Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/394

Այս էջը սրբագրված է

համադրումը։ Հ․ արմատապես հրաժարվել է դերասան․ խաղի մելոդրամային ոճից և հակվել դեպի XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի հոգեբ․ թատրոնը։

Երկ․ Իմ հիշողություններս, Փարիզ, 1909։

Գրկ․ Ստեփանյան Գ․, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 1, Ե․, 1962։


ՀՐԱՉՅԱՆ (Մեսրոպյան) Խաչիկ Թադևոսի [1․7․1912, գ․ Նորաշեն (ՀՀ Արարատի մարզում) - 28․5․1989, Երևան], գրող, թարգմանիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստ․ գործիչ (1985)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի կերպարվեստի տեխնիկումը (1934)։ Հեղինակ է բանաստեղծությունների («Շեփորներ», 1931, «Մկանների լիրիկան», 1931, «Բոլոր գույները», 1985), արձակ գործերի («Ուրցի Մարան», 1961, վեպ, «Ռոմանտիկները», 1963, վիպակ, «Չորրորդ հարկի պատուհանից», 1965, պատմվածքներ)։ Լույս է տեսել Հ-ի «Երեքից մինչև տասներեք» (1973) մանկ․ գործերի հատընտիրը (չափածո և արձակ)։ Հ․ թարգմանել է Վ․ Մայակովսկու, Ա Կոնան Դոյլի, Ա․ Տվարդովսկու, Կ․ Չապեկի, Մ․ Տվենի, Բ․ Բրեխտի, Կ․ Պաուստովսկու, Ու․ Թեքերեյի, Վ․ Սարոյանի ստեղծագործություններից։

Երկ․ Ներկա բացակա [վիպակներ և պատմվածքներ], Ե․, 1987։


ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, հրապարակագրություն, գրական ստեղծագործության տեսակ՝ նվիրված ժամանակի հասարակական կյանքի հրատապ հարցերին ու երևույթներին։ Պարունակում է փաստական նյութ, հեղինակային գնահատականը՝ տրված հաս-քաղ․, գաղափար․ որոշակի դիտանկյունից, նշում է առաջարկված նպատակին հասնելու ուղիներն ու միջոցները։ Հատուկ է գեղ․ գրականությանն ու լրագրությանը և դրանց հետ առնչվող հեռուստատեսությանն ու ռադիոյին, ինչպես նաև կերպարվեստին, մասնավորապես՝ վավերագրականին ևն։

Մ․թ․ա․ V-I դդ․ զարգացել է բանավոր Հ․ (Սոկրատես, Դեմոսթենես, Ցիցերոն)։ Հ․ զարգացման նոր փուլ է մտել Վերածննդի ժամանակաշրջանում և, հատկապես, գրքի տպագրության գյուտից հետո՝ կապված հաս-քաղ․ շարժումների հետ։

Հայաստանում Հ․ սկզբնավորվել է հնագույն ժամանակներում, զարգացել միջնադարում (Մեսրոպ Մաշտոց և ուրիշներ)։ Հայ միջնադարյան Հ-յան ցայտուն օրինակ է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», «Ողբը» (V դ․)։ Միջնադարում իշխող Հ-յան տեսակետներից է քարոզը (տես նաև Քարոզգիրք)։ Հ-յան նմուշներ են աղանդների դեմ ուղղված հայ եկեղեցու գործիչների բազմաթիվ երկերը։ Երևելի հրապարակախոսներ են XVIII դ․ և XIX դ․ սկզբի հնդկահայ գաղթավայրի գործիչներ Մ․ Բաղրամյանը, Շ․ Շահամիրյանը, Հ․ Շմավոնյանը, Մ․ Թաղիադյանը, որոնք խոր հետք են թողել հայ հաս․ մտքի զարգացման պատմության մեջ։ XIX դ․ Հ․ զարգացել է ի դեմս Խ․Աբովյանի։ Ազգային-առաջադիմական գաղափարների ազդեցությամբ հայ Հ․ առաջ է մղել «Հյուսիսափայլը»։ Մ․ Նալբանդյանը, Հ․ Սվաճյանը, Ս․ Նազարյանը, Ս․ Ոսկյանը, Գ․ Չիլինկիրյանը, այնուհետև Գ․ Արծրունին, Մ․ Մամուրյանը, Ա․ Հովհաննիսյանը, Ա․ Արասխանյանը դարձել են հայ Հ-յան դասականներ։ Հ-յամբ հանդես են եկել հայ դաս․ և ժամանակակից գրողներ՝ Րաֆֆի, Հ․ Պարոնյան, Հ․ Թումանյան, Շիրվանզադե, Ա․Իսահակյան, Ե․ Չարենց, Ն․ Զարյան, Հ․ Քոչար, Պ․ Սևակ, Ս․ Կապուտիկյան, Վ․ Դավթյան, Վ․ Պետրոսյան, Զ․ Բալայան, ուր․։

