Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/56

Այս էջը սրբագրված չէ

էր՝ գրակ․ ֆոնդի ստեղծումով նյութ․ օժանդակություն ցույց տալ ընկերության անդամներին, պաշտպանել նրանց հեղինակային իրավունքները, մասնակցել հայ և համաշխ․ գրակ-հաս․ կյանքի նշանակալի իրադարձություններին։ Ընկերության ջանքերով ու միջոցներով 1914-ին Թիֆլիսի Ս․Գևորգ եկեղեցու գավթում կանգնեցվել է Սայաթ-Նովայի մահարձանը, վերահրատարակվել նրա ստեղծագործությունների ժող․։ Ընկերությունը գոյատևել է մինչև 1921-ը։ Ստեղծման օրից նրա վարչության նախագահն է եղել Հ․Թումանյանը։ Վրաստանում խորհրդ․ կարգեր հաստատվելուց հետո ընկերությունը վերակազմվել է և կոչվել Հայ գրչի մշակների միություն։


ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԳՄ), գրական-հասարակական կազմակերպություն։ Կազմավորվել է 1990-ի օգոստ․, Երևանում։ Բարձրագույն մարմինը համագումարն է, գործադիրը՝ քարտուղարությունը։ 1990-ի սեպտ․ 20-ի հիմնադիր համագումարում առաջին քարտուղար է ընտրվել Հ․Մելքոնյանը։ 1990_ 1994 թթ․ պատվավոր նախագահ է եղել Ս․Խանզադյանը։ Միությանը կից գործում են Սյունիքի, Շիրակի, Կոտայքի միջշրջ․, Ալավերդու, Իջևանի, Ջավախքի, Համշենահայ (Աբխազիա), Թբիլիսիի քաղաքային ենթամիությունները։ Ունի մասնաճյուղեր Ամերիկայում և Իրանում։ 1990-ից հրատարակում է «Հայ գրող» պաշտոնաթերթը։ ՀԳՄ ունի հրատարակչություններ («Հայ գրող», «Պարույր Սևակ», «Մեհյան»)։ Լոռիում լույս է ընծայում «Գրական Լոռի» ամսագիրը։


ՀԱՅ ԳՐՉԻ ՄՇԱԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ստեղծվել է Թիֆլիսում, 1921-ի մարտի 29-ին։ Հայարտուն կազմակերպության մասնաճյուղերից։ Միության շուրջն էին համախմբված մեծ մասամբ Հայ գրողների կովկասյան ընկերության անդամները (Դ․Դեմիրճյան, Նար-Դոս, Պահարե, Վեսպեր, Ծ․Թորգոմյան, Մարգար, Գ․Մեսյան, Թ․Ջիլավյան, Ս․Քամալյան, Կարա-Դարվիշ և ուր․)։ Նախագահ՝ Հ․Թումանյան։ Միության ուժերով Հայարտան դահլիճում կազմակերպվում էին գրակ․ հավաքույթներ, քննարկվում նոր ստեղծագործություններ, կարդացվում գրակ-մշակութ․ հարցերին նվիրված զեկուցումներ։ Միությունը գոյատևել է մինչև 1923-ը։


ՀԱՅ ԴԱՏ, Հայ դատի հանձնախումբ (անգլ․ Armenian National Committee, Հայ ազգային կոմիտե), հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հասարակական աշխատանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբ։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգ․ ձգտումները։ ԱՄՆ-ում ունի երկու հիմն․ բաժանմունք՝ Արեվելյան և Արևմտյան։ Գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

Ըստ հանձնախմբի կանոնադրության՝ Հ․դ․ կամ ավելի լայն առումով՝ Հայկական հարցը մի համադրույթ է, որն ունի քաղ․, տարածքային, բարոյական, սոց-տնտ․ և իրավական հայեցակետեր։ Ելնելով հայ ժողովրդի այժմյան վիճակից, երբ ներկա Հայաստանի Հանրապետության մեջ և Կովկասի հայաբնակ շրջաններում ապրում է հայերի գրեթե կեսը, մյուսը՝ ԱՊՀ և աշխարհի շատ երկրներում, իսկ ՀՀ տարածքը զբաղեցնում է Սևրի հաշտության պայմանագրով (1920) ճանաչված և ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ․ Վիլսոնի գծած սահմաններով հայկ․ հողերի միայն 1/6 մասը, երբ բռնագրավված Արմ․ Հայաստանը դատարկված է մնում իր բնիկ բնակչությունից, և թուրք․ կառավարությունը նպատակամղված փորձում է ջնջել Արմ․ Հայաստանում հայերի պատմ․ ներկայության ամեն մի հետք (պատմական հուշարձանների ավերում ու դրանց պատկանելության խեղաթյուրում), երբ սփյուռքահայությունն իր ինքնությունը կորցնելու մշտական վտանգի տակ է, երբ միջազգ․ իրավունքը 1915-ին սկսված հայերի ցեղասպանությունը ճանաչում է որպես շարունակվող հանցանք, Հ․դ․ գտնում է, որ Արմ․ Հայաստանն ու Արլ․ Հայաստանը պետք է միավորվեն մեկ միացյալ հայկ․ պետության մեջ։ Այն պետք է ընդգրկի նաև ԽՍՀՄ-ի հայկ․ այն տարածքները, որոնք արհեստականորեն անջատվել են այսօրվա Հայաստանից։ Հայկ․ հարցի լուծումը պահանջում է ոչ միայն գոհացում ու հատուցում ցեղասպանության կամ հայերի կորուստների համար, այլև ազատ ու ժողովրդավարական պետության ստեղծում։ Հ․դ․ օժանդակում է հայերի ցեղասպանությունը դատապարտող օրենսդր․ ակտերի ստեղծմանը տեղական, դաշնային և միջազգ․ մակարդակներով, ուշադրություն հրավիրում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտումների վրա։ Հ․դ․ նպաստել է այն բանին, որ ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև (1984) հայերի ցեղասպանության վերաբերյալ, իսկ Սենատը՝ հանձնարարական Լեռնային Ղարաբաղի մասին (1989)։ Կալիֆոռնիայում նահանգային իշխանությունների որոշմամբ 1990-ի ապրիլի 24-ը նշվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Նահանգի հանրային դպրոցներում մտցվել են հայերի ցեղասպանության պատմությանը նվիրված դասընթացներ, կազմվել է «Հայ դատ» դասագիրքը։ Հ․դ․ ֆինանսավորել է ցեղասպանության մասին կինոֆիլմի արտադրությունը, ցույցեր ու հանրային այլ միջոցառումներ կազմակերպել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ դատապարտելով հայերի ցեղասպանությունն ու ջարդերն այդ երկրներում, Արցախի ու Հայաստանի շրջափակումը։


Հ․դ-ի հանձնախմբին առընթեր գործում է հետազոտական կենտրոն, որն ուսումնասիրում և վերլուծում է իրադրությունը Հայաստանում, ԱՊՀ երկրներում ու Թուրքիայում։ Նրա ջանքերով մասնավորապես լույս են տեսել հայոց