և հայ խաղաղ բնակչությանը, ջրասույզ արեցին այն նավերը, որոնցով հույն և հայ կանայք, երեխաները և ծերունիները փորձում էին փրկվել թուրք ջարդարարներից: Մինչև սեպտեմբերի 18-ը հունական բանակը դուրս եկավ Փոքր Ասիայից: 1922-ի հոկտեմբերի 11-ին Մուդանյա քաղաքում (Մարմարա ծովի ափին) ստորագրվեց զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև, որին հոկտեմբերի 13-ին միացավ Հունաստանը: Մուդանյայի զինադադարով, ապա Լոզանի պայմանագրով (1922-23) պատերազմն ավարտվեց:
Գրկ. Սարգսյան Ե.Ղ., Սահակյան Ռ.Գ., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, Երևան, 1963, էջ 42-47: Севрский мирный договор и акты, подписанные в Лозанне, Мосвка, 1927; Корсун Н.Г., Греко-турецкая война 1919–1922, Мосвка, 1940.
«ՀՈՒՅՍ», ազգային, կրոնական, բարոյական, իմաստասիրական և բանասիրական ամսագիր: Արմաշի Ս.Աստվածածին վանքի միաբանության հրատարակություն: Լույս է տեսել 1864-77-ին, Արմաշում, խմբագիր՝ Խ.Աշըքյան: Տպագրել է կրոնաբարոյախոսական նյութեր, հայ եկեղեցու պատմությանը, ծեսերին ու տոներին, ավանդություններին, կրոնների պատմությանը, հայերի հեթանոսական հավատալիքներին, օտար ազգերի կենցաղին ու սովորություններին նվիրված հոդվածներ, հաղորդումներ: Զետեղել է նաև բնախոսական-բնագիտական, մանկավարժական, առողջապահական բնույթի նյութեր, բանաստեղծություններ, կենցաղային խորհուրդներ:
ՀՈՒՆԱԲԱՆ ԴՊՐՈՑ, V դարի կեսի - VIII դարի սկզբի թարգմանական, գիտական և կրթական-լուսավորական ուղղություն Հայաստանում: Նպատակն էր հայոց պետականության բացակայության պայմաններում, կապված ազգային անկախության հարցերի լուծման հետ (որը նաև ենթադրում էր տեսական կողմնորոշում), զարգացնել աշխարհիկ գիտելիքը: Հունաբան դպրոցի գործունեությունը հիմնված էր գիտությունների անտիկ դասակարգման (հատկապես արիստոտելյան) և ուսումնական ծրագրի վրա: Հունաբանները (Դավիթ Քերական, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ և ուրիշներ), կրթություն ստանալով հելլենիստական մշակույթի խոշորագույն կենտրոններում (Ալեքսանդրիա, Եդեսիա, Կ.Պոլիս, Աթենք), քաջ ծանոթ էին այդ ժամանակի «եռյակ» (քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն-դիալեկտիկա) և «քառյակ» (թվաբանություն՝ թվերի տեսություն, երաժըշտության տեսություն, երկրաչափություն և աստղաբաշխություն) գիտություններին, ինչը պայմանավորեց նախ Դիոնիսիոս Թրակացու «Արուեստ քերականութեան» երկի, ապա՝ «Գիրք պիտոյից» հռետորական աշխատությունների, և հետո միայն զուտ տրամաբանական, փիլիսոփայական, բնափիլիսոփայական և այլ բնույթի աշխատությունների (ավելի քան 60 միավոր) թարգմանությունը: Հունաբան դպրոցի թարգմանությունները ընդգրկում են անտիկ գիտափիլիսոփայական ժառանգությունը (Արիստոտել, Պլատոն, Փիլոն Ալեքսանդրացի, Պորփյուր և ուրիշներ), անտիկ տեսական ավանդույթներին հարող քրիստեական եկեղեցու գործիչների (Գրիգոր Նյուսացի, Նեմեսիոս Եմեսացի և ուրիշներ), կրոնաեկեղեցական հեղինակների (Տիմոթեոս Կուզ, Ս. Իրենեոս, Եվտիքիոս Կոստանդնուպոլսեցի և ուրիշներ) երկերը:
