Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/390

Այս էջը սրբագրված է

մենտի գործարանները ևն։

Գործում են միջ․, երաժշտ․, մարզ․, գեղ․ դպրոցներ, տեխնիկում, գիմնազիա, մսուր-մանկապարտեզներ, գրադարանների կենտրոնացած համակարգ, 3 կապի հանգույց՝ բաժիններով, մշակույթի, շախմատիստի, տեխնիկայի տներ, ակումբ, թատրոն, մարզահամալիր, հիվանդանոց, նարկոլոգ․ դիսպանսեր, պոլիկլինիկա, դեղատուն։ Կա պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, զբոսայգի, արհեստ․ լիճ (հէկը կարգավորող)։

Հ-ի առաջին գլխ․ հատակագիծը (ընդգրկել է Ներքին Ախտա և Ալափարս գ-երը) մշակվել է 1927-28-ին (ճարտ․ Ա․Թամանյան), հաջորդը (ընդգրկել է նաև Մաքրավան, Աթարբեկյան, Ջրառատ և Կաքավաձոր գ-երը, Գյումուշի հէկի արհեստ․ լճի շրջապատի հարթավայրերն ու բարձ-ները)՝ 1961-63-ին (ճարտ-ներ՝ Մ․Գրիգորյան, Է․Ալթունյան)։ 1978-80-ին կազմվել է նոր գլխ․ հատակագիծ (120 հզ․ բնակչի համար, 2010-ի հաշվարկային ժամկետով, ճարտ-ներ՝ Ս․ Մանուկյան, Է․ Ալթունյան, Վ․ Տոնիկյան, Թ․ Բալայան, Է․ Հարությունյան, ինժ․ Գ․ Պողոսյան և ուր․)։ Քաղաքը կազմված է 3 հիմն․ զանգվածներից՝ հվ․, կենտր․ և հս․։ Հիմն․ արդ․ շինությունները կենտրոնացված են հս․ արդ․ հանգույցում (ճարտ-ներ՝ Ս․ Մանուկյան, Վ․ Տոնիկյան, Ժ․ Հովսեփյան, Բ․ Պատրիկյան)։ 1969-ին կազմվել է Հ-ի վարչահաս-մշակութ․ կենտրոնի նախագիծը (ճարտ-ներ՝ Մ․ Գրիգորյան, Ս․ Մանուկյան, Վ․ Տոնիկյան, Թ․ Բալայան), վերակազմվել 1977-85-ին (ճարտ-ներ՝ Մ․ Միքայելյան, Գ․ Գրիգորյան)։ Հս․ զանգվածի միկրոշրջանների կառուցապատման նախագծերը կազմվել են 1964-88-ին (ճարտ-ներ՝ Մ․ Հայրապետյան, Լ․ Մելքոնյան, Է․ Ալթունյան, Լ․ Հովհաննիսյան, Ն․ և Գ․ Պատրիկյաններ)։ Հ-ում կառուցվել են հէկ և ակումբ (1958, ճարտ․ Տ․ Մարության), «Ծովինար» ռեստորանը (1960, ճարտ․ Ռ․ Իսրայելյան), հյուրանոց (1967, ճարտ․ Հ․ Աչյան), մարզպետարանի, քաղխորհրդի միացյալ շենքը (1976, ճարտ․ Գ․ Գրիգորյան), ավտոկայանը (1978, ճարտ․ Հ․ Առաքելյան), դպրոցականների պալատը (1978, ճարտ․ Ս․ Քյուրքչյան), էներգետիկների պալատը (1979, ճարտ․ Լ․ Հովհաննիսյան), ավտոհանգրվանը (1980, ճարտ․ Ռ․Հովսեփյան) ևն։


ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան ք-ից մոտ 800 մ հս-արլ․, Սուդաղյան բլրի շրջակայքում։ Հանքավայրի ուսումնասիրությունը կատարվել է 1948-49-ին, արդ․ շահագործումը սկսվել է 1963-ից։ Արդյունահանվում է բաց եղանակով, երկաթի միջին պարունակությունը 27,9 % է։

