Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/334

Այս էջը սրբագրված է

Երեվան-Գյումրի խճուղու մոտ, Արթիկ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։ Հ․ և Վարդաքար գյուղերի միջև, բլուրների վրա պահպանվել են կիկլոպյան ամրոցի (տարածքը՝ 4 կմ 2) մնացորդներ, պաշտպան․ հզոր պարսպի տուֆե խոշոր քարերով կիկլոպյան շարվածքի հատվածներ, հվ-արմ-ում՝ պարսպապատ միջնաբերդ, կողքին՝ սալահատակ հսկայական շինություն, շուրջը՝ քարարկղային դամբարաններ։ Բարձունքներին և լանջերին կան ուղղանկյուն կամ ձվաձև հիմքերով, հիմնականում՝ մեկ, երբեմն՝ երկու բաժանմունքով, խոշոր և միջին չափերի տուֆաքարերով շարված բնակարանների հետքեր։

1908-ի պեղումներով (Բ․ Խալաթյան) միջնաբերդում հայտնաբերված քարարկղային դամբարանների նյութերը (նիզակների երկաթե ծայրեր, դանակներ, դաշույն, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ ևն) հիմնականում վերաբերում են երկաթի դարին, առավելապես՝ մ․թ․ա․ IX-VIII դդ․։ 1914-ին ամրոցն ուսումնասիրել է ճարտ․ Թ․Թորամանյանը։ 1930-ական թթ․ հնագիտ․ հետազոտություններ են կատարել Բ․Պիոտրովսկին, Ա․Աջյանն ու Լ․Գյուզալյանը (թվագրել են մ․թ․ա․ XIII-X դդ․), 1967-ին՝ Տ․Խաչատըրյանը։ Հայտնաբերվել են մեծ մասամբ մ․թ․ա․ III_I հազարամյակների աննախշ խեցեղեն, բազալտե, տուֆե և օբսիդիանե աշխ․ գործիքներ ևն։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են դամբարաններ, միջնադարյան գերեզմանոցներ, Ս․Հռիփսիմե եկեղեցին (1861)։

Գրկ․ Хачатрян Т․С., Древняя культура Ширака, Е․, 1975․

ՀՈՌՈՄԱՅՐ, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոն, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Լոռու մարզի Օձուն գ-ից 1,5 կմ հվ-արլ․։ Մատենագրության մեջ հիշատակվում է VIII դ-ից։ Հ․ կոչվել է քաղկեդոն․ դավանությանը (հունադավանություն, հոռոմադավանություն) հետևելու համար։ Բաղկացած է երկու հուշարձանախմբից՝ տեղադրված Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին և ավելի բարձր՝ սարահարթի վրա։ Առաջին խմբի գլխ․՝ Ս․Նշան միանավ թաղակապ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները 1187-ին։ 1290-ին հավելվել է զանգաշտարակը։

Միակ՝ հս․ մուտքի սլաքաձև ավարտով եզրակալի երկու կողմում ողջ հասակով պատկերված են խաչակիր հրեշտակներ, բարավորին՝ Քրիստոսի դիմաքանդակը, ներքևից եզերված զույգ դափնետերևներով։ Ս․Նշանից հվ․, իրար կից, մեկ շարքում ավելի վաղ կառուցված նույնատիպ եկեղեցի է և մատուռ (1201)։ Համալիրի հս-ում լայնական ձգված ժամատունն է (1301)՝ ներքուստ կիսաշրջանաձև, արտաքուստ ուղղանկյուն խորանով։ Արմ-ից հարող ուղղաձիգ ժայռի տարբեր մակարդակներում անձավներ են՝ ամրացված պատերով, նաև մատուռ՝ բազալտե սրբատաշ քարերով։

Երկրորդ հուշարձանախումբը բաղկացած է գավթից և դրան երկու կողմից կից, սիմետրիկ տեղադրված մեկական միանավ թաղակապ եկեղեցիներից։ Հնագույն՝ հվ․ եկեղեցին կառուցել է Սամուել վանահայրը 1206-ին։ Արլ․ պատուհանի բարավորի վրա հիշվում է ճարտ-ի անունը՝ Գրիգոր Քարգործ։ Հատակագծում քառակուսի, անկյունագծային դասավորությամբ փոխհատվող կամարներով ուժեղացված թաղով ծածկված գավիթը և հս․ կողմի եկեղեցին կառուցվել են միաժամանակ՝ XIII դ․ կեսին։

Գրկ․ Մանուչարյան Ա․Ա․, Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, ՊԲՀ, 1979, դ 4։ Շախկյան Գ․, Լոռի․ պատմության քարակերտ էջերը, Ե․, 1986։


ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔ, X-XI դարերի հայկական ճարտարապետական հուշարձանախումբ Անիից հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի սահմաններում)։ X դ․ 1-ին կեսին հիմնադրել են Բյուզանդիայից փախած և Հայաստանում ապաստանած հայ վանականները (այստեղից էլ՝ Հոռոմների վանք անվանումը)։ Հ․վ-ից հվ․, Անի տանող ճանապարհին կանգուն են «հաղթական կամարի» (հավանաբար X-XI դդ․) դռան (Ղոշեք, որից՝ վանքի նաև Ղոշավանք անվանումը) գմբեթավոր զույգ աշտարակները։ Հ․վ․ բաղկացած է մինչև XIII դ․ կառուցված շինությունների երկու խմբից՝ Ախուրյանը երիզող ձորում և բարձրադիր լեռնադաշտի վրա։ Առաջին խմբում վանքի հնագույն կառույցներն են՝ Ս․Մինաս (930-953, հիմն․ Հովհաննես վարդապետը) և Ս․Գևորգ (1013-ից հետո) գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցի-դամբարանները, թաղածածկ մատուռ և Աշոտ Գ Ողորմած Բագրատունու (953-977) դամբարանը։ Բարձունքի վրա տեղադրված են վանքի հիմն․ կառույցները՝ շրջափակված ուղղանկյուն պարսպով, որի հս-արմ․ անկյունում միակ մուտքն է և մի կիսաբոլոր բուրգ։ Այս խմբի մեջ են Ս․Հովհաննես գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին և գավիթը (1038), հյուրատուն, մահարձաններ, մատուռներ, խաչքարեր։

Գավթի հորինվածքում հայ ճարտ․ մեջ առաջին անգամ կիրառվել են վաղ միջնադարյան ժողովասրահների, բնակելի տան՝ գլխատան որոշ կառուցող․ սկզբունքներ, և ձևավորվել է հետագայում լայն տարածում գտած գավիթների քառասյուն կենտրոնակազմ տիպը։ Բազմանիստ քանդակազարդ երդիկը պսակված է սյունակամարաշար վեղարածածկ զանգակատնով։ Ս․Հովհաննես եկեղեցուն հս-ից և հվ-ից կից են գմբեթածածկ երկհարկանի մատուռ-դամբարաններ, որոնք կառուցել է Սմբատ Բագրատունին։ Հ․վ․ եղել է Բագրատունիների տոհմական հանգստարանը (Շ․Թեքսիեի կարծիքով, հայկ․ Սեն Դնին՝ թագավորների և իշխանների դամբարանավայրը)։ Եկեղեցին և մատուռներն ունեն նույն հարթության վրա մշակված մեկ ընդհանուր արլ․