Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/400

Այս էջը սրբագրված է

877-886-ին Կոստանդնուպոլսի պատրիարքությունը վարել է նշանավոր գիտնական, հայազգի Փոտը։ Բյուզ․ մշակույթի հայտնի գործիչներից էր կայսր Կոստանդին VII Ծիրանածինը։ Հայ-բյուզ․ մշակութ․ փոխազդեցություններն առկա են նաև ճարտ․ մեջ ու արվեստում։

Կիլիկիայում հայկ․ պետականության ստեղծումից հետո, XI-XII դդ․ բազմաթիվ հունահայեր գաղթել են Կիլիկիա, որի հետևանքով համայնքը նվազել է, կրկին բազմամարդ է դարձել XVII-XVIII դդ․, թուրք․ բռնատիրությունից խուսափած հայերի հաշվին։ Հ-ի անկախության ձեռքբերումը (1829) նպաստել է հայերի մեծ հոսքին Հ․։ Համայնքը սկսել է ստվարանալ XIX դ․ վերջից և շարունակվել Մեծ եղեռնից ու հատկապես 1919-22-ին հույն-թուրք․ պատերազմներից հետո։

Տարբեր տարիներ (1924-29, 1932-33, 1946-47-ին) Հ-ից հայրենադարձվել են հազարավոր հայեր։ Հ-ում բնակվում է 8-10 հզ․ հայ (1999), որոնք կենտրոնացած են Աթենքի և Պիրեայի շրջաններում, Սալոնիկում, Թրակիայում, Կրետե կղզում։ Զբաղվում են արհեստագործությամբ (ոսկերիչներ, կոշկակարներ, կահույքագործներ) և առևտրով։ Կան նաև հայտնի գործարանատերեր, մեծ ընկերությունների տնօրեններ։

Համայնքը ղեկավարում է Ազգային վարչությունը (որին ենթակա են տնտեսական և ուսումնական խորհուրդները)։ Գործում են 10 առաքելական (70-ամյա պատմություն ունի Աթենքի արվարձան Ֆիքսի Ս․Կարապետ եկեղեցին), 2 կաթոլիկ, 2 ավետարանական եկեղեցիներ, 3 ամենօրյա (Սոֆի և Լևոն Հակոբյան, Ա․ և Ժ․ Ճենազյան, Զավարյան) և կիրակնօրյա դպրոցներ, հայ ազգ․ կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Հայ կապույտ խաչ, Հայ գթության խաչ, Հովարդ Կարագյոզյան հաստատության Հ-ի մասնաճյուղը, երիտասարդական և պատանեկան միություններ, Համազգային մշակութ․, Հաճնի հայրենակցական, «Արաքս», «Արարատ» միությունները, Հայ դատի հանձնախումբը։ 1996-ին Հ-ի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։

1890-ին Աթենքում լույս է տեսել Հ-ում առաջին հայ․ պարբ-ը՝ «Ասպարեզ»-ը։ Առայսօր Հ-ում հրատարակվել են 67 անուն պարբ-ներ։ Ներկայումս լույս են տեսնում «Ազատ օր» (1945-ից), «Նոր աշխարհ» (1969-ից), «Ժողովրդային պայքար» (1982-ից), «Դրոշակ», «Բռունցք» (1991-ից), «Երիտասարդական կանչ» (1995-ից) պարբ-ները։


ՀՈՒՆԱՐԵՆ, հույների լեզուն։ Պատկանում է (հին մակեդոներենի հետ) հնդեվրոպ․ լեզվաընտանիքի առանձին՝ հուն․ ճյուղին։ Խոսվում է Հունաստանում (շուրջ 10 մլն մարդ, 1996), Կիպրոսում (շուրջ՝ 500 հզ․), ԱՄՆ-ում և այլուր։

