Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/382

Այս էջը սրբագրված է

թյան հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների։


ՀՌԱԴԱՄԻԶԴ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), դրածո թագավոր Հայաստանում 51-53-ին։ Իբերիայի Փարսման թագավորի որդին։ Գահակալել է Հռոմ․ և իբեր․ ուժերի օգնությամբ։ 52-ին, անկարող՝ դիմադրել Հայոց թագավոր Տրդատ Ա-ին, փախել է Իբերիա։ 53-ի ձմռանը, երբ Տրդատ Ա առժամանակ գտնվում էր Պարթևաստանում, Հ․ ներխուժել է Հայաստան, սակայն, պարտություն կրելով հայերից, դարձյալ ճողոպրել է Իբերիա։


ՀՌԱՆԴԵԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 64, կնքվել է Հայոց թագավոր Տրդատ Ա-ի և հռոմեական զորավար Դոմետրոս Կորբուլոնի միջև, Անձիտ գավառի Հռանդեա վայրում, մի կողմից՝ Հայաստանի ու Պարթևաստանի, մյուս կողմից՝ Հռոմի միջև տասնամյա (54-64) պատերազմի ժամանակ հռոմեական զորավար Լուկիոս Պետոսի պարտությունից հետո։ Հ․պ-ով Հռոմը Տրդատ Ա-ին ճանաչել է Հայոց թագավոր (ըստ նախն․ պայմանավորվածության՝ Տրդատ Ա մեկնելու էր Հռոմ՝ կայսր Ներոնից թագ ստանալու), վերականգնվել են Մեծ Հայքի սահմաններն ու ինքնուրույնությունը, հռոմ․ և պարթև․ զորքերը դուրս են բերվել Հայաստանից։

Գրկ․ Դիոն Կասսիոս, Հռոմեական պատմություն, Ե․, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 9։ Հին հունական աղբյուրներ, 1)։ Тацит К․, Соч․, т․ 1, Л․, 1970; Степанян А․А․, Рандейский договор и коронация Тиридата Аршакида в Риме, ՊԲՀ, 1976, №3․


ՀՌԻՓՍԻՄԵ (ծ․թ․ անհտ․ - 301), քրիստոնյա նահատակ կույս, սուրբ։ Ըստ ավանդ․ պատմության՝ 37 քրիստոնյա ազնվազարմ կանայք Հ-ի գլխավորությամբ, խուսափելով Հռոմի Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախել են Հայաստան և զբաղվել քրիստ․ քարոզչությամբ։ Վաղարշապատում սրատվել են Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի հրամանով։ Դեպքից 9 օր անց բանտից ազատված Գրիգոր Ա Լուսավորիչը թաղելով նահատակներին, Վաղարշապատի հս-արլ․ կողմում կառուցել է Հռիփսիմյանց Վկայարանը կամ Հանգստարանը (տես Հռիփսիմեի տաճար), որի շինաքարերը «մեղքերը քավող» Տրդատը բերել է Մասիս սարից։ Գրիգոր Լուսավորիչը Հ-ին և մյուս նահատակներին դասել է սրբերի կարգը, իսկ նրանց հիշատակի օրը մտցրել եկեղեցու տոնացույցում։ Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ մինչև XIII դ․ կաթողիկոսարանում պահվում էին Հ-ի մասունքները, որոնք Հռոմկլայի գրավման ժամանակ (1292) մամլուքները տարել են Եգիպտոս՝ որպես ավար։ Հ-ի գերեզմանը գտնվում է համանուն տաճարում։


ՀՌԻՓՍԻՄԵԱՏԻՊ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, եկեղեցական շենքի հայկ․ ճարտ-յան VI դ․ ստեղծած հորինվածք, որի բնորոշ և լավագույն օրինակը Էջմիածնի Հռիփսիմեի տաճարն է։ Հայաստանից դուրս հանդիպում են նաև Վրաստանում։ Հորինվածքն առաջացել է քառախորան կառուցվածքներից՝ անկյուններում ավելացնելով հատակագծում շրջանագծի 3/4 հատվածքով խորշեր, որոնք այս տիպի որոշիչ և պարտադիր տարրերն են։ Խորշերը մեծացնում են գմբեթատակ տարածությունը, ամրացնում գմբեթատակ քառակուսու անկյունները, ապահովում անցումը դեպի անկյունային սենյակները, ստեղծում արտահայտիչ ինտերիեր։ Հ․կ․ բաժանվում են երեք խմբի՝ առանց անկյունային սենյակների, 2 և 4 սենյակներով։

Առաջինին են պատկանում ԼՂՀ Մոխրենես գ․ «Օխտը դռնի» վանքի եկեղեցին (V-VI դդ․), Վրաստանում՝ Շուամթայի Փոքր եկեղեցին և Մցխեթի Ջվարիի նախնական շենքը (VII դ․)։ Երկսենյակ խմբի մեջ են մտնում Զորադիրի Ս․Էջմիածին (VI դ․), Այգեշատի Թարգմանչաց վանքի (VII դ․), Աղթամարի Ս․Խաչ (X դ․) եկեղեցիները։ Ամենամեծ՝ 4 սենյականոց խմբին են պատկանում Հայաստանում՝ Ավանի Ս․Հովհաննես (VI դ․), Արամուսի Ս․Նշան (VI դ․ 2-րդ կես), Էջմիածնի Ս․Հռիփսիմեի տաճարը, Գառնհովիտի Ս․Գևորգ (VI-VII դդ․), Արծվաբերի Ս․Աստվածածին, Սիսիանի Ս․Գրիգոր, Արծվանիստի Ս․Աստվածածին (Քոլատակի Ս․Աստվածածին, բոլորը՝ VII դ․) և Վարագավանքի Ս․Աստվածածին (XI դ․) եկեղեցիները, Վրաստանում՝ Ջվարին՝ վերակառուցումից հետո, Աթենիի Սիոնը, Շուամթայի Մեծ և Մարթվիլիի եկեղեցիները։

Հ․կ․ միջնադարյան հայկ․ ճարտ․ խոշոր նվաճումն են և ավանդը քրիստ․ ճարտ․ մեջ։

Գրկ․ Մարության Տ․, Ավանի տաճարը և համանման հուշարձաններ, Ե․, 1976։ Բրեչչիա Ֆրատադոկի Տ․, Զորադիրի Սբ Էջմիածին եկեղեցին, Ե․, 1986։ Еремян А․, Храм Рипсиме, Е․, 1955; Thierry J․-M․, Les tetraconques a niches d՚angle, «Բազմավեպ», 1980, № 1-4։


ՀՌԻՓՍԻՄԵԻ ՏԱՃԱՐ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Էջմիածնում, ճարտարապետական հուշարձան։ Հիմնադրել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը 618-ին, Վաղարշապատ քաղաքի պարիսպներից դուրս։ Այդ մասին պահպանվել են Կոմիտաս կաթողիկոսի շին․ երկու արձանագրություններն ու պատմիչների տեղեկությունները։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»։ Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում (տես Հռիփսիմե) Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