Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/395

Այս էջը սրբագրված է

րել է Ատրպատականին:

Գրկ. Աշխարհացոյց, հրտ. Ա. Սուքրյանի, Վնտ., 1881: Երեմյան Ս.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963:


ՀՐԵՇՆԵՐ, առասպելական, երևակայական արարածներ: Պատկերացվել են անբնական ու զարհուրելի կերպարանքներով, բազմագլուխ, խառնածին ու այլաձև մարմնանդամներով: Հրեշների վերաբերյալ հավատալիքներն առաջացել են նախնադարյան ժամանակներում՝ ահարկու և վնասակար կենդանիների հանդեպ երկյուղից, ինչպես նաև՝ «հոգեփոխության» (մահից հետո հոգու «տեղափոխումը» այս կամ այն կենդանու մեջ) նկատմամբ հավատից:

Շատ ժողովուրդներ, նաև հայերը, հրեշներին դիտել են չար դևերի ու կախարդների ծառաներ, որոնք, իբր, կերպարանափոխվելով մոլորեցնում և կորստյան են մատնում մարդկանց, ավերում արտերը, հափշտակում բերքը, պղծում անասուններին և այլն: Հին հայերը հրեշներին, ըստ ենթադրյալ կերպարանքի, անվանել են վիշապ, վիշապառյուծ, քաղ, եղջերվաքաղ, արալեզ, ապառ, նհանգ, ընդղա, շուոտ, շուտիկ, համբարու (քարաթոշ, քարթոշ), ձիացուլ, ծովացուլ, եզնախոյ, հուշկապարիկ (վշկապարիկ, պարիկ, պայք, իշացուլ), նոխազոտ (մարդաքադ), ճիվաղ (ճևեղիկ) և այլն: Քրիստոնեական եկեղեցին թեև պայքարել է հրեշների հավատի դեմ, սակայն այն դրսևորվել է նաև միջին դարերում և հետո:

Գրկ. Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895:


ՀՐԿԵԶ (Ալոյան Սիրական) [1876, գ. Երանոս (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում) - 1943, գ. Երանոս], գուսան: Խոհախրատական, հայրենասիրական երգերի հեղինակ: Գրել է նաև հանելուկներ, դաստաններ, պատկերել գյուղի կյանքը:


ՀՐՇԵՋ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, 1. մարդկանց կյանքը և նյութական արժեքները հրդեհներից պահպանող պետական և հասարակական միջոցառումների համակարգ: 2. Հրդեհները նախազգուշացնող հակահրդեհային միջոցառումների իրականացումը հսկող կազմակերպություն:

Հրշեջ պաշտպանության կամավորական առաջին խումբը (18 մարզիկ) Երևանում կազմակերպվել է 1924-ին: 1928-ին ստեղծվել է Հայաստանի հրշեջ պաշտպանության կենտրական վարչությունը, որը Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Էջմիածնում, Ալավերդիում և Կապանում, ինչպես նաև մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում ու հաստատություններում իրագործել է հակահրդեհային միջոցառումներ: 1934-ին հրշեջ պաշտպանության կենտրոնական վարչությունը վերակազմվել է ՀՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հրշեջ պաշտպանության բաժնի: 1935-ին Երևանում գործել են վեցամսյա, 1936-1937-ին՝ միամսյա, 1937-ին՝ երկամյա հրշեջ-տեխնիկական դպրոցներ: 1939-41-ին հանրապետության խոշոր ձեռնարկություններում կազմակերպվել են ռազմականացված հրշեջ պաշտպանության խմբեր, իսկ հետագայում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արթիկում և Դիլիջանում՝ կամավոր հրշեջ ընկերություններ: 1955-ին Երևանի կամավոր հրշեջ ընկերության հիմքի վրա կազմակերպվել է Հանրապետական հրշեջ ընկերությունը (Հայհրշեջ): Հրշեջ պաշտպանությունը մտնում է ՀՀ ՆԳՆ կազմի մեջ: 1999-ին ՀՀ-ում գործել են շուրջ 90 ռազմականացված և մասնագիտացված հրշեջ մասեր, 51 կամավոր ընկերություն:


ՀՈՒԴԱՅԱԾԱՌ, արճվան (Cercis), բակլազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղ:

Տերևները պարզ են, մատնաջիղ, կլորավուն, հիմքում՝ սրտաձև, ծաղիկները՝ երկսեռ, վարդագույն: Պտուղը ունդ է:

ՀՀ տարածքում (Մեղրու նախալեռնային շրջանում) բնական վիճակում աճում է Գրիֆիթի հուդայածառ (C.Griffithii): Ոչ խոշոր թուփ է, բազմանում է սերմերով: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Արհեստական անտառներում, պուրակներում, ճանապարհների եզրերին (Երևան, Արմավիր, Իջևան, Նոյեմբերյան և այլն) կան հուդայածառի խմբակցություններ: Հուդայածառը գեղազարդիչ է, օգտագործվում է կանաչապատման նպատակով (Երևանի Ա.Իսահակյանի պուրակ, Կոմիտասի անվան զբոսայգի): Բնափայտն արժեքավոր է, սակայն սահմանափակ տարածվածության պատճառով լայն կիրառություն չունի:


ՀՈՒԼԱՎՈՒ, Հուլաղու (1217-1265), Մերձավոր և Միջին Արևելքում մոնղոլական պետության (իլխանության) և Հուլավյան դինաստիայի հիմնադիրը (1256): Մոնղոլական մեծ խան Չինգիզ խանի թոռը: 1256-ին գրավել է Իրանը, Իրաքը, 1257-ին՝ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և այլ երկրներ ու հիմնել պետություն: Ձևականորեն ճանաչել է մոնղոլական կենտրոնական պետության մեծ խանի գերակայությունը, նրանից ստացել իլխանի (ժողովրդի պետ) տիտղոսը: Հայաստանի Բագրեվանդ գավառում (Բագավանից հարավ) հիմնել է աթոռանիստ: 1258-ին գրավել է Բաղդադը և վերացրել Աբբասյան խալիֆայությունը, արշավել է Ասորիք, Եգիպտոս, պատերազմել Ոսկե հորդայի դեմ:

Հուլավու արշավանքներին մասնակցել են նաև Մեծ Հայքի իշխանները՝ Շահնշահ Զաքարյանի որդի Զաքարեն, Պռոշ Խաղ