Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/396

Այս էջը սրբագրված է

բակյանը, Սևադա Խաչենցին և ուրիշներ: Հուլավու հետ դաշնակցել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա:

Հուլավու օրոք, երկարատև պատերազմների պատճառով, Հայաստանի և հարևան երկրների դրությունը վատթարացել է:


ՀՈՒԼԻԱՆՈՍ ՈՒՐԱՑՈՂ, Փլավիոս Կլավդիոս (331-363), հռոմեական կայսր 361-ից: Կոստանդին I Մեծի եղբորորդին: Հաջորդել է Կոստանդիոսին: Արևմուտքում պատերազմել է ֆրանկների, սաքսերի ու ալեմանների, արևելքում՝ Պարսկաստանի դեմ:

Հուլիանոս Ուրացողը հովանավորել է հեթանոսությունը՝ քրիստոնեությունը համարելով ստրկական հնազանդության կրոն, որի ընդունումը, ըստ նրա, նահանջ էր հին հռոմեական առաքինություններից: Հուլիանոս Ուրացողը հեթանոսական տաճարներին վերադարձրել է խլված ունեցվածքը, իշխանությունից հեռացրել քրիստոնյաներին, գրել Է «Ընդդեմ քրիստոնեության» աշխատությունը: Այդ ամենի համար ստացել է «Ուրացող» մականունը:

Սերտ կապերի մեջ է եղել Հայոց արքա Արշակ Բ-ի հետ և, ենթադրվում է, Հուլիանոս Ուրացողը Արշակ Բ-ի խնդրանքով է ձերբակալել ու աքսորել Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծին: Պարսկաստանի դեմ Հռոմի պատերազմում՝ Արշակ Բ դաշնակցել է Հուլիանոս Ուրացողի հետ, սակայն վերջինիս մահը ի չիք է դարձրել դաշնակցությունը. նորընտիր կայսր Հովիանոսը պարսիկների հետ կնքել է «Ամոթալի դաշնագիր»-ը (363):

Գրկ. Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երկեր, հ. 2, Երևան, 1978: Ammianus Marcellinus, Rerum Gestarum, v.2, L., 1956.


ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ Գայոս (Gaius Julius Caesar) (մ.թ.ա. 102 կամ 100 - մ.թ.ա. 15.3.44), հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր: Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ: Մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում: Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը: Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ: Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ: Գրել է պատմական, քերականական երկեր, բանաստեղծություններ: Մ.թ.ա. 47-ին արշավել է Փոքր Ասիա, պարտության մատնել Միհրդատ VI Եվպատորի որդի Փառնակեսին, այնուհետև մասնատել Փոքր Հայքը (փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսին), Փոքր Ասիայում անցկացրել վարչ. փոփոխություններ, առանձնաշնորհումներ ևն, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները Մեծ Հայքի ու Պարթևաստանի հետ: Կյանքի վերջին շրջանում Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով Հայաստանի վրայով արշավելու էր Պարթևաստան: Հուլիոս Կեսարին դավադրաբար սպանել են (Մարկոս Բրուտոսը) Ծերակույտի նիստում:

Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր գալլական պատերազմի մասին» և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկերը, գրել է հռետոր Կիկերոնի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր և այլն:

Երկ. Յիշատակարանք Գալլիական պատերազմին, Վենետիկ, 1874: Соч., 3 изд., М., 1976.

Գրկ. Ուտչենկո Ս., Հուլիոս Կեսար, Երևան, 1980: Սվետիոնիոս, Տասներկու կեսարների կյանքը, Երևան, 1986: Պլուտարքոս, Երկեր, Երևան, 1987:


ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, թաղում, հանգուցյալի դին թաղելու (հողին հանձնելու) կարգն ու դրա հետ կապված, ինչպես նաև մահվան հանդեպ մարդկանց վերաբերմունքն արտահայտող արար-սովորույթ: Հուղարկավորության ձևերը փոփոխվում են ըստ ժամանակաշրջանի: Ամենուր, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, սկզբնական թաղումները կապված են եղել կրոնական պատկերացումների հետ և կատարվել են քարայրերում ու բնական փոսերում: Հանդերձյալ կյանքի վերաբերյալ հավատը մարդկանց ստիպել է մեռածին զարդարել, լավ հագցնել, դամբարանում դնել ուտելիք, զենքեր, աշխատանքային գործիքներ և այլն, մյուս կողմից, վախենալով նրանից, զանազան ծեսերի միջոցով «խանգարել» նրա «վերադարձը»: Ի պատիվ հանգուցյալի, գերեզմանի վրա ստեղծել են բլուրներ (տես Դամբարանաբլուր), կառուցել տարաձև դամբարաններ (բուրգ, աշտարակ, մատուռ և այլն), դրել խաչքարեր ու տապանաքարեր: Հայկական լեռնաշխարհում բրոնզի ու երկաթի