Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/385

Այս էջը սրբագրված է

խնամակալ․ ընկերության հովանավորության տակ։ Եղել է երկդասյան դպրոց, ունեցել 5 բաժանմունք։ Դասավանդվել են կրոն, հայ․, ռուս․, թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, երգեցողություն, գեղագրություն, գծագրություն, ձեռագործ։ 1900-ին դպրոցն անցել է լուսավորության նախարարության, 1918-ին՝ Նախիջևանում ստեղծված հայ համայնքի ուս․ խորհրդի տնօրինության տակ, 1920-ից դադարել է գործել։


ՀՌՈՄ Հին, համանուն կենտրոնով հնագույն պետություն։ Կազմավորվելով Ապենինյան թերակղզում, աստիճանաբար դարձել է խոշոր աշխարհակալություն՝ ընդգրկելով Եվրոպայի արմ․ և հվ-արլ․ տարածքները, Փոքր Ասիան, Հս․ Աֆրիկայի մերձափնյա շրջանները, Ասորիքը և Պաղեստինը։ Պատմությունը բաժանվում է երեք ժամանակաշրջանի․ թագավոր․, հանրապետ․, կայսեր․։

Թագավորության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 754/753 - մ․թ․ա․ 510/509) ձևավորվել են «հռոմ․ ժողովուրդը», հռոմ․ պետ․ կարգը, կարևոր որոշումները ընդունել է ժող․ ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետ․ խորհուրդը՝ Ծերակույտը։

Հանրապետության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 510/509 - մ․թ․ա․ 30 կամ 27) Հ․ կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժող․ ժողովը և Ծերակույտը։ Հ․ մինչև III դ․ կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիկիլիան, Հս․ Աֆրիկայի ընդարձակ շրջանները, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արմ․ շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն։ Մ․թ․ա․ III-II դդ․ վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր։ Դասակարգերի և հաս․ տարբեր խմբերի միջև պայքարը, քաղաքաց․ պատերազմները քայքայել են հանրապետ․ կարգը։ Մ․թ․ա․ 30-ին Օգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմ․ պետության միանձնյա ղեկավար, իսկ մ․թ․ա․ 27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով կայսրություն։

Կայսերական ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 30 կամ 27-ից) Հ․ հասել է իր տարածքի առավելագույն ընդարձակմանը։ Սակայն արտաքին պատերազմները, ստրկատիր․ կարգի քայքայումը հանգեցրել են կայսրության թուլացմանը։ 395-ին կայսրությունը բաժանվել է երկու մասի՝ Արմ․ Հռոմ․ կայսրության (Հռոմ կենտրոնով) և Արլ․ Հռոմ․ կայսրության (Բյուզանդիա կենտրոնով), իսկ 476-ին Արմ․ Հռոմ․ կայսրությունը կործանել են գերմ․ ցեղերը։

Հ-ի պայքարը Սելևկյանների պետության դեմ նպաստել է այն բանին, որ մ․թ․ա․ II դ․ սկզբին հայկ․ պետությունները՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերականգնել են իրենց անկախությունը։ Հետագայում Հ․ հայկ․ պետությունների նկատմամբ վարել է նվաճող․ քաղաքականություն։ Միհրդատյան պատերազմների (մ․թ․ա․ 89-63) ժամանակ, մ․թ․ա․ 69-ին, զորավար Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել է Մեծ Հայք, սակայն շուրջ երկամյա պատերազմում պարտություն կրել Տիգրան Բ-ից։ Մ․թ․ա․ 66-ին հռոմ․ զորավար Գնեոս Պոմպեոսը Տիգրան Բ-ի հետ կնքել է Արտաշատի պայմանագիրը։ Միհրդատյան պատերազմները հաջողությամբ ավարտած Պոմպեոսը կատարել է վարչ․ փոփոխություններ․ Փոքր Հայքը տվել է իր դաշնակից գաղատների առաջնորդ Դեիոտարոսին, Կոմմագենեն՝ Անտիոքոս Սելևկյանին, իսկ Ծոփքը՝ Կապադովկայի թագավոր Արիոբարզանեսին։ Այնուհետև հռոմ․ գործիչները (Մարկոս Կրասոս, Մարկոս Անտոնիոս) ձգտել են Հայաստանն ու նրա զին․ ուժերն օգտագործել Պարթևաստանի դեմ պայքարում, սակայն Արտավազդ Բ արքան կարողացել է պահպանել Մեծ Հայքի ինքնուրույնությունը։ Դրանից դժգոհ Անտոնիոսը մ․թ․ա․ 34-ին ներխուժել է Մեծ Հայք, գերել Արտավազդ Բ-ին, տարել Եգիպտոս և մ․թ․ա․ 31-ին գլխատել։ Հռոմ․ առաջին կայսր Օգոստոսը և նրա հաջորդները ձգտել են Մեծ Հայքն իրենց ազդեցությանը ենթարկել դրածո թագավորների միջոցով։ Կայսր Ներոնի գահակալության տարիներին (54-68), մի կողմից՝ Հռոմի, մյուս կողմից՝ Հայաստանի ու Պարթևաստանի միջև տեղի ունեցած պատերազմի (54-64) հետևանքով՝ Հ․ ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, որտեղ թագավոր է հռչակվել Տրդատ Ա (տես Հռանդեայի պայմանագիր 64)։ 114-ին կայսր Տրայանոսը ներխուժել է Մեծ Հայք և այն հռչակել հռոմ․ նահանգ։ Կայսր Ադրիանոսը (117-138), սակայն չկարողանալով Մեծ Հայքում պահպանել Հ-ի գերիշխանությունը, 117-ին ճանաչել է նրա անկախությունը։ Կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ (161-180), հռոմա-պարթև․ պատերազմի հետևանքով, Մեծ Հայքը դարձել է Հ-ից կախյալ թագավորություն։ Սակայն նրա հաջորդների ժամանակ հայկ․ զորքերը հետ են մղել կայսր Կարակալլայի (211-217) հարձակումը և վերականգնել երկրի ինքնուրույնությունը։ Պարսկաստանում Սասանյանների արքայատան հաստատումից (226) հետո, երբ սրվել են հայ-պարսկ․ հարաբերությունները, Մեծ Հայքը գերազանցապես դաշնակցել է Հ-ին։ Կայսր Հովիանոսը (363-364), դավաճանելով հռոմա-հայկ․ դաշնակցությանը, պարսիկներին է զիջել Միջագետքի տիրույթները, Մեծ Հայքի Աղձնիք, Մոկք, Կորդուք նահանգները ևն տարածքներ (տես «Ամոթալի դաշնագիր» 363)։ Հռոմա-պարսկ․ հակամարտությունները, ի վերջո, «լուծվել են» Մեծ Հայքը բաժանելու (387) միջոցով։

Հռոմ․ մշակույթը, որն իր մեջ ներառել է նաև հունականի և հելլենիստականի տարրերը, մեծ ազդեցություն է թողել եվրոպ․ մշակույթի վրա։ Մ․թ․ա․ II դ․ սկզբից մինչև մ․թ․ 395-ը Հ-ի և Հայաստանի միջև զարգացել են նաև առևտր․, մշակութ․ կա