Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/357

Այս էջը սրբագրված է

ժամանակաշրջանից (V դ․) մինչև XIX դ․ 2-րդ կեսը։ 1960-ական թթ․ վերջին հրատարակել է մի շարք հոդվածներ, որոնք «Ուրվագծեր XIX դ․ 2-րդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական կուսակցությունների պատմություն» չհրապարակված աշխատության առանձին մասեր են։ Նրանցում քննարկված են հայ քաղ․ կուս-ների կազմավորման, նրանց գաղափարախոսության և գործելակերպի բարդ հարցերը։

Հ․ մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստ-ի հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծմանը, եղել նրա գլխ․ խմբագիրը և հեղինակը (հհ․ IV, V, VI)։ Կազմել և հրատարակել է (Վ․Հակոբյանի հետ) XVII դ․ հայ ձեռագրերի հիշատակարանները (հ․ 1,2, 1974, 1977)։ Խմբագրել է «Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դ․ առաջին երեսնամյակին» փաստաթղթերի ժող․ (1964, ռուս․)։ ՀԽՍՀ պետ․ մրց․ (1985, հետմահու)։

Երկ․ Ֆրիկը պատմաքննական լույսի տակ, Ե․, 1955։ Հուշեր և բնութագրումներ, Ե․, 1969։

Գրկ․ Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան, Ե․, 1973 (Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները, № 14)։ Խուդավերդյան Կ․, Աշոտ Հովհաննիսյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), ՊԲՀ, 1987, № 3։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արիստակես (1812-1878), երաժշտական գործիչ, ձայնագրագետ, Հ․Լիմոնճյանի աշակերտն ու գործի շարունակողը։ Լրացրել է Նոր հայկական ձայնագրության տևողության նշանները, սահմանել դրանց անունները, արագության չափերը, փորձել ձայնանիշերին միավանկ անուններ տալ, որոնք, սակայն, հետագայում չեն կիրառվել։ Եղել է Կ․Պոլսի Գում-Գափու եկեղեցու դպիրը, Լիմոնճյանի մահից հետո՝ նաև Մայր վարժարանի երաժշտության դասատու, գրառել է շարականներ, Գ․Երանյանի հետ ձեռնարկել է եվրոպ․ նոտագրությամբ հայ առաջին երաժշտ․ հանդեսի՝ «Քնար արևելյան□-ի հրատարակությունը (1857)։ Գրել է հոգևոր թեմաներով երգեր, «Լևոն Առաջին իշխան Կիլիկիո և որդի նորին կույր Ռուբեն» երգախառն թատերգության երաժշտությունը (բեմ․ 1872)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արմեն Արշավիրի (ծ․ 10․3․1936, Թավրիզ), հրապարակագիր, թարգմանիչ։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1958)։ 1966-83-ին՝ ՀՀ պետհեռուստառադիոյի երաժշտ․ հաղորդումների գլխավոր խմբագիր։ Ռուս-ից թարգմանել է Ի․ Բաբելի («Հեծյալ բանակը», 1967), Ա․ Կուպրինի («Յամա», 1975), Յու․ Օլեշայի («Նախանձ։ Ամեն օր գոնե մի տող», 1977), Վ․ Շուկշինի («Պատմվածքներ», 1979), Մ․ Բուլգակովի («Վարպետը և Մարգարիտան», 1985), Ա․ Տոլստոյի («Պյոտր Առաջին», 1988), Ա․ Ռիբակովի («Արբատի զավակները», 1988, ՀԳՄ Ե․ Չարենցի անվ․ մրց․, 1990), Ա․ Սոլժենիցինի («Արխիպելագ Գուլագ», 1994) և այլ հեղինակների ստեղծագործություններ։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արմենակ Արսենի [ծ․ 28․2․1913, գ․ Մեծ Սալա (Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում)], գվարդիայի սերժանտ, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (8․8․1944, 27․2․1945, 19․5․1945)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ Փառքի շքանշանների արժանացել է Դնեստր գետի արմ․ ափին հենակետ գրավելու, Վիսլա գետի արմ․ ափին նվաճված հենակետն ընդարձակելու, թշնամու գերազանց ուժերին դիմադրելու և Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Բագրատ Գալուստի (13․8․1929, Բաքու - 6․4․ 1990, Երևան), կինոռեժիսոր։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1988)։ 1938-ից ապրել է Պարսկաստանում, հայրենադարձվել 1946-ին։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1956)։ 1961-64-ին և 1966-69-ին աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայի սցենար-խմբագր․ կոլեգիայում, 1969-ից՝ ռեժիսոր, 1965-ին՝ ռեժիսոր-ստաժոր Մոսֆիլմ կինոստուդիայում (մասնակցել է Ա․Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի ստեղծմանը)։ Առաջին ինքնուրույն ժապավենը «Աղքատի պատիվը» (1969, ըստ Հ․Թումանյանի) կարճամետրաժ գեղ․ ֆիլմն է։ Հ-ի հետագա կինոնկարներին՝ «Հնձան» (1973), «Աշնան արև» (1977), «Տերը» (1987, երկուսն էլ՝ սց․ Հ․Մաթևոսյան), «Ադամամութ» (1988, ըստ Վ․Գրիգորյանի համանուն վեպի) բնորոշ են ժող․ բնավորության շերտերի և կյանքի սուր հակասությունների մեջ թափանցելու միտումը, ազգ․ հարուստ նկարագիրը, գեղ․ լուծումների խորությունը։