Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/372

Այս էջը սրբագրված է

ծանքներից խուսափելով, իր հետևորդներով նախ ապաստանել է Պոնտոսի Եպիսպարիս ավանում, ապա՝ Պիսիդիայի Անտիոք քաղաքում, 30 տարի քարոզել պավլիկյան ուսմունքը։ Հիմնադրել է պավլիկյանների հայտնի վեց համայնքներից մեկը՝ Փիլիպպեցվոցը։


ՀՈՎՍԵՓ (ծ․ և մ․թ․անհտ․), Աղվանից կաթողիկոս XI դարի 1-ին կեսին։ 1038 կամ 1039-ին Անիում հրավիրել է ժողով, որը Հայոց կաթողիկոս․ աթոռին վերահաստատել է Պետրոս Ա Գետադարձին (նրան տապալել էր 1022-ի Տրապիզոնի պայմանագրից դժգոհ Հայոց թագավոր Հովհաննես Սմբատը)։ Աջակցել է Հայոց և Աբխազաց գահակալներին՝ ընդդեմ Դվինի ամիրա Աբուլ Ասվարի։

Գրկ․ Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե․, 1973։ Լեո, Երկ․ ժող․, հ․2, Ե․, 1967։


ՀՈՎՍԵՓ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), գրիչ և մանրանկարիչ։ Ապրել և ստեղծագործել է XV դ․ վերջին - XVI դ․ սկզբին՝ Վասպուրականում։ Հոր անունը Ավագ է, մորը՝ Մեհրիաթ։ Մատենադարանում են Հ-ի նկարազարդած ձեռագրերից երեքը՝ №№ 158 (1497 թ․), 3534 (1497 թ․) և 6326 (1499 թ․)։ Ենթադրվում է, որ նա է ծաղկել նաև № 5398 Գանձարանը (XV դ․ վերջ)։ Հ-ի արվեստում նկատելի է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի «դասական» շրջանի (XIV դ․ և XV դ․ 1-ին կես) ոճական և պատկերագր․ սկզբունքների վերասերումը։ Սակայն շնորհալի մանրանկարչի արվեստում ավանդականի կորուստը փոխարինվել է ջրաներկային թեթևությամբ արված մեղմ, նրբագեղ գույների առինքնող խաղով։ Զուսպ և հակիրճ է պատկերագր․ շարքը։


ՀՈՎՍԵՓ Ա ՎԱՅՈՑՁՈՐՑԻ, Հողոցիմցի (ծ․թ․անհտ․ - 25․7․454), Հայոց կաթողիկոս 437-ից։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Եղել է Այրարատի եպիսկոպոս, ապա՝ Մեսրոպ Մաշտոցի պատվիրանով դարձել կաթողիկոս։ Նրա օրոք գումարվել է Արտաշատի ժողովը (449)։ Մասնակցել է Սասանյանների դեմ 450-451-ին հայերի մղած ազատագր․ պատերազմին։ Ավարայրի ճակատամարտից հետո ձերբակալվել և աքսորվել է Վրկան երկրամաս, ապա տարվել Ապար աշխարհ, ուր և նահատակվել է Ղևոնդյանց խմբի հետ։


ՀՈՎՍԵՓ ԱՂԹԱՄԱՐՑԻ (ծ․թ․անհտ․ - 1544), մշակութային և կրթական գործիչ, գրիչ, ծաղկող, բանաստեղծ։ Վարդապետ (1533)։ Աղթամարի նկարչ․ դպրոցի հիմնադիր, ուսուցիչ։ Գրչ․ և մանրանկարչ․ արվեստն ուսանել է Արգելանի վանքում՝ Տեր Կարապետ Բերկրեցու մոտ։ Ապրել և գործել է Աղթամարի վանքում, նաև՝ Լիմում, որտեղ նկարազարդել ու ընդօրինակել է գրչագիր ավետարաններ, տոնացույց, շարակնոց, մաշտոց։ Հ․Ա-ուն տաղեր են նվիրել Գրիգորիս Աղթամարցին և Զաքարիա Գնունեցին։ Վերջինիս Հ․Ա-ուն աջակցել է Պղնձե քաղաքի պատմությունը կաֆաներով հարստացնելու գործում։ Հ․Ա-ուց հայտնի են «Երկու վնաս կա ահագին» (Մատենադարան, ձեռ․ № 5837) ու «Խրատ գրքերը լաւ պահելուն» բանաստեղծությունները և «Գերի Ադամայ որդի» սկսվածքով կաֆան (Վիեննայի մատենադարան, ձեռ․ № 977, Մատենադարան, ձեռ․ № 5622, 6485, 10275)։ Հ․Ա-ու՝ 1512-ին գրած երկու հիշատակարաններով Մ․Պոտուրյանը ճշտել է Գրիգորիս Աղթամարցու կաթողիկոս դառնալու տարեթիվը (1512)։ Հ․Ա-ու աշակերտներից են Մարգարե Արճիշեցին ու Սարգիս գրիչը։

