Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/386

Այս էջը սրբագրված է

պեր, տեղի է ունեցել ռազմ․ արվեստների փոխազդեցություն։

Գրկ․ Աստուրյան Հ․, Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հռովմայ, Վնտ․, 1912։ Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Մանասերյան Ռ․, Տիգրան Բ Մեծ․ Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ, Ե․, 1987։ Моммзен Т., История Рима, т․ 1–3, М․, 1936–49․


ՀՌՈՄ, Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքը։ Բն․ 2,8 մլն (1996)։

Հայերի բնակության մասին Հ-ում հիշատակություններ կան դեռևս մ․թ․ա․ I դարից։ Մ․թ․ 65-ին Հայոց թագավոր Տրդատ Ա այցելել է (շուրջ 3 հզ-անոց շքախմբով) Հ․ և թագադրվել Ներոն կայսրի կողմից։ IV դ․ Հ-ում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը (որին Հ-ում հուշարձան է կանգնեցվել)։ 552-ին բյուզ․ զորքերի հրամանատար և Ռավեննայի փոխարքա (541-568) Նարսես Պատրիկը քաղաքն ազատագրել է գոթերից և այնուհետև շին․ լայն գործունեություն ծավալել Հ-ում (ավանդությունը Նարսեսին է վերագրում «Կիլիկյան» վանքի շին-ը)։ VII դ․ Հ-ում եղել է հայկ․ վանք (որի աբբա Թաղասիոսը մասնակցել է 649-ի Լատերանի տիեզերաժողովին), XI դ․՝ հայկ․ եկեղեցի։ Հ-ում եղել է հայկ․ թաղամաս։

XIII-XVI դդ․ Հ-ի հայ համայնքը, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները, ստվարացել են։ Հ․ են եկել հայ մտավորականներ, եկեղեց․ գործիչներ, վաճառականներ։ Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, առաջին հայերեն գիրքը («Տոմար Գրիգորյան») Հ-ում տպագրվել է 1584-ին։ 1883-ին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը (կաթոլիկ հայ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոց)։ Հ-ի պետ․ համալսարանի դասախոսներ (պրոֆ-ներ՝ Գ․Ֆրանկովիչ, Պ․Կունեո, ճարտ․ Հ․Վահրամյան) զբաղվել են հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ։ 1960-ական թթ․ գրեթե ամեն տարի կատարել են բազմաթիվ գիտարշավներ Խորհրդ․ Հայաստան և Արմ․ Հայաստանի տարածքներ։ 1968-ին Հ-ում կայացել է հայ ճարտարապետության առաջին ցուցահանդեսը, հրատարակվել՝ հայ ճարտարապետությանը նվիրված չորս մենագրություն։

1999-ին Հ-ում բնակվում էր շուրջ 500 հայ։


ՀՌՈՄԿԼԱ, Հռոմ-Քար, Կլայն Հռոմեական (արաբ․ անվանումը՝ Կալաատ ար Ռում, թուրք․ Ռում կալե), բերդաքաղաք Կիլիկիայում, Եփրատեսիա նահանգում, Եփրատ գետի աջ ափին, Փարզման (այժմ՝ Մերզումեն) վտակի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա։ Շրջափակված էր դժվարամատչելի ժայռերով, երեք կողմից ողողվում էր Եփրատի ու Փարզմանի ջրերով, ուներ քառաշարք պարիսպ, աշտարակավոր 7 դարպասով։ Ժայռերին խարսխված բարձր պարիսպներն ամրացված էին ուղղանկյուն կտրվածքի աշտարակներով։ Բերդի ներսում պահպանվել են աշխարհիկ շենքերի ավերակներ։ Հ․ հռչակված էր ձիթենու, թզենու, պիստակենու ծառաստաններով, ձմերուկի, սեխի, դդմի մշակությամբ։

Բյուզ․ տիրապետության ժամանակ Հ․ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ (այստեղից էլ նրա Հ․՝ «հոռոմների կամ հույների բերդ» անունը)։ XI դ․ 2-րդ կեսից ենթարկվել է Փիլարտոս Վարաժնունու, այնուհետև Գող Վասիլի հայկ․ իշխանություններին։ Մեծ իշխան Գող Վասիլի մահից (1112) հետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա Վասիլից Հ․ գրավել և պարգևել է իր ազգական Ջոսլին II Կուրնեին։ 1151-ին Ջոսլինի այրին՝ Բեատրիս դքսուհին, Հ․ վաճառել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն։ Վերջինս վերակառուցել է Հ-ի ամրությունները, հիմնել երկու հոյաշեն եկեղեցի (Ս․ Գրիգոր Լուսավորիչ, Ս․Աստվածածին) և Հայոց կաթողիկոս․ աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ։ Ավելի ուշ Հ-ում կառուցվել է նաև Ս․Փրկիչ եկեղեցին։ 1178-ին և 1179-ին Հ-ում գումարված ժողովները, որին մասնակցել են գրեթե բոլոր հայ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, քննարկել ու մերժել են բյուզ․ եկեղեցուն միանալու Հռոմի պապի առաջարկը և ճանաչել Հ-ի կաթողիկոսության համահայկ․ ընդհանրական իրավունքը։ Մինչև XIII դ․ սկիզբը Հ․ եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը։ Հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործն այն միացրել է արքունի տիրույթներին։ Մինչև 1292-ը Հ-ում է եղել Հայոց կաթողիկոս․ աթոռը։ Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166-73) Հ․ դարձել է համահայկ․ մշակութ․ կենտրոն։ Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են