Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/355

Այս էջը սրբագրված է

Գրկ․ Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Ե․, 1974։ Հովսեփյան Գ․, Տիրացու Հովհաննես տաղանդավոր նկարիչ ԺԸ դարու առաջին քառորդում, տես նրա Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ․ 1, Ե․, 1983։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՒՍՏԱ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVII դարի ճարտարապետ։ 1644-66-ին ճարտ․ Դավիթ Ուստայի հետ հիմնովին նորոգել է Սյունիքի Երնջակ գավառի Ապրակունիս գ․ մոտ գտնվող Ս․Կարապետ վանքի եկեղեցին, գավիթն ու սրահը։ Եկեղեցին ուշ միջնադարի հայկ․ ճարտ-յան լավագույն նմուշներից է՝ կառուցված քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, սրբատաշ բազալտով, գմբեթը՝ աղյուսով։

Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՐՄԱՏԱՆԵՆՑ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVII դարի տպագրիչ, քահանա։ Բնակվել է Բաղեշում, ապա՝ Լվովում։ 1615-ին Լվովի հայկ․ թաղամասում, հայոց Ս․Աստվածածին եկեղեցու մոտ, տպարան է սարքավորել և 1616-ին տպագրել Սաղմոսարան (պահպանված միակ օրինակը Վենետիկի Մխիթարյան մատենադարանում է)։ 1618-ին հայատառ ղփչաղերեն տպագրել է «Աղօթք հասարակաց» (պահպանված միակ օրինակը Հոլանդիայի Լայդեն ք․ համալսարանի գրադարանում է), մի Բժշկարան (օրինակ չի պահպանվել)։ Ենթադրվում է, որ 1630-ին Լվովում հրատարակված լեհ․ մի գիրք՝ ուղղված հայերի կաթոլիկացման դեմ, նույնպես տպագրվել է այդ տպարանում։ Հ․Ք-ի տպագր․ գործունեությունը կարևոր նշանակություն է ունեցել Հվ-Արլ․ Եվրոպայի հայ բնակչության մշակութ․ կյանքում։ «Աղօթք հասարակացը» մեսրոպատառ առաջին տպագիր գիրքն է խոսակց․ լեզվով՝ որպիսին էր այն ժամանակ ղփչաղերենը Լվով-Ստանիսլավի շրջանի հայության մեծ մասի համար։

Գրկ․ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմություն, Ե․, 1977։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՌՆԵՑԻ (մոտ 1290-92, Քռնա - 6․1․1347, Քռնա), ունիթորության տեսաբան, թարգմանիչ, քերական։ Ավարտել է Գլաձորի համալսարանը, աշակերտել է Եսայի Նչեցուն, ապա մեկնել Մարաղա։ 1330-ին կաթոլիկ եկեղեցու կողմից նշանակվել է Երնջակի դոմինիկյանների առաջնորդ, դարձել հայ քարոզող եղբայրների տեսաբանն ու ղեկավարը։ Լատ-ից հայ․ է թարգմանել ծիս․ և իմաստասիր․ գրքեր (Թովմա Աքվինացու «Աստվածաբանության հանրագումարի» առանձին բաժիններ ևն)։ Հ․Ք-ի «Յաղագս քերականին» (հրտ․ 1977) աշխատությունը նորություն էր հայ քերականագիտ․ գրակ․ մեջ։ Նա չէր հետևում Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արուեստի» նախորդ հայ մեկնիչներին, այլ տալիս էր հայ-ի ամբողջ․ նկարագիրը՝ առավելապես հիմնված լատ․ քերակ․ ավանդների վրա։ Խոսքի մեջ բառերի կապակցությունների կառուցվածքի ուսմունքն առաջին անգամ քննված է այս երկում․ այն կարելի է համարել հայ-ի շարահյուսության առաջին համակարգված դասընթացը։


ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ Եղիա (1886-1949), հրապարակախոս, հայագետ։ Իրավաբանության դ-ր։ Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Հաստատվել է հունգ․ Գյոդեոլեո քաղաքում, հիմնել և խմբագրել է «Գյոդեոլեոյի լրագիր» թերթը։ «Հայաստանի ժողովուրդը» (1934, հունգ․) աշխատության մեջ շարադրել է հայ ժողովրդի ու նրա մշակույթի ընդհանուր պատմությունը։ «Երկրի հայերը հայրենիքի պաշտպանության մեջ» (1940, հունգ․) երկում բացահայտել է հայերի դերը Մերձ․ Արլ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։ «Ընտիր էջեր հայ գրականությունից» (1942, հունգ․) գործում տվել է հայ գրակ-յան V-XIX դդ․ համառոտ պատմությունը։


ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ Միքայել Հովհաննեսի (1․5․1910, Խարբերդ - 10․7․1994, Վենետիկ), պատմաբան-բանասեր, աշխարհագրագետ, բանաստեղծ, մանկավարժ։ Սովորել է Վենետիկի Ս․Ղազարի վանքում (1924-30), ապա՝ Հռոմի համալսարանում։ 1939-49-ին դասավանդել է Եգիպտոսի, 1949-56-ին՝ Հալեպի Մխիթարյան վարժարաններում։ 1970-ից՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանի դասախոս։ 1962-ին լույս է տեսել Հ-ի «Գարնան հովեր» բանաստեղծությունների ժող․։ Արժեքավոր է Հայաստանի բերդերի և ամրոցների պատմությանը նվիրված ուսումնասիրությունը՝ «Հայաստանի բերդերը» (1970)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աբգար Հարությունի (1849, Թիֆլիս - 14․4․1904, Բաթում), հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Փիլ․ գիտ․ դ-ր։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի փիլ․ ֆակ-ի տնտեսագիտ․ բաժինը։ 1879-1904-ին՝ Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկի կառավարիչ, միաժամանակ, 1879-80-ին՝ Թիֆլիսի հայկ․ թատրոնի տնօրեն, 1880-89-ին՝ իր իսկ ստեղծած «Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերության» նախագահ։ 1876-81-ին լույս է ընծայել «Փորձ» հանդեսը, 1882-98-ին՝ «Արձագանք» պարբերաթերթը, որտեղ տպագրել է ֆելիետոններ Մախլաս կեղծանունով։ 1886-ին հայագետ Արթուր Լայստի գործակցությամբ հիմնադրել է «Armenische Bibliothek» մատենաշարը և երկու հատորով (գերմ․) հրատարակել հայ գրակ-յան ընտիր նմուշներ։ Մասնակցել է Բեռլինի համալսարանի պրոֆ․ Ֆրանց Ֆինկի «Հանդես հայա