Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/387

Այս էջը սրբագրված է

բազմաթիվ ձեռագրեր, ստեղծվել նորերը։ Հ․ հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Հ-ում են գործել նաև կաթողիկոսներ Գրիգոր Դ Տղան, Կոստանդին Ա Բարձրբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը և ուր․։

1292-ի մայիսին Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը խոշոր ուժերով պաշարել է Հ․։ Բնակիչներն ու պահակազորը 33 օր հերոսաբար դիմադրել են թշնամուն և, զրկված դրսի օգնությունից, հունիսի 28-ին ընկել են։ Թշնամին ներխուժել է քաղաք, սրի քաշել պահակազորը, կողոպտել քաղաքը, բնակչության զգալի մասին (ըստ արաբ․ աղբյուրների՝ 30-40 հզ․), այդ թվում՝ Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին գերեվարել են։ Հ-ի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ։ Հ-ի անկումից հետո կաթողիկոս․ աթոռը հաստատվել է մայրաքաղաք Սսում։ XVI դ․ հետո, օսմ․ թուրքերի տիրապետության ժամանակ, Հ-ի Ս․Աստվածածին եկեղեցին վերածվել է մզկիթի, մյուսներն ավերվել են։ Հ․ վերջնականորեն ավերվել է 1839-ին՝ Եգիպտոսի Իբրահիմ փաշայի հրետակոծությունից։ Հ-ի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Շնորհալու աճյունները։ Մինչև XX դ․ սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների ուխտատեղի էր (եզդիներն այն անվանում էին «Տեր Ներսես»)։

Գրկ․ Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Ե․, 1965։ Կիլիկիա, ՍՊԲ, 1894։ Կյուլեսերյան Բ․, Ծովք։ Ծովք-Տլուտք և Հռոմ-կլա, Վնն․, 1904։


«ՀՌՈՄԿԼԱ», պատկերազարդ պարբերաթերթ։ Հռոմի Լևոնյան ժառանգավորաց վարժարանի հրատ․։ Լույս է տեսել 1962-72-ին, Հռոմում (տպագրվել է Վենետիկում)։ Պատմել է հաստատության առօրյայի մասին, տպագրել է նախկին սաների հուշերը, տպավորություններ Հայաստանից։ Անդրադարձել է կրոն․ հարցերի, հրատարակել մեկնություններ կաթոլիկ եկեղեցու ծիս․ կարգի վերաբերյալ։


ՀՌՈՄԿԼԱՅԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, կիլիկյան մանրանկարչության տեղական դպրոց։ Սկզբնավորվել է XII դ․ 2-րդ կեսին և գոյատևել մինչև 1292-ը, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել ու ավերել են Հռոմկլան։ Այստեղ ընդօրինակվել ու պատկերազարդվել են բազմաթիվ մատյաններ, որոնք մեծապես նպաստել են կիլիկյան գրքարվեստի մյուս կենտրոնների աշխուժացմանն ու մանրանկարիչների վարպետության կատարելագործմանը։

Մեզ հայտնի ամենահին ձևավորված հատորի՝ 1166-ի Ավետարանի (Մատենադարան, ձեռ․ № 7347) նկարազարդումներում արտացոլվել են ոչ միայն XI դ․ հայ գրքարվեստի սկզբունքները, այլև Ասորիքի ու Կիլիկիայի սահմանում գտնվող Սև լեռան հայկ․, հուն․, ասոր․, վրաց․, լատ․ վանքերի համագործակցության ծնունդ հանդիսացող պատկերագր․ օրինաչափությունները։ XII դ․ Հռոմկլայում որոշ ժամանակ աշխատել է նաև Գրիգոր Մլիճեցին, որն այստեղ 1174-ին Ներսես Շնորհալու համար ծաղկել է Ավետարան։ Ենթադրվում է, որ Հռոմկլայում է նկարազարդված Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահի ստույգ թվական չունեցող XII դ․ Ավետարանը (ձեռ․ № 50․3), որի խորանների, ավետարանիչների դիմանկարների և անվանաթերթերի գեղեցկությանը գումարվում են երկու՝ «Ավետում» և «Պայծառակերպություն» տերուն․ կոթողային պատկերների հանդիսավորությունն ու խորհրդավորությունը։ Կարծիք կա, որ Հռոմկլայում է ծաղկվել XII դ․ կիլիկյան ամենաշքեղ մատյաններից մեկը՝ Բալթիմորի Ուոլթերս պատկերասրահի 1193-ի Ավետարանը (ձեռ․ № 538), որի մանրանկարչությունը բաղկացած է խորաններից, ավետարանիչների անվանաթերթերից և լուսանցազարդերից։ Կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու նախաձեռնությամբ և հովանավորությամբ XIII դ․ սկզբին Հռոմկլա են հրավիրվել Կիլիկիայի լավագույն մանրանկարիչներն ու գրիչները, որոնք մի քանի տասնամյակ ընդօրինակել և ծաղկել են բազմաթիվ ընտիր մատյաններ։

Դրազարկից Հռոմկլա տեղափոխված «չքնաղագեղ գրիչ» Կիրակոսի ծաղկած Ավետարանների (1244 թ․, Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռ․ № 69/151, 1248թ․, Անթիլիաս, Կիլիկիայի կաթողիկոսարանի հավաքածու, ձեռ․ № 8, 1249թ․, Մատենադարան, ձեռ․ № 7690) մանրանկարներում զգալի է նրբագեղության և շքեղության մեծ ձգտում, մարդկային կերպարների դիմագծերն առավել իրապաշտորեն հաղորդելու ցանկություն։ Կիրակոսի, հավանորեն նրան աշակերտած Վարդանի (Ավետարան, 1251 թ․, Մատենադարան, ձեռ․ № 3033), գրիչ Հովհաննեսի (Ավետարան, 1235թ․, Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռ․ № 833, Ավետարան, 1253թ․, Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռ․ № 44․17) ծաղկած ձեռագրերը մեզ հասած առաջին ստեղծագործություններն են, որոնք գաղափար են տալիս XIII դ․ 1-ին կեսի Հ․մ․դ-ում սկսված գրքարվեստի զարթոնքի մասին։ Այդ երկերը