբշման, ՀԱ, 1909, № 1։ Աղայան Է․Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։

ՀՅՈՒԳՈ Վիկտոր Մարի (26․2․1802, Բեզանսոն - 22․5․1885, Փարիզ), ֆրանսիացի գրող, հրապարակախոս, ֆրանսիական դեմոկրատական ռոմանտիզմի առաջնորդն ու տեսաբանը։ Հայ․ թարգմանվել և հրատարակվել է դեռևս կենդանության օրոք [«Լուկրեցիա Բորջա» (1862), «Թշվառները» (մաս 1-5, 1868-1870), «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1869, 1871-72), «Կլոդ Գեո» (1872), «Ռյուի Բլաս» (1873), «Պապ լինելու արվեստը» (1879)՝ «Պապ» վերնագրով]։ Կյանքի վերջին տարիներին Փարիզում ապրել է իշխան Լուսինյանի (Ամբրոսիոս Գալֆայան) տանը և մոտիկից ծանոթացել հայոց պատմությանը, մշակույթին։ Հ․ անձամբ ճանաչել է հայ մտավորականների [Գ․ Օտյան, Ս․ Ոսկան, Խ․ Գալֆայան (Նար Պեյ)], նրանց հետ ունեցել նամակագր․ կապեր։

Գ․ Սունդուկյանի արխիվում պահպանված է նրա նամակը (1867)․ «Ընդունում եմ այն առաջարկությունը, որ բարեհաճում եք ինձ անել»։ Ենթադրվում է, որ խոսքը թարգմանության մասին է։ Երբ Գ․ Չիլինկիրյանը խնդրել է Հ-ի համաձայնությունը «Թշվառների» թարգմանության և հրատարակման համար, Հ․ պատասխանել է․ «Ես Ձեր հնադարյան լեզուն չգիտեմ, բայց սիրում եմ այն։ Նրա մեջ ես զգում եմ Արևելքը, նկատում դարերը, անցյալի խորհրդավոր առկայծումները։ Ես հպարտ եմ, որ թարգմանվում եմ հայերեն» (12․12․1868)։ Այս տողերը զետեղված են նույն տարում տպագրված «Թշվառների» I հ․ սկզբում։ «Ռյուի Բլասի» հայ․ թարգմանության արտոնության առթիվ հաս․ գործիչ, հրապարակախոս, գրող Ն․ Ռուսինյանին Հ․ գրել է․ «Ես շատ ուրախ կլինեմ, եթե «Ռյուի Բլասը» թարգմանեք հայերեն, և Ձեզ արտոնում եմ այն հրատարակել։ Եթե վաճառքից որևէ հասույթ մնա, ապա հեղինակային իմ բաժին գումարը տվեք աղքատներին․․․»։ Հ․ նկատի ուներ հայ աղքատներին․ նա այդ օրերին մասնակցել էր Փարիզի հայ բարեգործ․ ընկերության հանգանակությանը՝ Արմ․ Հայաստանի սովյալների համար։ Այս նամակն էլ է զետեղված թարգմանության սկզբում։ Նար Պեյին հղած նամակներից մեկում Հ․ մեծարում է հայերին, իր լավատեսությունը հայտնում նրանց ճակատագրի նկատմամբ, որովհետև, ունենալով «հին ցեղերի արյունը», ունեն նաև «նոր ցեղերի ոգին», այնքան կարևոր հարատևման համար («Մշակ», 1879, № 211)։ Ենթադրվում է, որ այն գրված է մեծ տերությունների Բեռլինի վեհաժողովում (1878) առաջադրված Հայկ․ հարցի ձախողման կապակցությամբ։ Հ-ի կապը հայերի հետ եղել է գործուն, ըստ պարագայի՝ հուսադրող, ամոքող, պայքարի տրամադրող։

Գրկ․ Գասպարյան Հ․, Վիկտոր Հյուգոն հայ գրականության մեջ, Ե․, 1963։


ՀՅՈՒՆՔՅԱՐՊԵՅԵՆՏՅԱՆ Հովհաննես (Պետրոս, 25․11․1818, Կ․Պոլիս - 28․12․1894, Կ․Պոլիս), բառարանագիր, լեզվաբան։ Սովորել է Կ․Պոլսի Մայր եկեղեցու դպրոցում, եղել ուսուցիչ, քահանա (1852)։ Տիրապետել է հուն-ին, լատ-ին, պարսկ-ին, թուրք-ին։ Մասնակցել է Աստվածաշնչի խմբագրման աշխատանքներին՝ կատարելով հայ․ թարգմանության և հուն․ բնագրի համեմատությունը։ Հ-ի լեզվաբ․ միակ գործը «Ստուգաբանական բառարան հայ լեզվի» (1894) աշխատությունն է (Իզմիրլյան մրց․, 1893), որի առաջաբանում հայ․ համարում է թուրանյան լեզու։ Հ․ ստուգաբանությունները կատարել է քմահաճորեն, առանց լեզվաբ․ օրենքների կիրառման։ Հ-ի լեզվաբ․ հայացքները քննադատել են Ս․Տերվիշյանը և Հ․Աճառյանը։


ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ, պետության ներկայացուցչություն այլ պետության տարածքում գտնվող որևէ բնակավայրում, որը գլխավորում է հյուպատոսը։ Հ-յան տեղն ու գործունեության շրջանակները որոշվում են Հ-ներ փոխանակող պետությունների փոխադարձ համաձայնությամբ։ Հ․, որպես պետությունների փոխհարաբերության միջոց, գոյություն է ունեցել դեռևս մ․թ․ա․, Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։

Ենթադրվում է, որ հայերը նույնպես հնագույն ժամանակներում իրենց հյուպատոսներն են ունեցել, աշխարհագր․ դիրքի բերումով առևտր․ և հյուպատոս․ գործունեություն ծավալել ինչպես Հռոմի և Բյուզանդիայի, այնպես էլ՝ Պարթևական թագավորության, Պարսկաստանի և Արաբ․ խալիֆայության հետ։ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի վկայությամբ Հայաստանում ընդունվել և կիրառվել են հյուրընկալության, պետ․ հովանավորության, արտասահմանցիներին արտոնություններ տրամադրելու սկզբունքներ, որով ապահովվել է օտարերկրացիների ազատ տեղաշարժը երկրի ներսում։ Պրոկոպիոս Կեսարացին (VI դ․), Գեորգիոս Կեդրենոսը (XI դ․) վկայում են, որ օտարերկրացիները Հայաստանում ունեցել են հյուպատոս․ բնակավայրեր, Դվինի, Անիի և առևտր․ այլ կենտրոնների արաբ․ համայնքներն օգտվել են ինքնավարության իրավունքից։ Հույներն Անիում ունեցել են հյուպատոս (կոնսուլ), որը վարել է նրանց գործերը։ Այդպիսի արտոնություններ և իրավունքներ են տրվել նաև արտասահմանում գտնվող հայ վաճառականներին։

Միջազգ․ հյուպատոս․ մշտական գործող մարմիններ առաջին անգամ ստեղծվել են Միջերկրական ծովի արլ․ մասի երկրներում, այդ թվում՝ Կիլիկիայում, XII-XIV դդ․։ Դրանց գործունեությունը Կիլիկիայում ապահովվել է պետ․ երաշխիքներով։ Հյուպատոսներին տրվող իրավունքներն ու ազատությունները սահմանվել են պետությունների փոխադարձ համաձայնություններով։ Պահպանվել են 1201, 1215, 1288, 1289 թթ․ պայմանագրերի քրիսովուլները (շնորհագրերը)՝