Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/5

Այս էջը սրբագրված է


առևտրով, այգեգործությամբ։ Ունեին 2 եկեղեցի՝ Ս․ Շմավոն (Շըմշամոնիկ) և Ս․ Աստվածածին, վերջինիս կից՝ Կ․Պոլսի Միացյալ ընկերության հիմնադրած վարժարան։ Հ-ին մերձակա հայտնի պատմաճարտ․ հուշարձաններ էին Այնըբրըղի, Թարջլու և Չխրի վանքերը։ Հ-ի գյուղախմբի մոտ 30 հայաբնակ գյուղերից առավել բազմամարդ էին Ագրակը, Բաշնեղը, Դերսիլը, Հոդնովը, Ջրնոխին, Սլեմանին և Քուֆերջինը, որոնց արհեստավորներից հռչակված էին հատկապես ջուլհակները։ Հ․ 1895-96-ի հայկ․ կոտորածների ժամանակ կողոպտվել է (գյուղերով հանդերձ), 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ՝ ամբողջովին հայաթափվել։

Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։ Սրվանձտյանց Գ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1982։


ՀԱԹԵՐՔ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում։ Տարածվել է Տրտու (Թարթառ) գետի հովտում (ընդգրկել է ձախափնյակը՝ Եղիշ Առաքյալի կամ Ջրվշտիկ վանքի մերձակայքից մինչև հոգևոր կենտրոն Դադիվանքի արմ․ կողմի ձորը)։ Կոչվել է իշխանանիստ Հաթերք բերդավանի անունով։ XII-XIII դդ․ եղել է Կենտր․ Խաչենի իշխանության տիրույթը։

XII դ․ 1-ին կեսին երեք ճյուղի բաժանված Խաչենի իշխանության գահերեց իշխան Հասան Ա, մոտ 1142-ին հաջորդելով հորը՝ Վախթանգ-Սակառին, հաջողությամբ պայքարել է Հայաստանի հս-արլ․ նահանգներն ասպատակող սելջուկյան թուրքերի դեմ և պահպանել անկախությունը։ Նրա որդու՝ Վախթանգի գահակալման տարիներին (1182-1214) Հ-ի իշխանությունը վերելք է ապրել, աշխույժ քաղ-տնտ․ կապեր հաստատել շրջակա իշխանությունների և երկրների (հատկապես՝ վրաց Բագրատունիների թագավորության) հետ։ Վախթանգը հովանավորել է Մխիթար Գոշին, հայ մշակույթի ուրիշ գործիչների։ Արու ժառանգներից զուրկ Վախթանգի մահից հետո Զաքարյանները Հ-ի իշխանությունը բաժանել են իրենց փեսաներ Հասանի (Դոփի ամուսինը) և Ներքին Խաչենի տեր Վախթանգի (Խորիշանի ամուսինը) ժառանգների միջև։

Գրկ․ Ուլուբաբյան Բ․, Խաչենի իշխանությունը X_XVI դարերում, Ե․, 1975։


ՀԱԹԵՐՔ, Հայթերք, Խաթերք, բերդավան միջնադարյան Խաչենի իշխանության Հաթերք գավառում, Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին։ XII-XIII դդ․՝ Հաթերքի իշխանության կենտրոնը։ Ավերվել է XV-XVI դդ․, ակկոյունլու և կարակոյունլու թուրք․ ցեղերի ասպատակությունների հետևանքով։ XVI դ․ վերջին Հ-ի բնակիչները բերդավանի ավերակներից ոչ հեռու հիմնել են նույնանուն գյուղը (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)։ Մխիթար Գոշն իր «Գիրք Դատաստանի» երկն ավարտել է Հ-ում՝ Հաթերքի գահերեց իշխան Վախթանգի ապարանքում։


ՀԱԼԱԲԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի արտաքին շարի լեռնաշղթա ՀՀ Լոռու մարզում, Փամբակ և Աղստև գետերի միջև։ Միջին բարձր․ 2600 մ է, առավելագույնը՝ 3016 մ (Բովաքար լ․)։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից ու գրանոդիորիտներից։ Աղեղնաձև է, ուռուցիկ մասը՝ դեպի հվ․։ Բնորոշ է կտրտված էրոզիոն ռելիեֆը, շրջված սինկլինալային, անհամաչափ կառուցվածքը։ Հս․ լանջերն անտառապատ են՝ կտրտված Ալարեքս, Մարց և Հաղպատ գետերի V-աձև հովիտներով, հվ․ լանջերն անտառազուրկ՝ ծածկված սելավաբեր հովտաձորակային ցանցով։


ՀԱԼԱԲՅԱՆ Կարո Սիմոնի [14(26)․7․1897, Ելիզավետպոլ (Գանձակ)-5․1․1959, Մոսկվա], ճարտարապետ։ Ճարտ․ դ-ր (1948), ԽՍՀՄ ճարտ․ ակադ․ իսկական անդամ, փոխպրեզիդենտ (1949-53)։ ՀԽՍՀ արվ․ վաստ․ գործիչ (1940)։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1917), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստատեխ․ ինստ-ը (ՎԽՈՒՏԵԻՆ, 1929)։ 1920-23-ին աշխատել է «Հայկավռոստա»-ում և ՀԿԿ ԿԿ-ում։ Ստեղծել է երգիծ․ գծանկարների շարք, Ե․Չարենցի գործերի նկարազարդումներ, 1924-ին ձևավորել է (Մ․Մազմանյանի հետ) Լունաչարսկու «Կարմիր դիմակ» («Հրձիգներ»), Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների բեմադրությունները Հայաստանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ․ թատրոն)։ 1929-31-ին գլխավորել է Խորհրդ․ Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը՝ պետնախագիծ ինստ-ը, ճարտ-ներ Մ․ Մազմանյանի և Գ․ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչ․, կուլտուր-լուսավոր․ և այլ շենքեր [Երևանում՝ Կառուցողների ակումբը (այժմ՝ Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռուս․ թատրոնի և ՀՀ սպորտպետկոմի շենքերը, 1928-29, Երևանի հէկի բնակելի «շախմատաձև» տունը, 1930-32, երկրբ․ վարչության շենքը, 1929-30]։ Հ-ի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով, ռացիոնալ են իրենց ներքին կառուցվածքով և արտահայտիչ ծավալատարած․ հորինվածքով։ Այդ աշխատանքներում նշմարելի է նորարար․ միտումների և դասական ճարտ-յան ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը։ 1932-ից Հ․ ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ Նրա նշանավոր կառույցներից են Խորհրդ․ բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1934-40, Վ․ Սիմբիրցևի հետ), Նյու Յորքի միջազգ․ ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարը (1939, Բ․ Իոֆանի հետ), որի համար արժանացել է Նյու Յորքի պատվավոր քաղաքացու կոչման։ Հայ ճարտ․ ավանդույթների նորովի բացահայտմամբ է առանձնանում նաև ՀԽՍՀ տաղավարը Մոսկվայի համամիութ․ գյուղատնտ․ ցուցահանդեսում (1939 և 1954, Ս․ Սաֆարյանի հետ)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին Հ․ ճարտ․ ակադ-ի և ճարտ․ միության ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդ․ և պաշտպան․ կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