Երկ․ Կոստանյան Կ․, Նոր ժող․, հ․4, Վաղ-պատ, 1903։

Գրկ․ Ակինյան Ն․, Գրիգորիս Ա կաթողիկոս Աղթամարի, Վնն․, 1958։ Գրիգորիս Աղթամարցի, ուսումնասիրություն, քնն․ բնագրեր և ծանոթագրություններ Մ․Ավդալբեգյանի, Ե․, 1963։ Սիմոնյան Հ․, Հայ միջնադարյան կաֆաներ, Ե․, 1975։


ՀՈՎՍԵՓ ԱՐՑԱԽԵՑԻ (Տեր-Ավագյան) (ծ․թ․անհտ․, Շուշի - մ․թ․անհտ․), XIX դարի 1-ին կեսի կրոնական գործիչ և փիլիսոփա։ Եղել է Շուշիի, Գանձասարի թեմերի վարդապետ։ Դասավանդել է մայրենի լեզու, աստվածաբանություն, տրամաբանություն։ Հրատարակել է «Համառօտ բառգիրք ի գրաբառէ յաշխարհաբառն» (1830) և «Առաջին մասն փիլիսոփայութեան, որ ասի տրամաբանութիւն» (1840)։ Փիլ․ հարցերում հետևելով ֆրանսիացի աստվածաբան Ա․Գովդինին՝ Հ․Ա․ գտնում է, որ տրամաբանության արդյունքները չպետք է հակասեն աստվածաբանության սկզբունքներին։ Տրամաբանությունը գիտություն է, որն զբաղվում է ոչ միայն ճշմարտության բացահայտմամբ, այլև բացահայտվածի հիմնավորմամբ, այսինքն՝ նա հաստատում է ոչ միայն օրենքներն ու մեթոդները, որոնց միջոցով բացահայտվում են նոր ճշմարտություններ, այլև դրանք ապացուցման միջոցով դարձվում են ուրիշների սեփականություն։ Առաջին դեպքում տրամաբանությունն իր վրա է վերցնում մեթոդաբան․ գիտության ֆունկցիա, երկրորդ դեպքում՝ ապացուցման։


ՀՈՎՍԵՓ Բ ՓԱՐՊԵՑԻ, Կարիճ (ծ․թ․ անհտ․ - 806), Հայոց կաթողիկոս 795-ից։ Դիմադրել է արաբ․ իշխանությունների ոտնձգություններին, հատկապես՝ Խուզեյմա ոստիկանի՝ կաթողիկոս․ կալվածները բռնագրավելու փորձերին։ Ոստիկանը նրան բրածեծ է արել ու բանտ նետել։ Հարուն ալ Ռաշիդ խալիֆան, անսալով Հ․ Բ Փ-ու բողոքին, ազատ է արձակել նրան, վերադարձրել կաթողիկոս․ կալվածների մեծ մասը։


ՀՈՎՍԵՓ ԳԵՆԵՍԻՈՍ (ծ․ և մ․թթ․անհտ․), X դարի բյուզանդական մատենագիր։ Ենթադրվում է, որ ծագումով հայ է։ Կայսր Կոստանդին VII Ծիրանածնի հրամանով 945-959-ին գրել է «Թագավորությանց» (հայ․ հրտ․ «Գիրք թագավորաց», 1834) երկը, որը բովանդակում է կայսրեր Լևոն V Հայկազնի (813-820), Միքայել II-ի