Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/401

Այս էջը սրբագրված է

Բուդապեշտում կառուցվել է հայկ․ մատուռ։ Գործում է Ս․Գրիգոր հայկ․ եկեղեցին։ 1980-ական թթ․ կազմակերպվել է հայ-հունգ․ մշակութ․ ընկերությունը, 1987-ից մի խումբ հայ մտավորականների ջանքերով՝ «Արմենիա» ընկերությունը։

1996-ին Հ-ում կար 8 հզ․ հայ (որոնցից շատերը հայ․ չգիտեն), նրանք աշխատավորներ են, բժիշկներ, գիտնականներ, իրավաբաններ, ճարտարապետներ, նկարիչներ, դերասաններ, արվեստագետներ ևն։

Հունգարահայերը ներգրավված են պետ․, տնտ․ ու հաս․ կյանքի մեջ։ Հ․ աշխարհում առաջին պետությունն է, որտեղ 1995-ին ստեղծվել, կազմավորվել է հունգարահայ ինքնավարություն, որի նպատակն է համախմբել բոլոր հունգարահայերին, նրանց շրջանում տարածել մայրենի լեզուն, արվեստը, մշակույթը։ Ղեկավարն է Ալեքսան Ավանեսյանը։

Հունգարահայ համայնքը սերտ կապեր ունի սփյուռքահայ մյուս համայնքների հետ։

1995-ից լույս է տեսնում «Արարատ» (հունգ․ և հայ․) թերթը։


ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստավավերագրական գրականության տեսակ․ անցյալի հուշեր՝ գրված իրադարձության ականատեսի կամ մասնակցի կողմից։ Հ-յան տարատեսակներ են ինքնակենսագրությունը (Ս․ Զորյան, «Մի կյանքի պատմություն») և ճանապարհորդ․ նոթերը (Ս․ Կապուտիկյան, «Քարավանները դեռ քայլում են»)։ Որոշ Հ-ներ ունեն աղբյուրագիտ․ նշանակություն (Շիրվանզադե, «Կյանքի բովից»)։ Հայ հուշագր․ գրակ-յան դաս․ նմուշներ են Պ․ Պռոշյանի «Հուշիկներ», Ղ․Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» գրքերը։ Նոր շրջանի հայ գրակ․ մեջ հուշագր․ բնույթ ունեն Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» և «Սրտիս պարտքը» երկերը, Գ․ Բեսի «Հուշանովելները», Ն․ Թումանյանի հուշերը Հ․Թումանյանի մասին ևն։

Հ-յանը մոտ ստեղծագործություններ հայտնի են դեռևս անտիկ, միջնադարյան (ժամանակագրություն, վարքագրություն ևն) գրակ-ից։ Հուշագր․ են Կորյունի «Վարք Մաշտոցի», Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկերը։ Ժամանակակից հասկացությանը համապատասխանող Հ․ ձևավորվել է Վերածննդի դարաշրջանում։


«ՀՈՒՇԱՐԱՐ», թատերական, գրական-գեղարվեստական պատկերազարդ կիսամսյա հանդես, ապա՝ ալմանախ (1912-ից՝ 4 գիրք)։ Լույս է տեսել 1907-09-ին, 1912-13-ին, Թիֆլիսում։ Հրատ-խմբագիրներ՝ Ա․Վրույր, Գ․ Իփեկյան։ Լուսաբանել է թատեր․ կյանքի նորությունները, բարձրացրել թատրոնի վերակառուցման ու ժողովրդականացման, բեմ․ խոսքի ու թարգմանությունների մակարդակի բարելավման հարցեր։ Արժեքավոր են Գ․ Չմշկյանի, Ա․ Մանդինյանի, Է․ Տեր-Գրիգորյանի և ուր․ հրապարակումները, հայ թատրոնի պատմության հուշագրությունները՝ հայ և այլազգի նշանավոր դերասանների ու թատեր․ գործիչների մասին։ Անդրադարձել է նաև ճարտարապետության, գեղանկարչության, երաժշտության հարցերին։ Գրակ-գեղ․ բաժնում, որպես հավելված, հրատարակել է պիեսներ։ Աշխատակցել են Լեոն, Սիրանույշը, Գ․ Բաշինջաղյանը, Հ․ Սիրունին և ուր․։


«ՀՈՒՇԱՐԱՐ-ՄԻՈՒԹՅՈՒՆ», տեղեկատու ամսաթերթ։ ՀԲԸՄ կենտր․ վարչության պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1961-ից, Նյու Յորքում։ Ստեղծվել է «Միություն» և «Հուշարար» պարբ-ների միավորումով։ Խմբագիր՝ Ա․ Փոլատյան (1961-90), 1990-ից՝ խմբագր․ խորհուրդ։ «Հ-Մ․» լուսաբանում է սփյուռքահայ մշակութ․ և կրթ․ կյանքի իրադարձությունները, հրատարակում ՀԲԸՄ ընդհանուր ժողովների արձանագրություններ, հանգանակությունների ցուցակներ ևն։ Տպագրել է Ա․ Չոպանյանի, Պ․Նուբարի, Ֆ․Նանսենի, Ա․Կարակյոզյանի, Ա․Մանուկյանի և այլոց նամակները, թղթակցություններ հայրենիքից։ Կարևոր տեղ է հատկացրել հայրենադարձությանը, արձագանքել հետպատերազմյան տարիներին սփյուռքահայությանը հուզող խնդիրներին։


ՀՈՒՇԱՐՁԱՆ, 1․ լայն առումով՝ երկրի, ժողովրդի մշակութային ժառանգության մաս կազմող ստեղծագործություն։ Ըստ տիպաբան․ առանձնահատկությունների, Հ-ները բաժանվում են չորս հիմն․ խմբի․ հնագիտ․, պատմության, ճարտարապետության և մոնումենտալ արվ․։ Հ-ներ են համարվում նաև պատմաճանաչող․ և պատմագեղ․ նշանակություն ունեցող գրչության նմուշները։ 2․ Նեղ առումով՝ մարդկանց հիշատակը և իրադարձությունները հավերժացնող արվեստի ստեղծագործություն (անկախ տիպից, Հ-ի անհրաժեշտ հատկանիշը շրջապատող տարածությունը գեղարվեստորեն կազմակերպելն է)։

Հ-ների նախատիպեր են եղել մեգալիթյան կառույցներն ու դամբարանադաշտերը, ինչպես և կոթողները, բուրգերը ևն։ Հետագա դարաշրջաններում Հ-ների դեր են կատարել դամբարանները, տապանաքարերն ու մահարձանները։

Հայաստանում Հ-ի նախատիպեր էին մենհիրները, վիշապները, ուրարտ․ շրջանի կոթողները, արամեատառ արձանագրություններով սահմանաքարերը։ 301-ին, քրիստոնեություն ընդունելուց հետո էլ Հայաստանում Հ-ի հետագա ձևավորմանը նպաստել են հին հայկ․ քարակոթողները։ IV-VII դդ․ կանգնեցվել են պատկերաքանդակներով ստելաներ (Թալին, Ավան), սյունակոթողներ (Օշական), ինչպես նաև կամարակապ կառույցներ (Օձուն)։ X դարից Հ-ի ամենատարածված տարատեսակը խաչքարն է, որն աչքի է ընկել զարդերի ու ոճերի բազմազանությամբ։ XIX դ․ վերջին - XX դ․ սկզբին ի հայտ են եկել հայ ականավոր գրողներին և հաս․