Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/337

Այս էջը սրբագրված է

արարածոց» (1548) պատմ․ բովանդակությամբ քերթվածքները։

Հ․Ս․ հայրեններ գրի առնող հայ անդրանիկ բանահավաքներից է։ Նա զբաղվել է թարգմ-խմբագր․ գործունեությամբ և պատմաժամանակագր․ նյութերի հավաքմամբ։ Կրոն․ երկի բանաստեղծ․ մշակման ինքնատիպ փորձ է «Երինե կույսի վկայությունը», որը հարստացրել է բազմաթիվ ինքնագիր կաֆաներով։ Բազմազան են բանաստեղծի ստեղծագործ․ աղերսները միջնադարում լայն տարածում գտած «Պատմութիւն Աղէքսանդրի Մակեդոնացւոյ» երկի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացին իր դյուցազն․ նկարագրով մեծապես կանխորոշել է Մուշեղ Մամիկոնյանի կերպարի շատ կողմեր, կան բառացի նույնություններ այլևայլ նկարագրություններում։ 1535-ին Հ․Ս․ ստեղծել է մի բարձրարժեք ինքնագիր ձեռագիր (Բեռլինի Ազգ․ գրադարան, № 805), որտեղ, ի թիվս «Աղուանից գիր» և այլ գրվածքների, ընդօրինակել, խմբագրել և պատկերազարդել է Աղեքսանդրի պատմությունը՝ թողնելով չափածո հիշատակարան, որը բանաստեղծի մասին ամենավաղ տեղեկությունն է։ Նկարազարդել է իր գրակ․ երկերն ու ընդօրինակած գրչագրերը։ Մեզ են հասել Հ․Ս-ու ինքնագիր Հայսմավուրքը, չափածո հիշատակարանները (Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ․ № 172, Երուսաղեմի Ս․Հակոբյանց վանք, ձեռ․ № 1455, Մատենադարան, ձեռ․ № 3425 ևն)։

Երկ․ Բանաստեղծություններ, աշխատասիր․ Վ․Պ․ Գևորգյանի, Ե․, 1964։

Գրկ․ Հովսեփյան Գ․, Հովասափ Սեբաստացի, «Արարատ», 1918, էջ 245-248։ Սիմոնյան Հ․, Հայ միջնադարյան կաֆաներ, Ե․, 1975։ Պատմութիւն Աղէքսանդրի Մակեդոնացւոյ, աշխատասիր․ Հ․Սիմոնյանի, Ե․, 1989։


ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ, Հաուըրտ Գարակեոզյան հաստատություն, բարեսիրական կազմակերպություն։ Հիմնել են Միհրան և Զաբել Կարագյոզյանները 1921-ին, Նյու Յորքում և այն կոչել ի հիշատակ իրենց վաղամեռիկ որդու՝ Հովարդի անունով։ Հաստատության առաջին գործն է եղել Կ․Պոլսում հիմնել Հովարդ Կարագյոզյան պատանեկան տունը, ուր ապաստան են գտել 70 դեռատի հայ որբեր։ Երեք տարի հետո, քաղ․ աննպաստ պայմանների հետևանքով, որբերը տեղափոխվել են Ֆրանսիա, ուր նրանց են միացել Հունաստանից տարված որբերը։ Հ․Կ․հ․ այստեղ գործել է մինչև 1936-ը՝ կրթություն տալով ու արհեստ սովորեցնելով շուրջ 200 որբերի։ 1938-ից Հ․Կ․հ․ մանկաբուժական հիվանդանոցներ է բացել Աթենքում (ուր նաև կառուցել է բնակարան 50 ընտանիքի համար), Այնճարում և Բեյրութում (Լիբանան), Հալեպում և Կամիշլիում (Սիրիա), հատկապես տրախոմայի և մալարիայի դեմ պայքարելու համար։ Հետագայում այս հիվանդանոցները վերածվել են ամբողջական սոցիալ-բժշկական կենտրոնների, իրենց խնամքը տարածելով նաև ավագների, դպրոցի և միջավայրի վրա։ 1996-ին հաստատությունն ուներ մանկաբուժական, ակնաբուժական և ատամնաբուժական հիվանդանոցներ, դպրոցական առողջապահության, թոքախտի դեմ պայքարի, կանանց հիվանդությունների և հղի կանանց, սոցիալական օգնության բաժիններ, առտնին դաստիարակության կենտրոններ, հայ գաղութների բարելավման ձեռնարկներ։

1993-ի ապրիլի 27-ից գործում է հաստատության Հայաստանի մասնաճյուղը։ 1995-ին մասնաճյուղ է բացվել Գյումրիում, 1996-ին՝ Ստեփանակերտում և Գորիսում։ Երևանում գործում են հաստատության 5 ատամնաբուժական կաբինետներ, Գյումրիում՝ 4, 2-ական՝ Գորիսում և Ստեփանակերտում։ Երևանի մասնաճյուղում գործում են նաև անվճար ասեղնագործության, փայտի մշակման և նկարչության խմբակներ, ուր ներգրավված են Նորք թաղամասի 12-15 տարեկան 50 պատանիներ ու աղջիկներ։

Հ․Կ․հ․ տարբեր երկրներում ունի 100-ից ավելի պաշտոնյաներ։ Նյու Յորքի հանձնախմբի նախագահն էր Մ․ և Զ․ Կարագյոզյանների դուստր Լեյլա Կարագյոզյանը (1933-99), Միջին Արևելքի ընդհանուր տնօրենն է վերապատվելի Ռոպեր Սարգիսյանը (1970-ից, Բեյրութ), Սիրիայի բաժնի տնօրենը՝ դոկտոր Պետրոս Տարագճյանը (1980-ից), Հայաստանի կենտրոնի տնօրենը՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը (1993-ից)։


«ՀՈՎԻՎ», հոգևոր, բարոյական, հասարակական, մանկավարժական և պատմական պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1906-10-ին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատ․ Եզնիկ ավագ քահանա Երզնկյան։ Լուսաբանել է հայ եկեղեցու պատմությունն ու ընթացիկ խնդիրները, նպաստել հոգևոր դասը բարեփոխելու, դարասկզբին ժողովրդի և եկեղեցու միջև ստեղծված անջրպետը վերացնելու, եկեղեցու դերը բարձրացնելու գործին, մեծ տեղ է հատկացրել հայ-ին ու հայագիտությանը, հայոց պատմությանը, կրթության ու մանկավարժության զարգացմանը, եկեղեց․ երաժշտությանը, նպաստել ընտանիք-դպրոց կապի ամրապնդմանը ևն։ Տպագրել է կոնդակներ, կրոն․ և բարոյախոս․, գրակ-գեղ․ գործեր, անդրադարձել հայ գրողների, մշակութ․ ու եկեղեց․ գործիչների կյանքին ու գործունեությանը։ 1910-ի ապրիլից «Հ․» շարունակվել է «Հովիտ» անվամբ։


«ՀՈՎԻՏ», ազգային, հասարակական, գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1910-17-ին, Թիֆլիսում, «Հովիվ»-ի (1906-10) շարունակությունը։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Հ․Հովսեփյան (1910-ին), Եզնիկ ավագ քահանա Երզընկյան։ Լուսաբանել է հաս․, քաղ․, գրակ․, պատմ․, դպրոց․, մանկավարժ․, ինչպես նաև եկեղեց․ հարցեր։ Անդրադարձել է Արմ․ Հայաստանի և տեղի հայության վիճակին, բողոքել հայկ․ կոտորածների և Թուրքիա