նաստեղծությունների ժող-ները։ Հ-ի անունով են կոչվել դպրոց Հեշտիայում և փողոց Նինոծմինդայում։ 1997-ին Հեշտիայում հիմնադրվել է Հ-ի տուն-թանգարանը։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Վռամ Միքայելի [15․5․ 1925, գ․ Ներքին Թալին (այժմ՝ գ․ Դաշտադեմ, ՀՀ Արագածոտնի մարզում) - 1991, գ․ Դաշտադեմ], բանաստեղծ, արձակագիր։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1955)։ Հ-ի բանաստեղծությունները գրված են քնարական շնչով․ հիմն․ թեման սերն է։ Առավել ուշագրավ են «Արագածի լանջից» (1956), «Ծափ ու ծիծաղ» (1971), «Կանաչ մամուռ» (1975), «Տոհմածառ» (1980), «Կանաչ աշխարհ» (1985) ժող-ները, «Գուռգուռա» (1969) պոեմը։ Հ-ի արձակի նյութը ժամանակակից կյանքն է («Տեղատարափ», 1984, պատմվածքներ, նովելներ, «Արևածագ», 1987, վիպակ, «Դիմանկար», 1988, ակնարկներ)։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Տատյանա Լևոնի (ծ․ 28․5․ 1926, Գանձակ), ակնաբան։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1974), պրոֆ․ (1978)։ Ավարտել է ԵԲԻ (1948)։ Աշխատել է նույն տեղում, 1963-1978-ին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստ-ում, 1978-91-ին՝ ԵԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, 1991-ից՝ գիտ․ խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են աչքի եղջերաթաղանթի հիվանդությունների և վնասվածքների վիրաբուժ․ բուժման, պլաստիկ վիրաբուժության համար անհրաժեշտ աչքի հյուսվածքների պահածոյացման հարցերին։ ՀՀ ակնաբույժների գիտ․ ընկերության նախագահ (1978-94)։
Երկ․ Աչքի հիվանդություններ, Ե․, 1992 (համահեղինակ)։
ՀՈՎՍԻԱՆ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), մանրանկարիչ և գրիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի վաղ շրջանի «ժողովրդական ուղղության» ներկայացուցիչ։ Ապրել ու ստեղծագործել է XIII դ․ 2-րդ կեսին - XIV դ․ սկզբին, Վանա լճից հս-արլ․ գտնվող Առբերանի (Քաջբերունիք) գավառի Բերդակ և Հազարակն գյուղերում։ Աշակերտել է Աստվածատուր քահանային։ Հ-ի ընդօրինակած և պատկերազարդած ձեռագրերից երեք Ավետարան գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (XIII դ․ վերջի № 10670, 1306-ի № 4806, 1316-ի № 4818) և մեկը (1298 թ․)՝ Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում։ Նրա մի շարք մանրանկարներում գրեթե նույնությամբ պահպանված է վաղ քրիստ․ արվ․ պատկերագրությունը։
Գրկ․ Հակոբյան Հ․, Հայկական մանրանկարչություն։ Վասպուրական (Ալբոմ), Ե․, 1978։
ՀՈՎՎԻ ԵԿԵՂԵՑԻ, Նախրչու ժամ, գտնվում էր Անիի հյուսիսային արվարձանում, Սմբատյան պարիսպներից դուրս, Ավագ դռնից 1,5 կմ հեռու։ Ըստ ավանդության՝ Գագկաշենի նմանությամբ կառուցել է մի հովիվ-նախրապան (այստեղից էլ՝ Նախրչու ժամ), որի կինը, արքայական փառաշուք տաճարի մեջ աղոթելու անարժան համարվելով, վռնդվել է այնտեղից։ Թ․Թորամանյանը, որն այս եկեղեցին (իր ենթադրությամբ՝ դամբարանը) ուսումնասիրել ու չափագրել է և մշակել վերակազմության նախագիծը, հուշարձանը թվագրել է X-XI դդ․, որակել որպես հայ ճարտ-յան պսակը, «որն իր նախորդը չունենալեն զատ, իր հետնորդը հազիվ ունեցավ 15-րդ և 16-րդ դարերու գոթական արվեստին մեջ, այն ալ փայտի և երկաթի աջակցության շնորհիվ» (Թ․Թորամանյան, «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության», հ․ 1, էջ 319)։ Յու․ Բալթրուշայտիսի կարծիքով Հ․ե․ ջլակամարներով ծածկված ամենահին հայկ․ կառույցն է։
Եղել է աստղաձև հատակագծով ու եռահարկ ծավալատարած․ հորինվածքով (որի համար Թորամանյանը այն համարել է Զվարթնոցի մանրանկարը) փոքր չափերի եզակի շինություն։ Առաջին հարկը ծառայել է որպես դամբարան, երկրորդում գտնվել է պատարագի սեղանը՝ հարավակողմի խորհրդանոցով կամ սկիհի պահարանով։ Գմբեթն ունեցել է կոնաձև ծածկ։ Երկու բոլորակ աստիճաններով խարսխի վրա տեղադրված եկեղեցու հատակագիծը ունեցել է բարդ գծանկար․ վեցթև աստղը ներգծված էր 12 եռանկյունաձև ու 6 կիսաշրջան որմնախորշերով կտրված արտաքին պարագծի մեջ։ Կիսաշրջան հվ-արլ․, արմ․ և հս․ 2 խորշերի մեջ բացված էին մեկական պատուհան, իսկ հվ-արմ-ի մեջ՝ միակ դուռը։ Երկրորդ և երրորդ հարկերի բեռը կրում էին վեց սլացիկ որմնասյունախուրձերից դեպի կենտրոն ձգվող, առանց հենարանի, կախովի վեց կիսակլոր ջլակամարներ, որոնց կրունկները խտանալով՝ կենտրոնում ամրացված էին երկարաձիգ փականային քարով։ Ծածկի այսպիսի կառուցվածքային համակարգը, ճարտ․ ձևերի պարզեցման միտումը, ճարտ-շին․ նորություններն ու այլ բարեմասնությունները Թ․Թորամանյանին իրավունք են տվել «այդ փոքրիկ շինությունը անեցի ճարտարապետի պայծառ ու բեղմնավոր ուղեղի մարմնացում», «գեղարվեստական նուրբ ճաշակի և հանճարեղ ստեղծագործության գողտրիկ պտուղ» համարելու, առանց որի «Անիի շքեղության մեջ ստվեր մը և պաճուճանքին մեջ թերություն մը պիտի մնար»։ Հ․ե․ լիովին ավերվել է 1970-ին։
Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 1-2, Ե․, 1942-48։
ՀՈՎՏԱՇՈՒՇԱՆ (Convalaria), հովտաշուշանազգիների ընտանիքի բույսերի ցեղ։
Բազմամյա խոտաբույսեր են՝ 2-3 արմատամերձ, էլիպսաձև տերևներով։ Ծաղկակրի բարձր․ մինչև 20 սմ։ Ծաղիկները՝ երկսեռ, զանգակաձև-գնդաձև։ Պտուղը եռաբուն, կարմիր հատապտուղ է։
ՀՀ հս․ շրջանների անտառներում երբեմն հանդիպում է մայիսյան Հ․