Հայաստանում ունենալով խոր ավանդույթներ՝ հելլենիստական մշակույթը նպաստեց Հունաբան դպրոցի արմատավորմանն ու հետագա զարգացմանը: Հունաբան դպրոցը ոչ միայն յուրացրեց և հայերենով տարածեց անտիկ տեսական ժառանգությունը, այլև նրա գործունեությամբ այն ներառվեց ազգային բարոյահոգեբական արժեքների և սկզբունքների համակարգի մեջ: Հունաբան դպրոցի որոշ թարգմանություններ ունեն բնագրային արժեք, քանզի հունական բնագրերը (մասամբ կամ ամբողջովին) չեն պահպանվել առհասարակ (Փիլոն Ալեքսանդրացու յոթ գրվածքները, Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւնը», Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթութեանց»-ի վերջին չորս գլուխները): Մի այլ խումբ (հատկապես Արիստոտելի «Ստորոգութիւնքը» և «Յաղագս մեկնութեանը», Պորփյուրի «Ներածութիւնը» և այլն) հնագույններից են համաշխարային գրականության մեջ: Հայերեն թարգմանությունները (III-IV դդ.) իրենց ճշգրտությամբ հնարավորություն են ընձեռում վերականգնել նախնական հունարեն տեքստերը՝ գերազանցելով ոչ միայն մյուս թարգմանություններին, այլև հունարեն ձեռագրային նմուշներին, որոնցից մեզ հասածները ավելի ուշ շրջանի են (X-XII դդ.) և աղճատված: Թարգմանական գրականությունը դարձավ ազգային մշակույթի բաղկացուցիչ մասը: Դրա հետ մեկտեղ ստեղծվեց ինքնատիպ պատմական, փիլիսոփայական, քերականական, բնափիլիսոփայական հարուստ գրականություն, մշակվեց համապատասխան գիտական տերմինաբանություն (տես Հունաբան հայերեն), առանց որի անհնար էր ազգային գիտության ու փիլիսոփայական ճյուղերի ձևավորումն ու զարգացումը: Դավիթ Անհաղթի շնորհիվ Հայաստանում ձևավորվեց փիլիսոփայական գիտությունը, Անանիա Շիրակացու շնորհիվ՝ բնագիտական ուղղությունը: Ստեղծված գրականության զգալի մասն ունի մեկնողական բնույթ (տես Մեկնություն): Թարգմանական ու ինքնուրույն գիտափիլիսոփայական գործունեությանը զուգընթաց և դրան համապատասխան զարգացավ նաև ուսումնակրթական համակարգը:
Հ․դ․-ի գործունեությունը մեծապես նպաստել է հայ ժողովրդի մշակութային և մտավոր ինքնուրույնության հաստատմանը, դրանով իսկ նաև քաղաքական և պետական անկախության համար մղվող պայքարին:
Գրկ. Մանանդյան Հ., Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները, Վիեննա, 1928: Մուրադյան Ա.Ն., Հունաբան դպրոցը և նրա դերը հայերենի քերականական տերմինաբանության ստեղծման գործում, Երևան, 1971: Аревшатян С.С., Формирование философской науки в древней Армении (V–VI вв.), Ереван, 1973; Мирумян К.А., Становление естественнонаучной мысли в Армении, Е., 1991.
ՀՈՒՆԱԲԱՆ ՀԱՅԵՐԵՆ, հունաբան դպրոցի թարգմանությունների լեզուն, որն աչքի է ընկնում հունարենի հետևողականությամբ կատարված նորամուծություններով: Հունական գիտական-փիլիսոփայական գրականությունը հարազատորեն թարգմանելու համար անհրաժեշտ էր ունենալ մշակված հունին