Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/364

Այս էջը սրբագրված է

Ալեքսանդրապոլ - 17․6․1980, Երևան), նկարիչ։ ՀԽՍՀ վաստ․ նկարիչ (1961)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաարդ․ տեխնիկումը (1928)։ Աշխատել է գրքի նկարազարդման, հաստոցային գրաֆիկայի, երգիծ․ պլակատի բնագավառներում։ Աշխատանքներից են Ս․Լիսիցյանի «Աբու Հասանի մաշիկները» (1950), Հ․Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1950), Ե․Չարենցի «Խմբապետ Շավարշը» (1956) և «Երկիր Նաիրի» (1958) գրքերի նկարազարդումները, գրաֆիկ․ թերթեր ու պլակատ։ 1961-ին անհատ․ ցուցահանդես է ունեցել Երևանում։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Պարույր Աբրահամի [15(28)․10․1906, գ․ Բլուր (Սուրմալու գավառում) - 24․5․1972, Երևան], անասնաբույժ։ Անասնաբուժ․ գիտ․ դ-ր (1941), պրոֆ․ (1941), ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1966)։ Ավարտել է Վորոնեժի անասնաբուծ-անասնաբուժ․ ինստ-ը (1930)։ 1943-ից՝ Երևանի անասնաբուծ-անասնաբուժ․ ինստ-ի ներքին ոչ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտ․ կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման հարցերին, տավարի մարսողության օրգանների ֆիզիոլոգիային, ախտաբանությանը և բուժմանը, գյուղատնտ․ կենդանիների միզային և շնչառական օրգանների հիվանդություններին ևն։

Երկ․ Գյուղատնտեսական կենդանիների սիրտ-անոթային սիստեմի հիվանդությունները, Ե․, 1955։ Գյուղատնտեսական կենդանիների ներքին ոչ վարակիչ հիվանդությունների պաթոլոգիան, թերապիան և դիագնոստիկայի հիմունքները, Ե․, 1963։ Գյուղատնտեսական կենդանիների կերային թունավորումները և պայքարը նրանց դեմ, Ե․, 1966։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ռաֆայել Սմբատի [5․5․1927, գ․ Բաջօղլի (այժմ՝ գ․ Հայկավան, ՀՀ Շիրակի մարզում) - 25․12․1996, Երևան], ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1976), պրոֆ․ (1977)։ Ավարտել է Լենինականի մանկավարժ․ ինստ-ը (1949)։ 1956-58-ին՝ նույն ինստ-ի, 1969-77-ին՝ ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1981-91-ին՝ ԵԲՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են տարածականորեն սահմանափակ համակարգերի հավասարակշռության և կայունության, ինչպես նաև մագնիս․ դաշտերի հետ փոխազդող դեղամիջոցների նպատակային տեղափոխման և կուտակման հարցերին։ Ստացել է մագնիս․ դաշտի առկայությամբ հարթ, գլանային և գնդային ինքնագրավիտացիոն կազմավորումների կայունության չափանիշները փոքր գրգռումների դեպքում։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ռիչարդ (Տիգրան) Գասպարի (ծ․ 9․11․1932, Թուլերի, ԱՄՆ, Կալիֆոռնիայի նահանգում), պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ-ր (1966), ՀՀ ԳԱԱ արտասահմ․ անդամ (1990)։ Ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի պատմության ֆակ-ը (1954), հայերենը կատարելագործել Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանում (1955-56)։ Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) Մերձավոր Արևելքի ուսումնասիրման «Ֆոն Գրունեբաում» կենտրոնի տնօրենի պաշտոնակատար և հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի վարիչ։ Հ-ի հիմնարար աշխատությունները՝ «Հայաստանը անկախության ճանապարհին» (1967, անգլ․), «Հայաստանի Հանրապետությունը» (հ․ 1, 1972, հ․ 2, 1982, հ․ 3-4, 1996, անգլ․), նվիրված են Հայաստանի Հանրապետության (1918-20) պատմությանը։ Օգտագործելով արխիվային հարուստ փաստաթղթեր՝ հեղինակը լուսաբանել է եվրոպ․ տերությունների, ԱՄՆ-ի, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքականությունը Մերձ․ Արլ-ում, Անդրկովկասում, մասնավորապես 1918-20-ին Հայաստանի Հանրապետության ստեղծման և լինելիության պատմությունը, արտաքին և ներքին քաղաքականությունը։ Մի շարք աշխատություններ՝ «Հայոց ցեղասպանության մատենագիտություն» (1978), «Հայերի ցեղասպանությունը հեռանկարում» (1986, անգլ․), «Հայերի ցեղասպանությունը» (Ռ․Հովհաննիսյանի խմբագրությամբ, 1992) նվիրված են հայերի ցեղասպանության պատմությանն ու պատմագրությանը։ Հ․ Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ-ում հայագիտ․ ուսումնասիրությունների ընկերության հիմնադիրներից է, «Արմինիըն Ռեվյու» ամսագրի խմբագր․ կոլեգիայի անդամ։ Գործուն մասնակցություն ունի ԱՄՆ-ի և այլ երկրների հայ համայնքների հաս․ կյանքում, դասախոսում է։

Հ․ մի շարք միջազգ․ և ամերիկ․ գիտ․ ընկերությունների անդամ է, ցեղասպանության խնդիրներին նվիրված միջազգ․ խորհրդաժողովների ու գիտաժողովների (այդ թվում՝ 1990-ին և 1995-ին Երևանում) մասնակիցը։

1993-ին Հ-ի անունով է կոչվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գ․ № 1 միջն․ դպրոցը։

Երկ․ Armenia on the Road to Independence 1918, Berkeley, L․A․, 1967; The Republic of Armenia, v․ 1, 2, 3-4, Berkeley-L․A․-L․, 1971, 1982, 1996; The Armenian Holocaust, Camb․- Mass․, 1978; The Armenian Genocide History, Politics, Ethics․ Edited by Richard G․ Hovannisian, N․Y․, 1992․


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ռուսեթ Հովհաննեսի [15․8․1907, գ․ Արտամետ (Վանի նահանգում) - 24․2․1971, Երևան], գրականագետ։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1948)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ Ավարտել է ԵՊՀ (1930), որտեղ 1936-71-ին դասավանդել է ռուս․ գրակ․, միաժամանակ, 1949-51-ին՝ եղել ԵՊՀ պրոռեկտոր, 1941-71-ին՝ ռուս․ գրակ-յան ամբիոնի վարիչ։ Գրել է «Լերմոնտովի կյանքը և գրական ստեղծագործությունը» (1941), «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի