Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/353

Այս էջը սրբագրված է

մանկավարժ, բանաստեղծ։ Ծնվել է քահանայի ընտանիքում։ Սովորել է Հաղպատի վանքում, կրթությունը շարունակել է Անիում։ Հավանաբար 70-ական թթ․ ղեկավարել է Անիի դպրոցը։ Հետագայում գլխավորել է Հաղպատի դպրոցը։ 1084-ին Հ․Ս․ ստեղծել է Հայոց փոքր թվականը, որը կոչվել է «Սարկավագագիր»։ Վերականգնել և զարգացրել է «ամենայն նսեմացեալ և խամրացեալ գիտութիւնք»։ Մեծ համբավ է վայելել նաև վրաց եպիսկոպոսների շրջանում և արքունիքում։ Բազմակողմանի և խոր գիտելիքների համար հռչակվել է «Իմաստասեր», «Մեծ սոփեստես», «Աստվածային փիլիսոփա», «Պոետիկոս», «Վարդապէտն մեծ» ևն։ Հ․Ս․ անդրադարձել է աստվածաբանության, բնագիտության, բարոյագիտության, սոց-քաղ․ ուսմունքի և այլ բնագավառների հարցերին, մեկնել անտիկ և քրիստոնյա մտածողների երկերը։

Հ․Ս․ առաջադրել է միջնադարի համար նոր՝ մեթոդաբան․ սկզբունքներ։ Ըստ նրա՝ գիտելիքի ձեռքբերման անհրաժեշտ պայմանը բնագիտ․ իմացությունն է, առանձնացրել է «բնախօսութիւն»-ը և աստվածաբանությունը, ճշմարտությունը համարել է միաժամանակ և՛ բացարձակ, և՛ հարաբերական, փորձը՝ ճշմարտության միակ չափանիշ։ Թեև աշխարհի առաջացումը Հ․Ս․ բացատրում է կրոնական դիրքերից, գտնում է, որ արարումից հետո այն գոյություն ունի օբյեկտիվորեն։ Աշխարհը կազմված է չորս տարրերից (հող, ջուր, օդ, հուր), որոնք և «զանազանին», «փոխարկին ի միմեանս» և օժտված են 4 «սկզբնական» որակներով։ Տարրերի հավիտենությունն ու անոչնչանալիությունը միաժամանակ բնության մշտնջենականության հիմքն են։ Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները հնի ու նորի պայքարի հետևանք են։ Հ․Ս․ աստծու գոյության տիեզերագիտ․ ապացուցման, աստվածաբան․ դրույթների բանական հիմնավորման կողմնակից է։ Արտաքին աշխարհը ճանաչելի է։ Իմացությունը՝ չիմացությունից իմացությանը, թերի գիտելիքից առավել հավաստի գիտելիքին հասնելու երկարատև գործընթաց է։ Անցնում է երկու փոխկապված աստիճան՝ զգայական և բանական։ Մերժում է բնածին գաղափարների գոյությունը։ Իմացության նպատակն է ճշմարտության որոնումը։ Հ․Ս-ի «բնախօսութիւնք»-ը և իմացաբանությունը նրա նոմինալիզմի հիմքը դարձան։

Հ․Ս․ ստեղծել է արվեստի ընդհանուր տեսություն։ Նրա գեղագիտ․ ուսմունքը հիմնականում շարադրված է «Բան իմաստութեան․․․» պոեմում, որտեղ համադրվում են անտիկ շրջանի երկու միտումները՝ բնության վերարտադրումը որպես գեղ․ ստեղծագործության բաղադրամաս և որպես արվեստի ծագման հիմք։ Յուրաքանչյուր ճշմարիտ արվեստ, այդ թվում՝ պոեզիան ու երաժշտությունը, պետք է մշտապես ձգտի ու անվերջ մոտենա բնությանը, սակայն անկարող է հասնել նրա կատարելությանը։ Այն արվեստի յուրատեսակ իդեալն է։ Մարդկային արվեստը բաժանվում է բնական՝ բնածին ունակության, և ձեռքբերովի արվեստի։ Ըստ Հ․Ս-ի՝ արվեստն ունի լուսավորական, հաղորդական, հեդոնիստական, դաստիարակչական ֆունկցիաներ, ինչպես նաև պետք է արտացոլի դարաշրջանի հակասությունները։ Գեղարվեստ․ ստեղծագործության կարևորագույն նախապայմաններից է «հայտնութիւնը», հասկացություն, որն ունի երկու նշանակություն՝ իբրև բնական շնորհ, տաղանդ և իբրև աստվածային ներշնչում, որ սահմանափակվում է «Ս․ գրքերի» և հոգևոր երաժշտության շրջանակներով։ Երկրի քաղ․ անկայունության պայմաններում, որպես օտար լծից ազատագրվելու և ազատություն նվաճելու միակ ճանապարհ համարում է հայ ժողովրդի միաբանությունը։ Հ․Ս․ ոչ միայն դպրոցական գործի բարենորոգիչ է, այլև մշակել է ընդհանուր մանկավարժ․ տեսություն, մեթոդական, ուսուցող․ սկզբունքների համակարգ՝ խարսխված նախորդ հայ մտքի վրա։ Նրա տես․ և գրակ․ ժառանգությունը, մեթոդաբան․ սկզբունքները որոշիչ դեր խաղացին հայոց գիտության, մշակույթի և լուսավորության հետագա զարգացման գործում։ Հ․Ս․ որպես երաժշտագետ և երգահան նպաստել է խազագրության, սաղմոսերգության, շարականների հորինման զարգացմանը։ Նրա՝ Ղևոնդյանց հիշատակի՝ «Անճառելի բանդ Աստված»-ը զարգացնելով Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարականի լավագույն հատկանիշները նախապատրաստել է Ներսես Շնորհալու՝ Ավարայրի ճակատամարտի հերոսներին ոգեկոչող «նորահրաշ պսակաւոր»-ը։

Երկ․ Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը, աշխատասիր․ Ս․Գ․Աբրահամյանի, Ե․, 1956։ Սոփերք Հայկականք, հ․ 3, 5, Վնտ․, 1853, հ․ 17, Վնտ․, 1854։

Գրկ․ Միրումյան Կ․Ա․, Հովհաննես Սարկավագի աշխարհայացքը, Ե․, 1984։ Թահմիզյան Ն․, Հովհաննես Սարկավագ Իմաստասերը և հայ միջնադարյան երաժշտական մշակույթը, «Բազմավեպ», 1978, № 3-4։ Աբեղյան Մ․, Հայոց հին գրականության պատմություն, Երկ․, հ․ 4, 1970։