Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/375

Այս էջը սրբագրված է

բարձրաքանդակները (տուֆ, 1975), կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ Մ․Սեդրակյանի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում (տուֆ, 1975-93), Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները (տուֆ, 1981), Բեկոր Աշոտի (Աշոտ Ղուլյան) (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ, ճարտ․ Ա․Իսրայելյան), Արթուր Մկրտչյանի (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ) մահարձանները ևն։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը» (երանգավորված գիպս, 1961), «Եղիշե Չարենց» (գրանիտ, 1961) ևն։ Կատարել է նաև Նյու Յորքի Ս․Վարդան եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները։

Հ-ի արվ-ին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումներ, գեղ․ ընդհանրացման մեծ ուժ և մունումենտալիզմի խոր զգացողություն։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Արտաշես Գրիգորի [16(29)․8․1910, գ․ Բանանց, Ելիզավետպոլի նահանգում - 24․1․1982, Երևան], ռեժիսոր։ Ադրբ․ ԽՍՀ (1940), ՀԽՍՀ (1960), Դաղստանի ԻԽՍՀ (1967) արվ․ վաստ․ գործիչ։ Սովորել է Մոսկվայի թատերարվեստի ինստ-ում (1934-38)։ 1928-1934-ին՝ Բաքվի հայկ․ թատրոնի դերասան և ռեժիսորի օգնական, 1938-49-ին՝ գլխ․ ռեժիսոր, 1951-53-ին՝ Երևանի Ստանիսլավսկու անվ․ ռուս․ թատրոնի ռեժիսոր, 1953-60-ին՝ Լենինականի դրամատիկ․, 1979-81-ին՝ Ստեփանակերտի հայկ․ թատրոնների գլխ․ ռեժիսոր։ 1960-79-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում (պրոֆ․ 1968-ից)։ Բեմադրություններից են՝ Գուլակյանի «Արշալույսին», Ա․Բարսեղյանի «Կամո», Շիրվանզադեի «Պատվի համար», Մուրացանի «Ռուզան», Վ․Վաղարշյանի «Օղակում»։ Հեղինակ է մի շարք թարգմանությունների։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Բաղիշ Արշակի [ծ․ 18․10․ 1922, գ․ Ներքին Ալուչալու (այժմ՝ գ․ Արծվանիստ, ՀՀ Գեղարքունիքի մարզում)], արձակագիր։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1950)։ Հ-ի հոգեբ-ռեալիստ․ բնույթի գործերում արտացոլվել են ծննդավայրը, պատերազմն (որի մասնակիցն էր) ու հետպատերազմյան տարիները («Սևան», 1958, պատմվածքներ, «Սերմնացանները չվերադարձան», 1962, վեպ, «Դու հասկացա՞ր ինձ», 1971, վեպ)։

Երկ․ Ընտ․ երկ․, Ե․, 1975։ Ընտ․ երկ․, հ․ 1-2, Ե․, 1987-88։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Գարեգին Եղիշեի [1․5․ 1914, գ․Սևքար (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) - 3․8․1993, Երևան], գրականագետ։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1975)։ Ավարտել է ԵՊՀ պատմագր․ ֆակ-ը (1937)։ Աշխատությունները վերաբերում են հայ դաս․ և արդի գրակ-յանը («Ստեփան Զորյանի ստեղծագործությունը», 1951, «Հովհաննես Հովհաննիսյան․ կյանքը և գործը», 1957, «Նար-Դոս», 1961, «Չարենցի պոեզիան», 1969 ևն)։


ՀՈՎՍԵՓՅԱՆ (Հովսեփյանց) Գարեգին Կարապետի, Գարեգին Ա Հովսեփյան [17․12․1867, գ․ Մաղավուզ (ԼՂՀ Մարտակերտի շրջանում) - 21․6․1952, Անթիլիաս (Լիբանանում)], մշակութային գործիչ, մանկավարժ, հայագետ, կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո (1943-ից, օծվել է 1945-ին)։ Հայաստանի գիտ․ ինստ-ի (Էջմիածին) գիտնական անդամ (1921), փիլ-յան դ-ր (1897, Լայպցիգ), Մոսկվայի կայսեր․ հնագիտ․ ընկերության Կովկասյան բաժանմունքի և Պետերբուրգի կայսեր․ հնագիտ․ ընկերության իսկական անդամ (1902)։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1890), բարձրագույն կրթություն ստացել Բեռլինի, Հալլեի, Լայպցիգի համալսարաններում (1892-96)։ 1897-ից դասախոսել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, եղել մատենադարանապետ (1898-ից, նույն թվին ձեռնադրվել է վարդապետ), 1905-06, 1915-17-ին՝ Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1907-08, 1918-19-ին՝ «Արարատ» ամսագրի խմբագիր։ Մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին (1918)։ Երևանի համալսարանում դասավանդել է հայ արվեստի պատմություն և հնագիտություն, եղել է Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի կազմակերպիչներից (1923)։ 1927-33-ին՝ Ղրիմի և Նոր Նախիջևանի, 1938-43-ին՝ ԱՄՆ-ի հայոց թեմերի առաջնորդ (արքեպիսկոպոս՝ 1925-ին)։ 1917-ին՝ հայրապետական լիազոր պատվիրակ Ռուսաստանի և Հս․ Կովկասի հայկ․ կենտրոններում, 1934-38-ին՝ սփյուռքում։ Երկրորդ համաշխ․ պատերազմի ժամանակ նպաստել է խորհրդ․ բանակի ու պատերազմի աղետյալների օգտին և «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար միջոցների հանգանակության կազմակերպմանը, սփյուռքահայության հայրենադարձությանը։ Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանների ու խնդիրների լուսաբանմանն են նվիրված «Ձագավանից ժողովը» (1913), «Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի սերունդը» (1913, ռուս․, 1947, հայ․) «ԺԴ դարի քաղաքական և հոգևոր վերելքը Արևելյան Հայաստանում», «Հայ-արաբական բժշկական և մշակութային հարաբերության խնդիրները» և այլ երկեր։ Հայագիտության մեջ մեծ ներդրում է Հ-ի «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմության մեջ» եռահատոր երկը (1928-43, 2 հրտ․, 1969, «Թարգմանչաց-Դուրյան» մրց․), ուր հեղինակը Հայաստանի քաղ․ պատմության հենքի վրա ի հայտ է բերել հայ մշակույթի վերելքը, Գլաձորի համալսարանի և բազմաթիվ հուշարձանների նշանակությունը՝ վիմագիր արձանագրությունների, ձեռագր․ հիշատակարանների և մատենագր․ նյութերի հիման վրա։ Արժեքավոր են Հ-ի մատենագր․ բնույթի գործերը՝ նվիրված Մխիթար Սասնեցուն (1899), Խոսրովիկ թարգմանչին (1899), Թովմա Մեծոփեցուն (1914), Մխիթար Այրիվա