Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/336

Այս էջը սրբագրված է

րիայի բաժինների։ Շրջանավարտները կարող են ընդունվել տեղական և արտերկրի բարձրագույն ուս․ հաստատություններ կամ աշխատել վարչ․ և առևտր․ հաստատություններում։

ՀՈՎԱՆԵՍ ԿԱԶՄՈՂ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVI դարի քարգործ վարպետ։ Նրա կերտած խաչքարերից երկուսը գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում՝ ագուցված գյուղամիջի Ս․Խաչ եկեղեցու արմ․ պատի մեջ, մուտքի հվ․ (ստեղծվել է 1542-ին) և հս․ (1551-ին) կողմերում։

Առաջին խաչքարի կենտրոնում փոքր խաչ է, շուրջը՝ ուռուցիկ տառերով թվականը, ապա՝ սրանկյուն խորանն ու խաչը։ Ունի նուրբ ու գեղեցիկ քանդակներով լայն շրջանակներ։ Խորանի վերևում կազմողի հիշատակությունն է։ Երկրորդ խաչքարի կիսաշրջան խորանում խաչն է, երկու կողմերին՝ նուրբ զարդաքանդակներ, տակը՝ գունդ, որի շուրջը թվականն է ու կազմողի հիշատակությունը։

Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։


ՀՈՎԱՆՈՑԱՎՈՐՆԵՐ, նեխուրազգիներ (Umbelliferae, Apiaceae), երկշաքիլ բույսերի ընտանիք։ Բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝ թփեր կամ ցածրաճ ծառեր։

Ցողունը սնամեջ է՝ հաստացած հանգույցներով։ Տերևները հերթադիր են, առանց տերևակիցների, երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, ծաղիկները՝ կանոնավոր, մանր, երկսեռ՝ խմբված պարզ կամ բարդ հովանոցներում, երբեմն՝ գլխիկներում։

ՀՀ-ում հայտնի է 67 ցեղ՝ 134 տեսակով, որոնք աճում են ալպիական մարգագետիններից (գետնահովանոցուկ) մինչև անապատներն (օշակ) ու կիսաանապատները (սիբեխ)։ Կան ճահճային, խիստ չորասեր և միջանկյալ էկոլոգ․ ձևեր։

Խոշոր ցեղերից են անիսոնը, երընջնակը, նարդեսը, եզնակողը ևն։ Հ-ի մեջ կան վայրի և մշակովի արժեքավոր բույսեր (գազար, համեմ, սամիթ, սիբեխ, նեխուր ևն), բազմաթիվ մոլախոտեր (ջամջամ, տուրգենիա, աստղագազար, շուշանբանջար ևն)։

Շատ տեսակներ դեղաբույսեր են (սմիրնիոպսիս, մարգացնծու ևն)։ Որոշ Հ․ լավագույն եթերայուղատու են։ Հազվագյուտ, էնդեմիկ և անհետացող ավելի քան 20 տեսակ (Զեդելմեյերի մարգացնծու, Սոֆիայի գինեծաղիկ, Շովիցի նարդես, Վանատուրի երնջնակ, Վայքի ստենոտենիա ևն) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։


ՀՈՎԱՍԱՓ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XIII դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ։ Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ 1273-ին, Սկևռայում

Հ-ի ծաղկած Ավետարանի (Ստամբուլի Թոփգաբու Սարայ թանգարան, ձեռ․ № 122) մանրանկարչությունը բաղկացած է խորաններից, չորս ավետարանիչների դիմանկարներից, անվանաթերթերից, «Ծնունդ», «Մկրտություն» մեծադիր պատկերներից և լուսանցազարդերից, որոնց մերձավորությունը «Սմբատ Սպարապետի Ավետարանի» առանձին ձևավորումների հետ թույլ է տալիս Հ-ին վերագրել այդ ձեռագրի Մատթեոս և Մարկոս ավետարանիչների դիմանկարները։ Հավանորեն Հ-ին է պատկանում նաև 1270-ին Գռներում ընդօրինակված Աստվածաշնչի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 345) Մատթեոսի դիմանկարը։ 1273-ի Ավետարանի համանուն պատկերների հետ են նույնանում ստույգ թվական չունեցող, Կոպիտառում ընդօրինակված Ավետարանի (Սպահան, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի թանգարան, ձեռ․ № 57/161) «Ծնունդ» և «Մկրտություն» մանրանկարները։ Հ-ի աշխատանքների գունաշարը, դեմքերի տիպերը, զգեստների նուրբ մշակումը ևն մոտեցնում են նրա արվ․ Թորոս Ռոսլինի և նրա դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությանը։ Միաժամանակ Հ-ի գործերում ծալքավորումներն ավելի բարդ են և դեկորատիվ, նորովի են մեկնաբանված շինություններն ու բնանկարները։ Թեև Հ-ի նկարելաոճը չի ազդել Սկևռայում հետագայում ստեղծագործող ծաղկողների վրա, սակայն նրա մանրանկարների զարդաձևերը որդեգրվել են XIII դ․ 2-րդ կեսի Կիլիկիայի մանրանկարչության այլ կենտրոններում աշխատող նկարիչների ստեղծագործություններում։

Գրկ․ Der-Nersessian S․, Un évangile cilicien du 13° siècle, “Revue des études Arméniennes”, 1967, N․S․, t․ IV, p․ 103-119։ Idem, L՚art Armenien des origines au XVIIe siècle, P․, 1977, p․ 143-144; Idem, Mekhitarian A․, Armenian Miniatures from Isfahan, Bruxelles, 1986․, p․ 49․


ՀՈՎԱՍԱՓ ՍԵԲԱՍՏԱՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVI դ․ տաղասաց, մշակութային գործիչ, խմբագիր, մանրանկարիչ, վարքագիր-վկայագիր, գրիչ։ Ստեղծագործել է Սեբաստիայում։ Եղել է սարկավագ։ Հ․Ս․ նոր աստիճանի է բարձրացրել հայ միջնադարյան քնարերգությունը։ Հեղինակ է բազմաթիվ իմաստասիր․, բարոյախրատ․, պատմ․, ներբող․, տոմար․, սիրային տաղերի։ Նրա երկերում հառնում է XV դ․ 40-50-ական թթ․ Արմ․ Հայաստանի կյանքը՝ ավեր, կոտորած, աղետ («Վասն մեղացք մեր մահացու»)։ «Տեսիլ տեառն մեծին Ներսէսի» և Մուշեղ Մամիկոնյանին նվիրված չափածո երկերը ներթափանցված են հայրենասիրությամբ։ Գիտ․ որոշակի հետաքրքրություն են ներկայացնում Հ․Ս-ու տոմարագիտ․ երկերը, միջնադարյան հայրեն-կաֆաների ավանդույթով ստեղծված «Կաֆայ վասն աղեկ մանկանն Գրիգորի» (1548) բանաստեղծությունը և «Աշխահիս սահմանն է հանց» 160-տողանոց կաֆայաշարքը, ըստ էության կյանքի ու մահվան մասին բարձր արվեստով գրված փիլ․ եզրահանգումները։ Ուշագրավ են նրա «Վասն Կոկճայ նահատակին Սեբաստիոյ» (1536) և «Վասն լինելութեան