Երկրբ․ կառուցվածքում առկա են մինչքեմբրիի փոխակերպված թերթաքարեր, կավակրաքարեր, վերին կավճի ու պալեոգեն-նեոգենի կրաքարեր, ավազաքարեր ու մերգելներ, որոնք հատվում են վերին էոցենի քվարցդիորիտային-գրանոդիորիտային խորքային զանգվածով։ Հանքաքարերը խորքային զանգվածի սահմանակից տեղամասերում տարածված սկառներ են՝ կազմված նռնաքար, էպիդոտ, մագնետիտ միներալներից։

Սկառնային հանքայնացման զոնայի երկար․ մոտ 1400 մ է, հաստությունը՝ 150-200 մ։ Հանքանյութերն առաջացնում են մագնետիտի բներ, ոսպնյակներ, երակաձև ու շերտանման կուտակումներ, ցանավոր ներփակումներ։ Հանքաքարից ստացվող սպունգանման երկաթը բարձրորակ հումք է էլեկտրատեխ․ արդ․ մեջ օգտագործվող հատուկ մակնիշի պողպատ ստանալու համար։


ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան ՀՀ-ում 1959-95-ին։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Մինչև 1959-ը՝ Ախտայի շրջան։ 1995-ի դեկտ․ 4-ից ներառվել է Կոտայքի մարզի կազմում։


ՀՐԱԶԴԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ (ՀՊՇԷԿ), կառուցվել է 1963-74-ին, ՀՀ Հրազդան քաղաքի հյուսիս-արևմտյան մասում։ Սահմանված հզորությունը՝ 1110 ՄՎտ։ Որպես վառելիք հիմնականում օգտագործում են բնական գազ և մազութ։ ՀՊՇԷԿ-ում տեղակայված են մեկ 50 ՄՎտ ու երկու 100 ՄՎտ հզորության ջերմաֆիկացիոն (ոչ բլոկային մաս) և երեք 200 ՄՎտ ու մեկ 210 ՄՎտ հզորության կոնդենսացիոն (բլոկային մաս) տուրբաագրեգատներ։ Բլոկային մասի տուրբաագրեգատները հանդերձված են ջրախնայողության և օդային հովացման համակարգով։ 1987-ից սկսվել են ՀՊՇԷԿ-ի ընդարձակման (ժամանակակից էներգաբլոկների կառուցման) աշխատանքները։

1997-ից ՀՊՇԷԿ-ի հիմքի վրա ձևավորվել է 2 ՊՓԲԸ, որոնցից մեկը ներառում է ՊՇԷԿ-ի հիմն․ և օժանդակ սարքավորումները և կոչվում է Հրազդանի ջէկ (1110 ՄՎտ հզորությամբ), իսկ մյուսն ընդգրկում է էլեկտրակայանի ընդարձակվող մասը (300 ՄՎտ հզորության էներգաբլոկ) և կոչվում է Հրազդան-5 ԾԻԳ (ծրագրերի իրականացման գրասենյակ)։


ՀՐԱԶԴԱՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ, հրաբխային սարավանդ ՀՀ Կոտայքի մարզում, Գեղամա լեռների հյուսիսարևմտյան լանջին։ Բարձր․ 1700-1850 մ է։ Նեղ գոտիով ձգվում է Հրազդանի կիրճի ձախ ափով։ Մակերևույթը մեղմ ալիքավոր է։ Ծածկված է Գեղամա լեռներից արտավիժած լավաներով։ Բուսածածկույթը տափաստանային է։ Մշակում են հացահատիկ, կերային կուլտուրաներ։


ՀՐԱԶԴԱՆԻ ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆ, հիմնվել է 1970-ին։ Թողարկում է 500 և 400 մակնիշի ցեմենտ։ Ունի մանրացման, թաց հումքի պատրաստման, թրծման, չոր աղացման և այլ արտադրամասեր։ 1999-ին արտադրել է 1 մլն 112 հզ․ տ ցեմենտ։


«ՀՐԱԶԴԱՆՄԵՔԵՆԱ», «Հրազդանմաշ» փակ բաժնետիրական ընկերություն։ Կազմակերպվել է 1994-ին՝ 1993-ին ստեղծված նույնանուն