Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/397

Այս էջը սրբագրված է

դարերում թաղել են տարբեր ձևերով՝ պպզած ու թևերը կծկած, կողքի պառկեցրած՝ գլխի տակ ձեռքերը, գետաքար կամ կավաման դրած, գլուխն ու մարմինը իրարից անջատ՝ միևնույն կամ առանձին դամբարաններում, դիակառքի վրա՝ խսիրով փաթաթած, մեկ դին՝ մեկ կամ երկու կարասում, խմբով՝ 3-45 դիակ մեկ դամբարանում (Լճաշեն, Աստղաձոր, Կարճաղբյուր ևն): Հանգուցյալի հոգու հանգստության համար կատարվող մի շարք արարողություններ` հոգեհանգիստ, հոգեհաց, յոթ, քառասունք, տարի և այլն մեզանում պահպանվել են առ այսօր:


ՀՈՒՅՆ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ 1897, 1919-22, 1. պատերազմ Կրետեի համար: Առիթը 1896-ին Կրետեում բռնկած ապստամբությունն էր, որի նպատակն էր ազատագրվել թուրքական լծից և վերամիավորվել Հունաստանի հետ: 1897-ի փետրվարին ապստամբներին օգնության է հասել հունական 2 հազարանոց մի ջոկատ, միաժամանակ կրետական ջրեր է ժամանել հունական ռազմական նավատորմը: 1897-ի ապրիլի 17-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Հունաստանին: Թուրքական մեծաթիվ բանակը Թեսալիայում և Էպիրոսում պարտության է մատնել հունական փոքրաքանակ ուժերին: Մայիսի 19-ին կնքվել է զինադադար, իսկ դեկտեմբերի 4-ին Կ. Պոլսում ստորագրվել է հաշտության պայմանագիր, որով Հունաստանը Թուրքիային զիջել է (ժամանակավորապես) 55 կմ2 տարածք Թեսալիայում և վճարել ռազմատուգանք: Չնայած Հունաստանի պարտությանը Կրետեում, փաստորեն, վերացել է թուրքական տիրապետությունը, կղզուն շնորհվել «ինքնուրույնություն», այն անցել է եվրոպական տերությունների հովանավորության տակ:

Հույների կողմում պատերազմին մասնակցել են նաև 600 հայեր, որոնցից շատերը պարգևատրվել են Հունաստանի կառավարության կողմից:

2. Հունական բանակի արշավանքը Փոքր Ասիա: Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից հետո, միջազգային համաձայնագրերի (Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916, Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-20) հիման վրա, Անտանտի երկրները ձեռնամուխ եղան իրականացնելու Օսմանյան կայսրության բաժանման քաղաքականությունը, ինչը, օբյեկտիվորեն, կնպաստեր թուրքական լծի տակ հեծող ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ազատագրմանը, և գրավեցին Օսմանյան կայսրության որոշ տարածքներ: Հունաստանին իրավունք էր վերապահված վերագրավել վաղեմի հունական տարածքներ Արևելյան Թրակիան (բացի Կ.Պոլսից) և Փոքր Ասիայի արևմտյան շրջանները: 1919-ի մայիսի 15-ին հունական զորքերն ազատագրեցին հին հունական Սմյուռնա (Զմյուռնիա, Իզմիր) քաղաքը:

Օսմանյան կայսրության մասնատման դեմ հանդես եկավ թուրքական բուրժուազիայի շահերն արտահայտող ազգայնական շարժումը՝ Մուստաֆա Քեմալի (Աթաթյուրք) գլխավորությամբ: Քեմալականները մերժեցին Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների՝ հույների, հայերի, արաբների իրենց անկախությունն ու պետականությունը վերականգնելու ձգտումները և պայքար սկսեցին նրանց դեմ: 1920-ի ապրիլին նրանք օգնության խնդրանքով դիմեցին Խորհրդային Ռուսաստանին, որը 1920-ի հունիսին ճանաչեց քեմալականների կառավարությունը:

Հունական զորքերը 1920-ի ամռանը գրավեցին Բալըքեսիրը, Բրուսան, Ադրիանուպոլիսը: Մինչդեռ սուլթանի կառավարությունը 1920-ի օգոստոսի 10-ին ստորագրեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով, մասնավորապես, Թուրքիան Հունաստանին էր վերադարձնում Արևելյան Թրակիան՝ Ադրիանուպոլսի հետ, Գալլիպոլի թերակղզին և Զմյուռնիան, Հայաստանը ճանաչում էր ազատ ու անկախ պետություն և այլն: Քեմալականները չճանաչեցին Սևրի պայմանագիրը և 1920-ի ամռանը Խորհրդային Ռուսաստանից ստացած նյութական օգնության (10 մլն ռուբլի ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք), ինչպես նաև Անտանտի երկըրներից գնած զենքի շնորհիվ հաջող ռազմական գործողություններ ծավալեցին արևմուտքում՝ հույների, Կիլիկիայում՝ հայերի, արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ: Քեմալականների հաջողություններին նպաստեցին և նրանց դիրքերն ամրապնդեցին խորհրդա-թուրքական (ըստ էության՝ հակահայկական) Մոսկվայի պայմանագիրը (1921), Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև եղած հակասությունները: 1921-ի հունվարի 10-ին և մարտի 31-ին Ինյոնյու գյուղի մոտ թուրքական զորքերը հաղթեցին հույներին, սակայն 1921-ի հուլիսին հունական բանակը գրավեց Էսքիշեհիրը, Աֆիոն Գարահիսարը, օգոստոսին մոտեցավ (մինչև 40 կմ) քեմալականների կենտրոն Անկարային: Թուրքական հրամանատարությունն օտարերկրյա մարտավարության օրինակով մշակեց հունական զորքերը ջախջախելու ծրագիր (այդ գործում կարևոր դեր խաղաց 1921-ի նոյեմբերից - 1922-ի հունվարին Թուրքիայում գտնվող խորհրդային զորավար Մ.Վ. Ֆրունզեն): 1921-ի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 13-ը Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվեց: Դա արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը:

1921-ի հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ (տես Թուրք-ֆրանսիական համաձայնագիր 1921), որով հրաժարվեց Թուրքիայի դեմ պայքարից, իր զորքերը հանեց Կիլիկիայից՝ թուրքերին տալով հայկական նոր կոտորածների հնարավորություն: 1922-ի օգոստոսի 30-ին Դումլու Փընարի մոտ հունական բանակը նոր պարտություն կրեց: Սեպտեմբերի 9-ին թուրքական զորքերը ներխուժեցին Զմյուռնիա, կոտորեցին հույն