Արդի Հ-յան զարգացումը պայմանավորված է քաղ․ կարգերի ժողովրդավարացումով, լայն հրապարակայնությամբ, ժողովրդի հաս․ գիտակցության աճով և քաղաքացիական ակտիվությամբ։

Հ-յանը հատուկ է ժանրային, ոճական բազմազանությունը։


«ՀՐԱՎԻՐԱԿ», Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) կենտրոնական վարչության պարբերաթերթ։ Լույս է տեսել 1925-26-ին, Երևանում։ Ծանոթացրել է ՀՕԿ-ի աշխատանքներին, ներկայացրել Վրաստանում, Ադրբեջանում, Մոսկվայում և հայաշատ այլ վայրերում գործող ՀՕԿ-ի մասնաճյուղերի գործունեությունը։ «Վերածնվող Հայաստանը» խորագրով բաժինը ծավալուն տեղ է հատկացրել հանրապետության տնտեսության ու մշակույթի լուսաբանմանը։


ՀՐԱՔԱՐԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, մետաղային հանքավայրերի տիպ, ջրաջերմային, միջին ջերմաստիճանի, փոքր խորությունների առաջացումներ՝ կազմված հիմնականում հրաքարից (զուգորդված քալկոպիրիտի, բոռնիտի, քալկոզինի, սֆալերիտի, գալենիտի, երբեմն տելուրիտների և այլ միներալների հետ)։ ՀՀ Հ․հ-ին բնորոշ է ոսկու և արծաթի բարձր պարունակությունը։ Հ․հ․ սերտորեն կապված են հրաբխածին, հրաբխածին-նստվածքային ստվարաշերտերի հետ, վերահսկվում են հրաբխ․ կառուցվածքներով և առաջացնում հանքակուտակումներ (երակներ, երակիկացանավոր գոտիներ, ոսպնյականման ու տձև հանքամարմիններ)։ ՀՀ Հ․հ-ի տիպին են պատկանում Ալավերդու, Շամլուղի, Ախթալայի, Կառնուտի, Վազաշենի, Կապանի, Շահումյանի (Ալավերդի-Կապանի մետաղածնական գոտի) և Դիլիջանի, Տանձուտի, Հանքաձորի, Չքնաղի, Արմանիսի (Սևան-Ամասիայի մետաղածնական գոտի) հանքավայրերը։


ՀՐԱՔՈՏ-ՊԵՐՈԺ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգում։ Հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում (ստույգ տեղադրությունն անորոշ է)։ Ուսումնասիրողների մի մասի կարծիքով, ընդգրկել է ներկայիս Միլի դաշտը՝ Փայտակարան ք-ով հանդերձ։ Որոշ ուսումնասիրողներ Հրաքոտը և Պերոժը համարել են գավառներ։ V դ․ 1-ին կեսին Սասանյան Իրանը Հ-Պ․ Փայտակարանի հետ միաց