Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/365

Այս էջը սրբագրված է

գնահատմամբ» (1949), «Լև Տոլստոյը և հայ գրական կյանքը» (1964) և գրականագիտ․ այլ աշխատություններ։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սանասար Ռազմիկի (ծ․ 5․2․1960, Մոսկվա), ըմբիշ։ Սպորտի վաստ․ վարպետ (1980)։ Ավարտել է Մոսկվայի ինժեներա-շին․ ինստ-ը (1984)։ Աշխատում է Մոսկվայի «Սպարտակ» ԿՄԸ-ում։ Օլիմպ․ (1980), աշխարհի (1981), Եվրոպայի (1980, 1986), ԽՍՀՄ (1981, 1990) ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն, աշխարհի և ԽՍՀՄ բազմակի գավաթակիր։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սիմոն Պարգևի (ծ․ 16․1․1940, Երևան), կոմպոզիտոր։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1990)։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (1966, Է․Միրզոյանի դասարան)։ 1976-ից՝ Հայաստանի կույրերի միավորման երաժշտ․ կոլեկտիվների տնօրեն և գեղ․ ղեկավար։ Գրել է սիմֆոնիա, «Կոմիտաս» սիմֆոնիկ պոեմ, «Requiem» (ըստ Չարենցի՝ Կոմիտասին նվիրված «Requiem-aeternam»-ի, 3 լարային կվարտետ, գործիքային սոնատներ, ռոմանսներ, խմբերգեր, «Հայկական մանրանվագներ» դաշնամուրային պիեսների շարք [կոմպոզիտորների միջազգ․ 4-րդ մրցույթի 1-ին մրց․, 1988, Մարիանսկե-Լազնե (Չեխոսլովակիա)]։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սմբատ Հասրաթի (13․9․1927, Բաթում - 3․11․1988, Երևան), իրավաբան։ Իրավաբ․ գիտ․ դ-ր (1973), պրոֆ․ (1976)։ Ավարտել է ԵՊՀ (1950)։ 1953-66-ին դասախոսել է ԵՊՀ-ում, 1966-73-ին՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստ-ի ավագ գիտաշխատող, 1973-83-ին՝ ԵՊՀ քաղաքաց․ իրավունքի ամբիոնի վարիչ, 1983-ից՝ Մատենադարանի առաջատար գիտաշխատող։

Երկ․ Ամուսնությունը և ամուսնալուծությունը Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ, Ե․, 1965։ Ամուսնաընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում (IV-IX դդ․), Ե․, 1976։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սոկրատ Ստեփանի [27․7․1920, գ․ Բիստ (Օրդուբադի գավառում) - 13․2․1996, Լոս Անջելես], նյարդավիրաբույժ, ՀՀ-ում նյարդավիրաբուժության հիմնադիրներից։ Բժշկ․ գիտ․ թեկնածու (1951), դոցենտ (1963)։ ՀՀ վաստ․ բժիշկ (1963)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է ԵԲՀ (1941)։ 1946-ից աշխատել է ԵԲՀ ընդհանուր վիրաբուժության կլինիկայում, 1952-95-ին ղեկավարել է նյարդավիրաբուժ․ կլինիկան։ 1952-58-ին՝ Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ տնօրեն։ 1962-66-ին՝ ԵԲԻ ռեկտոր, 1967-96-ին՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված ԵԲՀ տրավմատոլոգիայի, նյարդավիրաբուժության և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի ծանր վնասվածքների և դրանց հետևանքների, ուռուցքների, հետբորբոքային և անոթային հիվանդությունների ախտորոշման և վիրահատ․ բուժման հարցերին։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սպարտակ Սարիբեկի (ծ․ 9․6․1925, Լենինական), կենսաֆիզիկոս։ Կենսբ․ գիտ․ դ-ր (1968), պրոֆ․ (1970), ՀՀ ԳԱԱ ակադ․ (1996)։ ՀՀ-ում մոլ․ կենսաֆիզիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Երևանի անասնաբուծ-անասնաբուժ․ ինստ-ը (1948)։ 1962-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Լ․Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստ-ում, 1973-96-ին՝ սրտաբանության ինստ-ի մոլ․ սրտաբանության լաբորատորիայի վարիչ։ 1963-ից միաժամանակ վարում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակ-ում իր նախաձեռնությամբ կազմակերպված մոլ․ կենսաբանության և բջջի կենսաֆիզիկայի դասընթացները։ Աշխատանքները վերաբերում են մկանային սպիտակուցների կառուցվածքին ու գործունեությանը, մկանային կծկման մոլ․ մեխանիզմների պարզաբանմանը։ Զբաղվում է սրտամկանի և կմախքային մկանների մոլ․ ու ժառանգական մեխանիզմների, ինչպես նաև տիեզ․ թռիչքների ընթացքում մկանային սպիտակուցների կարգավորման առանձնահատկությունների հայտնաբերման հարցերի ուսումնասիրությամբ։ Սրտի ուսումնասիրության միջազգ․ միության և Մկանների ուսումնասիրության եվրոպ․ ընկերության անդամ, Գրավիտացիոն (տիեզ․) կենսաբանության միջազգ․ կոմիտեի թղթ․ անդամ (1982, Ստոկհոլմ)։

Երկ․ Մարդը և ալկոհոլը, Ե․, 1987։ Ալկոհոլի ազդեցությունը սիրտանոթային համակարգի վրա (համահեղինակ), Ե․, 1988։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սուրեն Եղիազարի (12․3․1914, Աշտարակ – 19․5․1986, Վանաձոր), դերասան։ ՀԽՍՀ ժող․ արտիստ (1985)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Սովորել է Երևանի Գ․Սունդուկյանի անվ․ թատրոնին կից ստուդիայում (1932-36)։ 1938-41-ին՝ Գ․Սունդուկյանի անվ․, 1945-52-ին՝ Ստեփանավանի, 1952-86-ին՝ Վանաձորի թատրոնների դերասան։ Լավագույն դերերից են՝ Գիժ Դանիել (Շիրվանզադեի «Չար ոգի»), Բալաբեկ (Ն․Զարյանի «Աղբյուրի մոտ»), Մարգար (Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»), Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Պոլեժաև (Ռախմանինովի «Անհանգիստ ծերություն»), Մոնտանելի («Բոռ», ըստ Վոյնիչի)։