Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/380

Այս էջը սրբագրված է

կամ ծովաշուշանը (C․ majalis), որի ծաղիկները մանր են, սպիտակ՝ խմբված ողկույզներում։ Խոնավասեր է, ջերմասեր։ Բազմանում է սերմերով, կոճղարմատներով։ Մշակության մեջ հայտնի են Հ-ի բազմաթիվ՝ վարդագույն, լիաթերթ, խոշոր ծաղիկներով, խայտաբղետ տերևներով ևն տարատեսակներ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։


ՀՈՎՈՒՆՑ Գագիկ Գեդեոնի (ծ․ 1․3․1930, Երևան), կոմպոզիտոր։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1984)։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ջութակի (1954, դասատու՝ Կ․Դոմբաև) և ստեղծագործ․ (1957, դասատու՝ Գ․Եղիազարյան) բաժինները։ 1964-ից՝ Երևանի կոնսերվատորիայի դասախոս (1990-ից՝ պրոֆ․)։ Գրել է սիմֆոնիկ և կամերային երկեր՝ դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի կոնցերտներ, դաշնամուրի և նվագախմբի, թավջութակի և նվագախմբի կոնցերտային ինվենցիաներ, ինվենցիաների 3 շարք նվագախմբի համար, գործիքային սոնատներ, պիեսներ ևն։


ՀՈՐԴԱՆԱՆ, Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, պետություն Մերձավոր Արևելքում։ Տարած․ 95,4 հզ․ կմ 2, բն․ 5,4 մլն (1993)։ Մայրաքաղաքը՝ Ամման (1,6 մլն)։

Դիվանագիտ․ հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև հաստատվել են 1991-ին։

Հայերը Հ-ի տարածքում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Նրանց թիվն ավելացել է խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում (XI-XIII դդ․)։ Սակայն Հ-ի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և հետո, երբ բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Հ-ում։ 1948-ին հայերի թիվը շուրջ 6 հզ․ էր, 1980-ին՝ 3 հզ․, 1995-ին՝ 2 հզ․։ Հիմնականում բնակվում են Ամմանում, նաև Ագապա, Զարքա, Իրպիտ, Մատարա և Ռուսեյֆա քաղաքներում։ Նրանք արհեստավորներ են (հայտնի են հայ լուսանկարիչները․ Ամմանի լուսանկարիչների 3/4-ը հայեր են), առևտրականներ (ոսկերիչ-գոհարավաճառներ), կան մտավորականներ։ Համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, որի հոգևոր պետին նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Ամմանում հայերն ապրում են հայկ․ թաղամասում, որտեղ գործում է Ս․ Թադևոս եկեղեցին։ Հ-ում աշխատանք են ծավալում ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ մասնաճյուղերը, Ազգ․ մարզական միությունը (Տիկնանց հանձնախմբով), մարզական (բասկետբոլի) խմբեր, «Մասիս» նվագախումբը։ Հայերը հաճախում են Յուզպաշյան ազգ․ վարժարան, գործում է Կյուլպենկյան մանկապարտեզը։ Գրեթե մարել է հայ կաթոլիկների Սահակ-Մեսրոպ վարժարանը (հաճախում են օտարները)։ 1993-ից լույս է տեսնում «Անդրադարձ» ամսաթերթը։


ՀՈՐԴՈՐԱԿ, աշխույժ, խանդավառ, արագ ընթացքով (տեմպով) կատարվող երգ։ Մոտավորապես համապատասխանել է եվրոպ․ Allegro-ին (նրա միջնադարյան ըմբռնմամբ)։ Ծագում է հայ․ հորդոր բառից։ Հ-ի ժանրը զարգացել է հայկ․ հին գուսան․ և քաղաքային երգ-երաժշտության մեջ՝ ներկայացնելով «ծանր» կամ «քաշ» երգերին հաջորդող ու ժիր կշռույթով և զվարթ տրամադրությամբ կերպարային հակադրություն ստեղծող կտոր։ Հ․ հայկ․ քաղաքային երաժշտության մեջ կենցաղավարում է նաև մեր օրերում (օր․՝ «Սիրուհիս, քեզ համար» ծորերգին հետևող «Աղջիկ դու սիրուն» կայտառ հատվածը)։ Հայ հոգևոր երգարվեստում Հ․ կարող է ավարտել երկու, երեք, չորս, երբեմն էլ ավելի համարներից բաղկացած երգաշարը։ Հանդիպում է գանձարաններում՝ ամփոփելով գանձ-տաղ-մեղեդի շարքը։ Հայ եկեղեց․ երաժշտության մեջ նշանավոր է ջրօրհնեքի կանոնի «Այսօր ձայնն հայրական» Հ․։


ՀՈՐԹԱԼԵԶՈՒ (Anchusa), շիխար, հավաժիպակ, գաղտրիկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ, ՀՀ-ում 1՝ իտալական Հ․ (A․ italica)։ Աճում է Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, Երևանի մերձակայքում։

Ցողունի բարձր․ 30-100 սմ։ Տերևները ձվաձև են կամ երկարավուն-նշտարաձև, ծաղկաբույլը՝ հուրանանման, ծաղիկը՝ երկնագույն-կապույտ, պտուղը՝ ընկուզիկ։

Դեղաբույս է։ Պարունակում է սապոնիններ, կարոտին։ Մոլախոտ է։


«ՀՈՐԻԶՈՆ», հասարակական-քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ ՀՀԴ հրատարակություն։ Հրատարակվել է 1909-18-ին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատ-ներ՝ Բ․Նուրալյան, Ա․Սահակյան, Լեո (Ա․Բաբախանյան), Հ․Թումանյան, Ն․Աղբալյան, Ա․Ջամալյան, Ս․Գրուզինյան (Վրացյան), Մ․Վարանդյան, Վ․Նավասարդյան։ Պարբերաբար նյութեր է տպագրել Կովկասի, Ռուսաստանի և այլ հայաբնակ վայրերի սոց-տնտ․ վիճակի, մշակութ․ կյանքի վերաբերյալ։ Մեծ տեղ է հատկացրել հայ ազգ․ խնդիրներին, առանձնապես՝ Հայկ․ հարցին։ 1912-14-ին, Հայկ․ հարցի վերաբացման ժամանակ, «Հ․» անդրադարձել է մեծ տերությունների դիրքորոշմանը հայկ․ բարենորոգումների խնդրում, հայ ազգ․ շրջանների մասնակցությանը բարենորոգումների ծրագրի մշակմանը, լուսաբանել Կ․ Պոլսի դեսպանաժողովի (1913-ի հուլիս) ընթացքը, արժեքավորել 1914-ի ռուս-թուրք․ համաձայնագրի նշանակությունը ևն։ Առաջին համաշխ․ պատերազմի նախօրեին Արմ․ Հայաստանի ինքնավարության միակ իրական երաշխիք է համարել Ռուսաստանը, պատերազմի տարիներին պաշտպանել նրա քաղաքականությունը, հայ կամավոր․ շարժումը։ Չի ընդունել 1917-ի Հոկտ․ հեղափոխությունը, հանդես է եկել Այսրկովկասում խորհրդ․ իշխանության հաստատման դեմ։

1914-15-ին լույս է տեսել «Հ․»-ի գրակ-գեղ․ պատկերազարդ հավելված։


ՀՈՐՈԴԵՆԿԱ, Գորոդենկա, քաղաք, շրջանային կենտրոն Ուկրաինայի Իվա