Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/36

Այս էջը սրբագրված չէ

ին, Փարիզում։ Խմբագիրներ՝ Մ․Պաղտասարյան, Հ․Շավարշ (Սյուզմեճյան)։ Նպաստել է երիտասարդության ընդհանուր մակարդակի բարձրացմանը, հրապարակել նյութեր միջազգ․ ճանաչում ունեցող գիտնականների և նրանց հայտնագործությունների մասին։ Գրակ․ բաժնում տպագրել է գեղ․ գործեր, բանասիր․ և լեզվաբ․ նյութեր։ Անդրադարձել է նաև առողջապահության, կրթության հարցերին։


ՀԱՄԱԽԱՐԲԵՐԴՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, խարբերդցի հայերի հայրենակցական միություն։ Հիմնվել է 1926-ին՝ դեռևս 1880-ական թթ․ Բոստոնում (ԱՄՆ) գործող Խարբերդի, Հյուսեյնիկի, Քեսիրիկի, Բազմաշենի և այլ կրթասիրաց և ուսումնասիրաց ընկերությունների, «Եփրատ» սանուց միության միավորումով։ Նպատակն էր Հայաստանում հիմնել Նոր Խարբերդ ավան։ 1928-ի մարտի 21-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ 1091 հա հողատարածություն է հատկացվել այդ ավանի կառուցման համար, ուր բնակություն են հաստատել (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում) Հունաստանից (1932), Ֆրանսիայից (1936), Սիրիայից, Լիբանանից, Ռումինիայից, Բուլղարիայից ներգաղթած խարբերդցիներ։ Հ․մ-յան կենտրոնը Բոստոնում է, մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի քաղաքներում, սերտ կապերի մեջ է Նոր Խարբերդի հետ։ Միությունը հրատարակել է «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը» (1959, կազմել է Վահե Հայկը) պատմ․, մշակութ․ և ազգագր․ հուշամատյանը։


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐ, կայացել են Երևանում՝ 1999-ի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը։ Խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցվել է «Հրազդան» մարզադաշտ, որտեղ Ա․Ազարյանը բոցավառել է խաղերի ջահը։ Խաղերին մասնակցել են ՀՀ և ԼՂՀ 24 և արտասահմանյան 21 պետությունների 38 քաղաքների 1141 մարզիկ-մարզուհի։ Խաղերի ծրագրում ընդգրկվել են 7 մարզաձևեր՝ բասկետբոլ, թեթև աթլետիկա, թենիս, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ և ֆուտբոլ։ Խաղերի ժամանակ խաղարկվել են ոսկե, արծաթե և բրոնզե 37-ական լրակազմ մեդալներ։


ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԽՖՍՀ ՄԻՋԵՎ 1920 ՕԳՈՍՏՈՍԻ 10, ստորագրվել է Թիֆլիսում, ՌԽՖՍՀ (Բ․ Լեգրան և ուր․) և Հայաստանի Հանրապետության (Ա․ Ջամալյան և ուր․) կառավարությունների պատվիրակությունների միջև։ Բանակցություններն սկսվել են օգոստ․ 6-ին և տևել մինչև օգոստ․ 10-ը, ու այդ օրն էլ ստորագրվել է համաձայնագիրը։ Այն բաղկացած էր նախաբանից և 6 հոդվածներից։ Նախաբանում ասված էր, որ ՌԽՖՍՀ ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունն ու լիակատար ինքնուրույնությունը։ 1-ին հոդվածով օգոստ․ 10-ից դադարեցվում էին ռազմ․ գործողությունները ՌԽՖՍՀ և ՀՀ միջև։ Հայկ․ զորքերը Նախիջևանի հատվածում զբաղեցնում էին Շահթախթի_Խոկ_Ազնաբերդ_Սուլթանբեկ և այնուհետև՝ հս․ ու Բազարչայից արմ․ գիծը, իսկ Ղազախի գավառում՝ մինչև հուլիսի 30-ը զբաղեցրած գիծը։ ՌԽՖՍՀ զորքերը զբաղեցնում էին վիճելի համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, բացի հայկ․ զորքերի կողմից զբաղեցվող վերը նշած շերտի (հոդված 2)։ Խորհրդ․ զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չպետք է կանխորոշեր դրանց նկատմամբ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը։ Այդ տարածքների ժամանակավոր գրավումով ՌԽՖՍՀ նպատակ ուներ նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի խաղաղ լուծման համար, այն հիմունքներով, որոնք կհաստատվեին ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք հաշտության պայմանագրում (հոդված 3)։ Կողմերը պարտավորվում էին նաև զորքեր չկենտրոնացնել ինչպես վիճելի, նույնպես և սահմանակից տարածքներում (հոդված 4)։ Մինչև կողմերի միջև պայմանագրի ստորագրումը Շահթախթի_Ջուլֆա երկաթգծի շահագործումը հանձնվում էր Հայաստանի երկթղ․ վարչությանը, պայմանով, սակայն որ այն չօգտագործվի ռազմ․ նպատակներով (հոդված 5), ՌԽՖՍՀ երաշխավորում էր հայկ․ զորքերի ազատ անցումը Հայաստան, որոնք հայտնվել էին խորհրդ․ զորքերի զբաղեցրած գծից այն կողմ։ Իրենց վերաբերմունքը կնքված համաձայնագրի հանդեպ արտահայտեցին ինչպես Անգլիան և Ֆրանսիան, այնպես էլ Թուրքիան և Ադրբեջանը։ Շուտով Երևան ժամանեցին Անդրկովկասում Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները և Հայաստանի կառավարությունից պահանջեցին բացատրություն, թե արդյոք համաձայնագրի ստորագրումը չի՞ նշանակում, որ նա փոխել է իր քաղաքականությունը Արմ-ի նկատմամբ։ Հայաստանի կառավարությունը հավաստիացրեց նրանց, որ նախկինի նման մնում է հակաբոլշևիկյան դիրքերում։ Իսկ Խորհրդ․ Ռուսաստանի դաշնակիցները՝ քեմալական Թուրքիան և Ադրբեջանը, առավել ուժեղացրին հակահայկ․ իրենց գործունեությունը։ Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Բեքիր Սամին համառորեն պնդեց և ի վերջո ստացավ խորհրդ․ կառավարության համաձայնությունը Շահթախթին ու Սարիղամիշը գրավելու համար՝ կարմիր բանակի հետ անմիջական կապ ստեղծելու պատրվակով։ 1920-ի սեպտ․ թուրք․ զորքերը ներխուժեցին Հայաստան (տես Հայ-թուրքական պատերազմ 1920)։


ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԽՖՍՀ ՄԻՋԵՎ 1920 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, ստորագրվել է ՀՀ կա