Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/343

Այս էջը սրբագրված է

ռուցել է տվել Վաղարշապատի, Դվինի եկեղեցիները, հիմնել Տեկորի տաճարը։ 484-ին պատմ․ պայմանների թելադրանքով կաթողիկոս․ աթոռը Վաղարշապատից փոխադրել է երկրի քաղ․ կենտրոն՝ Դվին։ Մեծ վաստակ ունի եկեղեցու բարենորոգման գործում, հաստատել է հայոց եկեղեցու աղոթքների և ժամերգությունների կարգը, սահմանել ծեսեր, կազմել «Մաշտոց» ծիսարանը, ընդարձակել ժամագիրքը, ստեղծել կանոններ։ Հորինել է շարականներ, աղոթքներ, քարոզներ, ճառեր, մեկնություններ։ Հուն-ից թարգմանել է հատվածներ «Գործք առաքելոցից», «Լույս զվարթ» օրհներգությունը, պատարագներ։ Մասնակցել է միաբնակության և երկաբնակության վեճերին՝ պաշտպանելով միաբնակությունը։ «Գիրք թղթոցի» ձեռագրերում ընդօրինակված է «Երանելոյն Յովհաննու հայոց եպիսկոպոսապետի Ապացոյց յերկուց բնութեանց ասել զփրկիչն և կամ մի բնութիւն» դավանաբան․ երկը՝ ընդդեմ Քաղկեդոնի ժողովի և քաղկեդոնականության։ Հ․ Ա Մ-ու գրչին են պատկանում նաև «Յաղագս պահոցն քառասուներորդացն» («Շողակաթ», ժող․, 1913) կանոնագր․ ճառը։ Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» մեջ շարադրված է նրա հրապարակախոս․ մի ելույթ։ Հ․ Ա Մ-ու երկերի լեզուն հստակ է, մաքուր։

Գրկ․ Կարապետ Եպիսկոպոս, Հովհան Մանդակունի և Հովհան Մայրագոմեցի, «Շողակաթ», գիրք 1, Վաղ-պատ, 1913։ Սարգիսյան Բ․, Քննադատութիւն Յովհան Մանդակունւոյ և յուր երկասիրութեանց վրայ, Վնտ․, 1895։ Ակինյան Ն․, Տեր-Պողոսյան Պ․, Մատենագիտական հետազոտություններ, Հովհաննես Ա կաթողիկոս (Մանդակունի), ՀԱ, 1971, № 4-12։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՆԿՅՈՒՐԱՑԻ, Ջուաննի Մոլինո (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVII դարի տպագրիչ, հասարակական գործիչ։ 1630-ական թթ․ կեսին Զմյուռնիայում եղել է Վենետիկի դեսպանի թարգման, 1637-41-ին՝ Կ․Պոլսի հայոց պատրիարքի ներկայացուցիչը Հռոմում։ Այդ ընթացքում տպատառեր է ձուլել տվել և ջանացել Հռոմում հայ․ Աստվածաշունչ տպագրել։ Հաջողության չհասնելով, գնացել է Վենետիկ և հույն Սալիգադաուի տպարանում 1642-ին իր տառերով տպագրել Սաղմոսարան, 1643-ին՝ Ներսես Շնորհալու «Յիսուս որդին»։

Հ․Ա-ու հրատ-ները տպագր․ բարձր արվեստ ունեն։

Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմություն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմություն, Ե․, 1977։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳԵՐԵՑ ԼԵՀԱՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XIII դարի 1-ին կեսի ժամանակագիր։ Նրա ժամանակագրությունը (կազմել է 1225-ին) ընդգրկում է մ․թ․ սկզբից մինչև 1032-ի համաշխ․ պատմության զանազան իրադարձությունների համառոտ նշումներ (սյունակներով)։ Առաջին սյունակում նշված են տարեթվերը (556-1032-ին՝ հայկ․ թվականով), երկրորդում՝ հռոմ․, բյուզ․ կայսրերի, երրորդում՝ պարսկ․, հայկ․ թագավորների, Հայոց կաթողիկոսների գահակալության տարիները ևն։

Երկ․ Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ․, հ․ 2, Ե․, 1956, էջ 1-27 (կազմ․ Վ․Հակոբյան)։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐԾԿԵՑԻ, XV դարի 2-րդ կեսի գրիչ։ Սովորել և գործել է Մեծոփավանքի գրչության դպրոցում։ Ընդօրինակություններ է կատարել Արծկեում, Բաղեշում, Մազուքում, Կաժում և այլուր։ Ընդօրինակությունները պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում, Վենետիկում, ԱՄՆ-ում, Սանկտ Պետերբուրգում և այլուր։ Հ․Ա․ ընդօրինակությունների վերջում իր հիշատակարանները հաճախ գրել է չափածո։ Երբեմն համագործակցել է ծաղկող Մինասի հետ, որը նկարազարդել է նրա ընդօրինակած մատյանները։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՃԻՇԵՑԻ Ոսպնակեր (ծ․թ․ անհտ․ - 1327, Քաջբերունիք), գրիչ։ Քաջբերունիք գավառում եղել է ուսուցիչ, քարոզիչ, մատենագիր։ Գրել է «Մեկնութիւն պատարագի», որը Խոսրով Անձևացու և Ներսես Լամբրոնացու նույնանուն երկերի համառոտումն է։ Ունի նաև այլ գործեր։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՔԱԵՂԲԱՅՐ (1220-ական թթ․ - 1289), մշակութային գործիչ, մանկավարժ-րաբունապետ, բանաստեղծ, խմբագիր, գրիչ, ծաղկող՝ Կիլիկյան Հայաստանում, Կոստանդին արքահոր կրտսեր որդին՝ նրա Բեատրիչե կնոջից, Հեթում Ա թագավորի համահայր կրտսեր եղբայրը, որից էլ՝ Արքաեղբայր մականունը։ Մկրտության անունը՝ Պաղտին։ Սովորել է Դրազարկի վանքում։ 1259-ին նշանակվել է Լեռնային Կիլիկիայի Մոլևոնի և Բարձրբերդի գավառների հոգևոր առաջնորդ-արքեպիսկոպոս։ Հիմնադրել է Գռների գրչության դպրոցը, դարձել նրա րաբունապետը։ Գռներում և Ակներում Հ․Ա-ի մասնակցությամբ կատարվել են թարգմանություններ, հնագույն ձեռագրերի վերծանություններ և սրբագրություններ։ Նրա «դպրոցի» մանրանկարիչների մշակած ոճին բնորոշ է մարդկային մարմնի համաչափությունների ճիշտ վերարտադրությունը, կատարման յուրահատուկ գրաֆիկ․ տեխնիկայի կիրառումը։ Հ․Ա-ի «դպրոցը» սերտ կապերի մեջ է եղել Գլաձորի համալսարանի հետ։ Նրա սաներից են գրիչ և մանրանկարիչ Գրիգոր Պիծակը, գրիչ, մանրանկարիչ և որմնանկարիչ Ստեփանոս Վահկացին, Կոստանդին և Բարսեղ գրիչները։ Հ․Ա․ որպես գրիչ մասնակցել է մի շարք ընդօրինակությունների (1272, 1287 և 1289-ին գրված Ավետարանները) և միագույն զարդարել դրանք․ Մատենադարանում պահպանվել են նրա ձեռքով գրած և ստացած շուրջ երկու տասնյակ ձեռագրեր։

Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Ազարյան Լ․Ռ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ․ Ե․, 1964։