Հայ-հուն․ լեզվ․ առնչությունները սկսվել են հայ-ի նախագրային շրջանից (մ․թ․ա․ VI-IV դդ․), դրանք ավելի խորացել են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով, այնուհետև հուն․ մշակութ․ և կրոնադավանաբան․ ազդեցությամբ։ Հայաստանում թողարկվել են դրամներ հուն․ մակագրություններով։ Հայ-ում հուն-ից փոխառյալ բառերը բավական շատ են․ դրանց մեջ կան անձնանուններ՝ Աթանաս, Անդրեաս, Անտոն, Բարսեղ, Գեորգ, Գրիգոր, Հեղինե, Ղազար, Ղևոնդ, Պետրոս ևն, և հայ-ի բառապաշարի տարբեր շերտերին վերաբերող բառեր՝ ադամանդ, արգասիք, բեմ, զմուռս, կամար, կարկին, մետաքս, պալատ, սպունգ, ստամոքս ևն։ Հուն-ից փոխառությունների թիվը հայ-ում ավելի է մեծացել, երբ հայերը սկսել են հուն-ից թարգմանել գիտության այլևայլ բնագավառներին վերաբերող երկեր, որով և սկիզբ է դրվել հունաբան հայերենին։ Հ-ից փոխառյալ շատ բառեր և քերակ․ մասնիկներ գործածական են ժամանակակից հայ-ում։


ՀՈՒՆԳԱՐԻԱ, Հունգարիայի Հանրապետություն, պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Տարած․ 93 հզ․ կմ 2, բն․ 10,115 մլն (1998)։ Մայրաքաղաքը՝ Բուդապեշտ (2 մլն)։

Դիվանագիտ․ հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։

Հայերը Հ-ում բնակություն են հաստատել X-XI դարերից։ XIII դ․ Հ-ի մայրաքաղաք Էստերգոմում եղել է հայկ․ թաղամաս։ XIII դ․ Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ-ի և Հ-ի թագավոր Անդրաշ II-ի միջև կնքվել է բարեկամության պայմանագիր։ XV-XVI դդ․ շուրջ 3000 հայ ընտանիք ներգաղթել է Տրանսիլվանիա (մտնում էր Հ-ի կազմի մեջ)։ Հայերը հիմնել են Գեռլա, Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբրվեն) քաղաքները, որոնք ունեցել են ներքին ինքնավարություն՝ քաղաքային վարչություն և դատարան, հայ քաղաքապետ, կառուցել են եկեղեցիներ, հիմնել դպրոցներ։ Հայերի հիմն․ զբաղմունքն արհեստներն ու առևտուրն էր, ինչը խրախուսել են իշխաններն ու թագավորները՝ տալով զանազան արտոնություններ։ Լեոպոլդ I-ը հայկ․ բնակավայրերը հայտարարել է քաղաքներ, Կարլոս VI-ը թագավորական ազատ քաղաքների իրավունք է շնորհել Գեռլա (1726) և Եղիսաբեթուպոլիս (1733) քաղաքներին։ 1791-ին Հ-ի պետ․ ժողովը հայերին պաշտոնապես հայտարարել է երկրի լիիրավ քաղաքացիներ։ Դարեր շարունակ ապրելով Հ-ում՝ նրանք մասնակցել են պետ․, քաղ․, տնտ․, մշակութ․ կյանքին։ Կռվել են երկիրը թուրք․ լծից ազատագրողների շարքերում, մասնակցել 1848-49-ի հեղափոխությանը [1200 զինվոր, այդ թվում՝ 70 սպա, զորավարներ (Էռնե Կիշ, Վիլմոշ Լազար, Յանոշ Ցեց)], որի ճնշումից հետո Ավստրո-Հունգարիայում հայերին սպառնում էր ձուլման վտանգը։ Մի խումբ հայ մտավորականների ջանքերով գաղութն ապրել է մտավոր և հոգևոր զարթոնք։ Հրատարակվել են հայագիտ․ գրքեր, հիմնադրվել Հայկական թանգարանը։ 1887-ից հրատարակվել է «Արմենիա» ամսագիրը (հունգ․)։ Ազգ․ ինքնագիտակցության արթնացումը դանդաղեցրել է ձուլման ընթացքը։ Հայ համայնքները որոշ աշխուժացում են ապրել 1915-ի Մեծ եղեռնից փրկված արևմտահայերի ներգաղթով։ 1919-ին հիմնվել է «Մասիս» ընկերությունը (հրատարակել է «Նոր դար» պարբերաթերթը), 1920-ին՝ Հունգարիո հայ միությունը։ 1945-ին