Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/61

Այս էջը սրբագրված չէ

ընդունվել է 1892-ին, կուս-յան առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուս-յան «Դրոշակ» պաշտոնաթերթում, 1894-ին)։


ՀՀԴ դավանում է ժողովրդավարության ու ընկերավարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուս-յան գաղափարախոսության, ռազմավարության և գործելակերպի հիմն․ խնդիրը Հայկական հարցի լուծումն է (Արմ․ Հայաստանի ազատագրումը, նրա ինքնավարությունը)։ Նպատակին հասնելու հիմն․ միջոց ՀՀԴ համարում էր զինված գործունեությունն ու ահաբեկչությունը, քաղ․ աշխատանքը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս։ Ծրագրի ագրարային մասում նախատեսվում էր «տալ չունեցողին հող և ապահովել մշակողին հողից օգտվելու կարելիությունը»։ Կուս-ն անհրաժեշտ էր համարում «ուժ տալ գյուղացու համայնական սկզբունքներին, զարգացնելով այն ընկերային հիմնարկությունները, ձևերը, որոնք ծագել են Հայաստանի հողի վրա տեղական և պատմական հանգամանքների ազդեցության տակ»։


ՀՀԴ գաղ․ ակունքը 1880-ական թթ․ ռուս նարոդնիկության գաղափարախոսությունն էր, հենարանը՝ հայ գյուղացիությունը, քաղաքի մանրբուրժ․ խավը, բանվորությունն ու մտավորականության ներկայացուցիչները։ Լինելով Ռուսաստանի առաջին քաղ․ կուս-ներից՝ ՀՀԴ ձևավորվեց և իր գործունեությունը ծավալեց ավելի վաղ, քան ռուս․ ինքնակալությանն ընդդիմադիր այլ կուս-ներ՝ ս-դ-ները, սոցիալիստ-հեղափոխականները (էսէռները), սահմանադր․ դեմոկրատները (կադետներ)։


ՀՀԴ առաջին ընդհանուր ժողովը, հաշվի առնելով հայ իրականության առանձնահատկությունը՝ հայ բնակչության սփռվածությունը, կուս-յան կազմակերպական կառուցվածքում որդեգրեց ապակենտրոնացման սկզբունքը։ Կարճ ժամանակում կուս-յան կազմակերպություններ ստեղծվեցին Արլ․ Հայաստանում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Ղարաբաղ), Անդրկովկասի հայաշատ քաղաքներում (Թիֆլիս, Բաքու), Հս․ Կովկասում (Նոր Նախիջևան), Արմ․ Հայաստանում (Մուշ, Սասուն, Վան), Կիլիկիայում, Կ․Պոլսում, Իզմիրում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում։ ՀՀԴ զբաղվեց արևմտահայերին զինելու և ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինատար և մարտական խմբեր Արմ․ Հայաստան առաքելու (տես Խանասորի արշավանք 1897) առաջնահերթ խնդիրներով։ ՀՀԴ կարողացավ ընդլայնել իր ազդեցությունը և կարճ ժամանակամիջոցում դարձավ հայ քաղ․ կուսակցություններից առավել հեղինակավորը։


ՀՀԴ մեծ կարևորություն էր տալիս Հայկ․ հարցի լուծման գործում արմ․ տերությունների դերին։ «Դրոշակի» շուրջը համախմբված գործիչները («Դրոշակի» անունով կոչվել են նաև դրոշակականներ) կապ հաստատեցին եվրոպ․ երկրների քաղ․ ու հաս․ շրջանների հետ՝ հույս ունենալով եվրոպ․ տերությունների միջամտությամբ վերաբացել և ապա լուծել Հայկ․ հարցը։ Եվրոպ․ պետությունների ուշադրությունը Հայկ․ հարցին բևեռելու նպատակով՝ ՀՀԴ կազմակերպեց օսմ․ բանկի գրավումը Կ․Պոլսում (տես «Բանկ Օտոմանի» միջադեպ 1896)։ XX դ․ սկզբին գլխավորեց Անդրկովկասում հայ ժողովրդի հուժկու ընդվզումը ցար․ կառավարության քաղաքականության դեմ, հատկապես հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին օրենքի (1903) կապակցությամբ։ 1905_06-ին Անդրկովկասում հրահրված հայ-թաթար․ ընդհարումների ժամանակ ՀՀԴ շատ տեղերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, իրագործեց ահաբեկչական գործողություններ անընդունելի ցար․ իշխանավորների նկատմամբ։ Ցար․ կառավարությունը դատ․ գործ հարուցեց ՀՀԴ դեմ, բանտարկեց կուս-յան շատ ակտիվ անդամների։

Ռուսաստանում գործող կուս-ներից իր գաղափարախոսությամբ և գործելակերպով ՀՀԴ մոտ էր էսէռներին (2-րդ Պետ․ դումայում դաշնակցականներն ու էսէռները կազմում էին ընդհանուր ֆրակցիա)։ 1907-ին ՀՀԴ մտավ (էսէռների երաշխավորությամբ) 2-րդ ինտերնացիոնալի մեջ։ Ռուսաստանում ծավալված հեղ․ դեպքերի ազդեցության ներքո ՀՀԴ վերանայել է իր ծրագիրը (1907), հստակեցրել նրա սոցիալիստ․ դրույթները։ XIX դ․ վերջին _ XX դ․ սկզբին ՀՀԴ կապ հաստատեց Թուրքիայի հակասուլթան․ որոշ ուժերի, մասնավորապես երիտթուրքերի հետ։ ՀՀԴ ներկայացուցիչները մասնակցեցին երիտթուրքերի համաժողովներին (1903, 1907)։ Հայ հաս-քաղ․ որոշ շրջաններ քննադատեցին այս գործելակերպը։ Իրականում այն կրում էր սոսկ տակտիկական բնույթ և ուղղված էր Աբդուլ Համիդ II-ի վարչակարգի դեմ։ 1908-ի հեղաշրջումից հետո, երբ իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, դաշնակցականներից նույնիսկ ընտրվեցին սահմանադր․ Թուրքիայի խորհրդարանի անդամներ։ Սակայն շուտով Կիլիկիայում տեղի ունեցած դեպքերը, 1909-ի Ադանայի կոտորածը ցույց տվեցին, որ երիտթուրքերը դահիճ սուլթանների արժանի հետնորդներն են։ 1912-ին ՀՀԴ Արմ․ բյուրոն հայտարարեց նրանց հետ վերջնական խզման մասին, մերժեց նաև երիտթուրքերի առաջարկը գալիք պատերազմում Ռուսաստանի դեմ համագործակցելու վերաբերյալ։