Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/316

Այս էջը սրբագրված է

ժամանակակից բույսերի հետ դրանց ազգակցական կապերի, աշխարհագրական տարածման և բուսածածկի հերթափոխության օրինաչափությունները։

Հայկ․ լեռնաշխարհի բրածո բույսերի ուսումնասիրությունները սկսվել են XX դ․ սկզբից (Վ․Բոգաչով, Ա․Շիշկինա), հետագայում, 1920-ական թթ․ սկսած զբաղվել են Ա․Կրիշտոֆովիչը, Վ․Պրինադան, Ա․ Թախտաջյանը և ուր․։ Հրատարակվել են Ա․Թախտաջյանի «Հայաստանի բուսականության զարգացման պատմությունը» (ռուս․, 1946), «ՀԽՍՀ Մեղրու շրջանի Ագարակի հանքային դաշտի բրածո ֆլորան» (ռուս․, 1956) մենագրությունները։ Հնաբուսաբ․ հետազոտություններ կատարվում են ՀՀ ԳԱԱ երկրբ․ գիտությունների ու բուսաբանության ինստ-ներում և ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանական վարչությունում (Յ․Լեյե, Կ․Շիրինյան, Ն․Գոխտունի, Մ․Հարությունյան և ուր․)։

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, գիտական, հասարակական կազմակերպություններ, որոնց նպատակն է նյութական մշակույթի հուշարձանների ուսումնասիրությունն ու պահպանությունը։ Առաջին Հ․ը․ ստեղծվել են XVI դ․ (Անգլիա, Իտալիա), առավել տարածվել են XIX-XX դդ․։ Դրանցից շատերը վերածվել են կանոնավոր կերպով պեղումներ կատարող, անցյալի հուշարձանները պահպանող, վերականգնող և աշխատանքների արդյունքները հատուկ հրատ-ներում հրապարակող հետազոտ․ կարևոր կազմակերպությունների։

Հայ իրականության մեջ կարևոր դեր է ունեցել 1871-ին ստեղծված Կովկասյան հնագիտ․ կոմիտեն (հետագայում՝ Հնասերների կովկասյան ընկերություն), 1964-ից՝ Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը։


ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՀ ԳԱԱ, գիտահետազոտական հաստատություն Երևանում։ Հիմնադրվել է 1959-ին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստ-ի հնագիտ․ բաժնի և ազգագր․ խմբի հիման վրա։ 1961-ին գրակ-յան ինստ-ից Հ․ և ա․ ի․ է փոխադրվել բանահյուսության բաժինը, 1973-ին ստեղծվել է մարդաբան․ լաբորատորիա։ Ինստ-ում այժմ ԳՀ աշխատանքներ են կատարվում Հայաստանի հնագիտության, հայ ազգագրության, հայ ժող․ բանահյուսության, մարդաբանության և էթնոսոցիոլոգիայի բնագավառներում։ Ինստ-ի գործունեության մեջ կարևոր տեղ են գրավում հնագիտ․ պեղումները, արշավախմբերի միջոցով ազգագր․, բանահյուս․ և այլ նյութերի հավաքման աշխատանքները ՀՀ-ում, ինչպես նաև հարևան հանրապետություններում։ Ուսումնասիրությունները հրատարակվում են գիտ․ հաշվետվությունների, մենագրությունների և հոդվածների ձևով։ Գիտ․ մեծ արժեք ունեն ինստ-ի կողմից հրատարակվող «Հնագիտական պեղումները Հայաստանում» (1950-ից, հրտ․ 18 հ․), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (1959-ից, հրտ․ 13 գիրք), «Դիվան հայ վիմագրության» (1960-ից, հրտ․ 6 հ․), «Հայաստանի հնագիտական հուշարձանները» (1968-ից, հրտ․ 14 հ․), «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (1970-ից, հրտ․ 16 հ․) մատենաշարերը։ Տնօրեններ են եղել Բ․Առաքելյանը, Գ․Տիրացյանը, Ա․Քալանթարյանը (1993-ից)։


ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, նյութական, հիմնականում պեղածո աղբյուրների հիման վրա հին ու միջնադարյան հասարակությունն ու նրա մշակույթն ուսումնասիրող գիտություն։ Անմիջական առարկան հնագիտ․ հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտ․ մշակույթը։ Բաղկացած է ուսումնասիրության աղբյուրագիտական, վերակազմական և բացատրական աստիճաններից, փորձային (փորձի հիման վրա) և տեսական եղանակներից։ Առանձին ճյուղ է Հ-յան պատմագրությունը։

Հ-յան մեջ կիրառվում են բուն պեղումների մեթոդի համար օժանդակ այլ՝ տարբեր բնական գիտություններից վերցված մեթոդներ։ Պեղումները հնագիտական տեղեկության հայթայթման անհրաժեշտ աղբյուր են։ Դրանց մեթոդիկան պայմանավորվում է հնագիտ․ հուշարձանի յուրահատկությամբ։ Դաշտային աշխատանքների ընթացքում կիրառվում են ճարտ․, տեղագրագիտ․, շերտագր․ և ձևատիպաբան․ մեթոդները, աերոլուսանկարչությունը, ստորջրյա աշխատանքների տեխնիկան ևն։ Հնագիտ․ նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթ․ վիճակագրության և ֆիզիկայի մեթոդները։ Ժամանակագր․ հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգ․ նյութերի (փայտ, ոսկոր ևն) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանի որոշման եղանակը։ Զարգանում է նաև կավե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը։ Առանձին վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի դենդրոխրոնոլոգիան։ Հին մշակույթների բուս․ և կենդ․ աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների երկրաբանությունը, հնէաբանությունը, հնէածագումնաբան․ բուսաբանությունը, հնէակենդանաբանությունը ևն։

Հ-յան առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են ըստ ժամանակագր․ (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միջնադարյան) ու տարածական (Արմ․ Եվրոպայի, Հվ-Արլ․ Ասիայի ևն, ինչպես նաև առանձին երկրների) բաժանումների և խմբավորումների։ XVIII դարից մինչև XIX դ․ 1-ին կեսը, առանձին դեպքերում՝ մինչև XX դ․ 1-ին քառորդը, Հ․ համարվել է արվեստի պատմության ճյուղ։ Սակայն մինչև XX դ․ 60-ական թթ․ վերջը Հ․ այս կամ այն գիտության բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք։ Որոշ գիտնականներ Հ․ համարում են պատմագիտության ճյուղ, ուրիշները՝ այն դասում են բնական գիտությունների շարքը։ Վերջին շրջանում գերիշխում է այն տեսակետը, ըստ որի, Հ․ ինքնուրույն սոց․ գիտություն է՝ սերտորեն կապված ազգագրության, դրամագիտության, վիմագրության, կնքագիտության, պատմ․ սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին