Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/315

Այս էջը սրբագրված է

խնդիրների, գրակ-յան և թատրոնի վերաբերյալ ուսումնասիրություններ։ Ամսագիրը մեծապես նպաստել է հայ ռեալիստ․ գրակ-յան զարգացմանը, աշխարհաբար լեզվի հաստատմանը։ Պարբ-ին աշխատակցել են Րաֆֆին, Ռ․Պատկանյանը, Ս․Շահազիզը, Ռ․Հասան-Ջալալյանը և ուր․։

ՀՅՈՒՍՅԱՆ Մինաս Գրիգորի (15․2․1903, Վան - 7․2․1994, Երևան), գրականագետ։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1962), պրոֆ․ (1963)։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1937)։ 1969-84-ին՝ դասախոս ԵՊՀ-ում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են արևմտահայ գրակ-յանը, մասնավորապես՝ Գ․Զոհրապի ստեղծ-յանը («Գրիգոր Զոհրապ․ կյանքը և ստեղծագործությունը», 1957, «Գրիգոր Զոհրապի արվեստը», 1964, «Մեծ եղեռնի զոհ գրողները», 1965)։

Երկ․ Էջեր արևմտահայ գրականության պատմությունից, Ե․, 1977։


ՀՅՈՒՍՎԱԾԱԶԱՐԴ, հյուսածո մոտիվներից կազմված զարդատեսակ։ Ակունքները շումերական արվեստում են։ Ինքնուրույն թե երկրաչափ․, կենդ․ կամ բուս․ մոտիվների հետ համակցված՝ այն տարածվել է վաղ քրիստ․ շրջանում՝ մերովինգյան հնություններում, ղպտ․, հայկ․, վրաց․, իռլանդ․ պատկերաքանդակներում, ձեռագրերում և դաջածո զարդերում։ Հ․ իր տարատեսակներով (հյուսածո, շարահյուսք, ժապավենազարդ, հանգուցազարդ, ցանցկեն ևն) հանդիպում է հայ ճարտ-յան (օր․, Զվարթնոց, Նորավանք ևն), մանրանկարչության մեջ, խաչքարերում, դաջածո զարդերում ևն։ Հ․ կիրառվում է նաև արդի արվեստում։

Գրկ․ Wessel K․, Flechland, Reallexikon zur Byzantinischen Kynst, Lief․ 12, Stuttgart, 1969․


ՀՅՈՒՍՈՒՄ, ժողովրդական զբաղմունք։ Հնում Հ-ով պատրաստել են տնտեսության մեջ կիրառվող առարկաներ (կողով, սալա, զամբյուղ, մաղ, տափան, պարան, խսիր, կեմ, մտրակ ևն)՝ որպես նյութ օգտագործելով որոշ ծառատեսակների ճկուն, դալար ճյուղեր, ծղոտ, եղեգ, խոտ, կաշի, ձիու և այծի մազ, բուսաթելեր ևն։ Որպես զբաղմունք Հ․ Հայաստանում զարգացած է եղել դեռևս միջին դարերում (զամբյուղի մնացորդներ են գտնվել Անիի պեղումներից)։ Այժմ այդ զբաղմունքը գոյատևում է ՀՀ որոշ մարզերում, Արցախում, Ջավախքում և այլուր։


ՀՅՈՒՐՄՅՈՒԶՅԱՆ, Հյուրմյուզ, Գևորգ (11․11․1797, Կ․Պոլիս - 11․4․ 1876, Վենետիկ), թարգմանիչ, եկեղեցական, կրթական, մշակութային գործիչ։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների վարժարանում։ Մխիթարյան միաբանության անդամ (1819), աբբահայր (1846)։ Մինչև 1848-ը հայկաբանություն է դասավանդել Կ․Պոլսի և Վենետիկի Մխիթարյան վարժարաններում։ Հ․ (եղբոր՝ Է․ Հյուրմյուզյանի հետ) թարգմանել է Շ․Ռոլենի «Հնախօսութիւն» (հ․ 1-6, 1825-29) աշխատությունը, որով առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվել Հին Եգիպտոսի, Ասորեստանի, Բաբելոնի, Մարաստանի, Պարսկաստանի, Հունաստանի և Մակեդոնիայի պատմությունը։ Թարգմանել է նաև Պ․Կոռնելի «Պոլիկտոս վկա Հայկազն» (1858), Ժ․Ռասինի «Գոթողիա» (1862), Պ․ Մետաստազիոյի «Թեմիստոկլես» (1886, «Բազմավեպ», № 4-6) չափածո ողբերգությունները, գրել կատակերգություններ։

