Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/50

Այս էջը սրբագրված չէ

Նույնի, Հայ համքարությունները Անդրկովկասի քաղաքներում 18_20-րդ դդ․ սկզբին, Ե․, 1971։ Հակոբյան Թ․Խ․, Երևանի պատմությունը, հ․ 1_4, Ե․, 1959_63։ Համբարյան Ա․Ս․, Արհեստները Արևմտյան Հայաստանում XIX դ․ վերջին քառորդում և XX դ․ սկզբին, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1965, դ 12։


ՀԱՅ ԱԶԱՏ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐՈՒ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1931-ին, Փարիզում, «Անի» խմբակցության գործունեությունը դադարելուց հետո, Ռ․Շիշմանյանի (նախագահ) նախաձեռնությամբ։ Հ․ա․ա․մ․ կազմակերպել է դասախոսություններ, ցուցահանդեսներ (1931, 1933, 1934, 1936, 1945), երեկույթներ, այցելություններ թանգարանները, ներկայացրել Հայաստանի արվեստի և մշակույթի հաջողությունները։ Նոր միության կազմի մեջ են մտել նաև նկարիչներ Կ․ (Շառլ) Ադամյանը, Ս․Խաչատուրյանը, Է․Շահինը, Հ․Ալխազյանը, Գ․Շլդյանը, Շ․Գարունին, Հ․Գազանճյանը, Ա․Բաբայանը, Վ․ Թամիրյանցը, Է․Գույումջյանը, Գառզուն, քանդակագործ Հ․Գյուրջյանը, ճարտ․ Լ․Նաֆիլյանը։ Նոր անդամներից էին նկարիչներ Զ․Գալֆայանը, Բ․ (Պազիլ) Պողոսյանը, Կ․Կոնտուրաջյանը, Ա․Միսիրյանը (Արմիս), Ա․ Աճեմյանը, Մ․ Հովիկյանը (Մուկո), Գ․Պետիկյանը, Վ․Գազանչյանը, Զ․ Մութաֆյանը, Գ․Հարենցը, Բ․Թոփալյանը, Ժանսեմը, ճարտ․ Է․ Ութուճյանը։ 1939_45-ին միությունը չի գործել, 1947-ին գործունեությունը դադարել է։


ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ, կրոնական քողի տակ դրսևորված ազատագրական գաղափարախոսություն։ Հորինվել է հայկ․ պետականության և անկախության կորստից հետո՝ օտարերկրյա երկարատև լծի, բնիկ ազգաբնակչության հարկադրյալ արտագաղթի և օտարամուտ տարրերի ներգաղթի պայմաններում։ Հայ ժողովրդի դիմադրական կարողությունը թուլացել էր, և հայրենի պետականության ու անկախության վերականգնման գաղափարը ծնունդ տվեց արտաքին ուժերի (որևէ քրիստոնյա ազգի) օգնությամբ ազատագրվելու ակնկալության, որն արտահայտվեց գուշակությունների, մարգարեությունների, տեսիլների ու լեգենդների մեջ։ Հնագույն դրսևորումն են եղել Ներսես Պարթևին և նրա որդի Սահակ Պարթևին վերագրվող «տեսիլները»։ Ներսես Ա Մեծը (IV դ․) մահվան մահճում կանխագուշակել է ոչ միայն Արշակունյաց հարստության և Գրիգոր Լուսավորչի հայրապետական տան անկումը, այլև Հայաստանի իրար հաջորդող անցումները տարբեր տիրապետությունների տակ և, վերջապես, աստվածային պատուհասներից փրկությունը՝ օտար քրիստոնյաների օգնությամբ։ Պատմ․ տարբեր դարաշըրջաններում Հայաստանի փրկարարների դերում հանդես են բերվել հռոմեացիները (հույներ), եվրոպացիները (ֆրանկներ ևն)։ Հույների հիշատակությունն առնչվում էր Պարսից Սասանյանների և հետագայում՝ արաբ․ նվաճումների դարաշրջանում բյուզ․ կողմնորոշման, ֆրանկներինը (որոշ աղբյուրներում՝ ալամաններ)՝ խաչակրաց արշավանքների ժամանակ Արմ-ի քրիստոնյաների նկատմամբ տածած հույսերի հետ։ Տեսիլների հնագույն բնագրերում օտար քրիստոնյաներին առաջնորդելու էին հայկ․ ծագում ունեցող «որմանք» կամ «արամանք» (այն հայ զորականների սերունդները, որոնց Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը իբր թողել էին Հռոմում՝ ծառայելու Կոստանդինոս կայսրին)։ Հ․ա․լ․ արտացոլվել է նաև Ագաթոն (Ագադրոն) փիլիսոփայի, Հովհաննես Կոզեռնի գուշակություններում և «Դաշանց թուղթ» հորինվածքում։ Հ․ա․լ-ի վերջին տարբերակում (պահպանվել է Իսրայել Օրու թղթերում) հայ ժողովրդի ազատարարի և Հայաստանի վերականգնողի դերը վերագրվում է Ռուսաստանին։ Այդ տարբերակը հիշատակվում է նաև Մանուել Գյումուշխանեցու և այլոց գործերում։ Օսմ․ լծի տակ ընկած բալկանյան քրիստոնյաները նույնպես ունեցել են համանման ազատագր․ լեգենդներ։

Գրկ․ Սոփերք հայկականք, մաս 6, Վնտ․, 1853։ Հովհաննիսյան Ա․Գ․, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե․, 1957։


«ՀԱՅ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ», ազգագրական-բանահյուսական նյութերի և ուսումնասիրությունների մատենաշար։ Հրատարակում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստ-ը։ Լույս է տեսնում 1970-ից, Երևանում։ Հրապարակում է ուսումնասիրություններ Հայաստանի տարբեր գավառների տնտ․ ու հաս․ կյանքի, կենցաղի, սովորույթների ու հավատալիքների, բանավոր ստեղծագործության, նյութ․ և հոգևոր մշակույթի այլ բնագավառների վերաբերյալ, ինչպես նաև անցյալում տպագրված արժեքավոր աշխատություններ։


ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԱՄԱԳՈՒՄԱՐ) 1917, Հայոց ազգային համախորհրդակցություն, տեղի է ունեցել Թիֆլիսում, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ը։ Մասնակցել են տարբեր հոսանքների, քաղ․ կուսակցությունների, հաս․, ազգ․, դպրոցական, մշակութ․ կազմակերպությունների, Արևմտահայ ազգ․ խորհրդի ներկայացուցիչները, հայ կամավորական խմբերի ղեկավարներ՝ 228 պատգամավոր, որից դաշնակցական՝ 109, էսէռ՝ 23, ս-դ՝ 28, հայ ժող․ կուս․՝ 11, ևն։ Բոլշևիկները համագումարը բոյկոտելու նպատակով՝ ներկայացուցիչ չեն ուղարկել։ Համագումարի գլխ․ խնդիրն Ազգ․ խորհրդի՝ որպես հայ քաղ․ ուժերը միավորող, համազգ․ հարցերով զբաղվող կենտր․ մարմնի, ստեղծումն էր։

Խորհրդակցությունում քննարկվել են քաղ․ իրադրության (զեկուցողներ՝ Ս․ Վրացյան և Ս․Բեկզադյան), նահանգների,