Գրկ․ Մխիթարյան հոբելյան, Վնտ․, 1901, էջ 64-70, 221։


ՀՅՈՒՐՄՅՈՒԶՅԱՆ, Հյուրմյուզ, Էդուարդ (22․1․1799, Կ․Պոլիս - 26․10․ 1876, Հռոմ), բանաստեղծ, բանասեր-լեզվաբան, աստվածաբան։ Հայկ․ կլասիցիզմի ներկայացուցիչ։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների վարժարանում։ Մխիթարյան միաբանության անդամ (1819)։ Եղել է միաբանության գործակալը Հռոմում, շուրջ 30 տարի՝ ուսուցիչ, ապա վերակացու՝ Հռոմի հայկ․ վարժարանում։ Գրել է «Առձեռն ճարտասանութիւն» (1839) և «Առձեռն բանաստեղծութիւն» (1839) աշխատությունները։ «Բուրաստանք» չափածո երկում (1851) նկարագրել է Հայաստանի բուս․ աշխարհը։ Գրել է նաև երգ, ներբող, ուղերձ, մշակել Աստվածաշնչից վերցված դրվագներ։ Մեծ է Հ-ի դերը հայոց լեզուն (գրաբարը) օտարամուծություններից մաքրելու գործում («Դուռն քերականութեան հայկազնեան լեզուի», 1833, «Քերականութիւն գործնական․․․», 1836 ևն)։ Հեղինակ է «Յաւարտ տպագրութեան մեծի հայ բառագրոց» (1838), «Առձեռն դիցաբանութիւն կամ Առասպելախառն վէպք․․․» (1840), «Մաղթանք-չափաւ» (1843), «Առակացն գիրք երկեակ» (1865), «Ծաղկաքաղ քերթուածք» (1878) և այլ տես․, աստվածաբան․ գործերի։

Երկ․ Ի սուրբ վկայսն Սուքիասանս․․․, Վնտ․, 1833։ Համառօտ քերականութիւն լատին բարբառոյ, Վնտ․, 1839։ Զբոսարան տօնից․․․, Վնտ․, 1874։


ՀՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, լեզվական միավորներ (քերակ․ ձևեր, բառեր, շարահյուս․ կառուցվածքներ), որոնք կենդանի լեզվի տվյալ փուլում դուրս են եկել գործածությունից, սակայն անհրաժեշտությունից մղված դրվում են գործածության մեջ։ Սովորաբար Հ-ներին փոխարինում են նորաբանությունները։ Հայ-ում Հ-յան ուրույն տեսակ են կազմում պատմ․ բառերը, որոնք արտահայտում են անցյալի հետ կապված առարկաներ, երևույթներ (սեպուհ, այրուձի, քուրմ, մեհյան ևն) և գրաբարաբանությունները, որոնք ոչ միայն գրաբարում օգտագործված բառային միավորներ ու ձևեր են (քաղաքամայր, ի հեճուկս ևն), այլև՝ բառակապակցություններ (ակն ընդ ական, խնդրո առարկա, հականե հանվանե)։ Ժամանակակից հայոց լեզվում Հ-ներն օգտագործվում են, մասնավորապես, գեղ․ գրակ․ մեջ, ոճավորման նպատակներով։


ՀՆԱԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հնէաբանության բաժին․ ուսումնասիրում է բրածո բույսերի ձևաբանությունը, անատոմիան,