սկաուտական և մարզական խմբերում։ Մասնաճյուղերի գործունեությունը ղեկավարելու համար 1929-ին, Սիրիայի և Լիբանանի մասնաճյուղերի մասնակցությամբ գումարվել է առաջին շրջանային ներկայացուցչական ժողովը, որն ընտրել է շրջանային վարչություն։ Շրջանային վարչության հետ սերտ կապեր են հաստատել Կահիրեի «Արարատ» և Ալեքսանդրիայի «Կամք» մարզական միությունները, որոնք հետագայում միացել են շրջանային վարչությանը, և կոչվել ՀՄԸՄ «Արարատ» և ՀՄԸՄ «Կամք»։ 1950-ական թթ-ից ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում հիմնվել են նոր մասնաճյուղեր։ Մասնաճյուղերի կապը ավելի սերտացնելու և փոխհարաբերությունները կանոնավորելու համար անհրաժեշտ է դարձել մի նոր ղեկավար մարմնի ստեղծումը։
1974-ի դեկտ․ Բեյրութում գումարվել է առաջին պատգամավոր․ ընդհանուր ժողովը, որն էլ ընտրել է առաջին կենտրոնական վարչությունը 4 տարի ժամկետով։ Այնուհետև հաջորդաբար տեղի են ունեցել 2-րդ՝ 1979_83-ին, 3-րդ՝ 1983_87-ին, 4-րդ՝ 1987_91-ին ժողովները։ Կենտրոնական վարչության ատենապետներ են եղել Վ․ Տեր-Կարապետյանը (1974_ 1985), Մ․ Արզումանյանը (1987_89), Բ․ Թորիկյանը (1985_87 և 1999-ից)։ ՀՄԸՄ կենտր․ վարչության նախաձեռնությամբ 1981-ին և 1990-ին տեղի են ունեցել բասկետբոլի, իսկ 1985-ին՝ ֆուտբոլի համագաղութային մրցաշարեր։
ՀՄԸՄ համագաղութային կառույցի մաս են կազմում ներկայումս (1999) գործող 85 մասնաճյուղերը՝ իրենց 25000 անդամներով։
ՀՄԸՄ լույս է ընծայել շուրջ 28 անուն պարբ․, որոնք իրենց էջերում զետեղել են հայ ժողովրդի, Հայ դատի և Հայաստան աշխարհի մասին հոդվածներ։ ՀՄԸՄ կենտր․ վարչության «Մարզիկ» պաշտոնաթերթը (սփյուռքահայ միակ մարզական ամսաթերթը) լույս է տեսնում 1980-ից։
1920-ի հուլիսին ՀՄԸՄ կենտր․ վարչությունը, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերին, Հայաստան է ուղարկել պատվիրակություն (Վահան Չերազ, Տիգրան Խոյյան, Օնիկ Եազմաճյան)՝ մարզական և սկաուտական դաստիարակություն կազմակերպելու և տարածելու համար։ ՀՄԸՄ մարզիչները կազմակերպել և կարգավորել են որբանոցների ներքին կյանքը, զբաղվել որբերի հայեցի դաստիարակությամբ։ Թուրք-հայկ․ պատերազմի (1920) օրերին ՀՄԸՄ կամավորները օգնել են հայկ․ բանակին պարեն մատակարարելով և ապահովել պարենի արդար բաշխումը։
1989-ին Հայաստանում մի խումբ երիտասարդներ՝ Վարդան Բախշյանի (նահատակվել է Արցախում) գլխավորությամբ հիմնեցին ՀՄԸՄ Երևանի մասնաճյուղը։ Այժմ (1999) Հայաստանում գործում է ՀՄԸՄ 17 մասնաճյուղ։
Գրկ․ Հուշամատյան Հ․Մ․Ը․Մ-ի քառասունամյակին․ 1918_1958, Բեյրութ, 1968։ Թորիկյան Բ․, Պատմություն հայ մարմնակրթական ընդհանուր միության, հ․ 1, 2, Բեյրութ, 1995, 1999։
ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՄՄ), մարզական-երիտասարդական, սկաուտական կազմակերպություն։ Հիմնվել է 1921-ի հունվարին, Հալեպում՝ Մեծ եղեռնից մազապուրծ կիլիկեցի, մասնավորապես այնթապցի հայ երիտասարդների նախաձեռնությամբ։
ՀՄՄ անկուս․ կազմակերպություն է, սակայն վայելում է ս-դ․ հնչակյան կուս-յան հովանավորությունը։ Միությունն ունի ծրագիր և կանոնադրություն, առաջնորդվում է ազգ-ժող․ հիմունքներով և ապակենտրոնացման սկզբունքով։ ՀՄՄ Կենտր․ վարչությունը միության մասնաճյուղերի գործունեությունը համադրող մի մարմին է։ ՀՄՄ մասնաճյուղեր են գործում (1999) հայաշատ գաղութներ ունեցող երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Քուվեյթում, Անգլիայում, Շվեյցարիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, Կանադայում։ Բյուջեն գոյանում է անդամավճարներից, տարբեր միջոցառումների հասույթներից և նվիրատվություններից։
ՀՄՄ ունի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի, հեծանվավազքի և թեթև աթլետիկայի խմբեր։ Հատկապես Լիբանանում և մասամբ Սիրիայում զգալի հաջողությունների են հասել ՀՄՄ ֆուտբոլիստներն ու հեծանվորդները, որոնք բազմիցս հաղթել են երկրի առաջնություններում։ Բեյրութի «Հոմենմեն» ֆուտբոլի թիմը Լիբանանի բազմակի չեմպիոն է և գավաթակիր։ Անցյալում ՀՄՄ ունեցել է նաև սահմանափակ մշակութ․ գործունեություն։
ՀՄՄ մեծ ավանդ ունի հայրենիք_ սփյուռք մարզական կապերի սերտացման բնագավառում։ 1959-ին, միության հրավերով առաջին անգամ Սիրիա և Լիբանան է այցելել Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմը։
«ՀԱՅ ՄԱՐՏԻԿ», կիսամսյա թերթ։ Հայ նախկին կամավորների միության օրգան։ Լույս է տեսել 1936_38-ին, Մարսելում (1935-ին՝ «Հայ կամավոր»)։ Խմբագիրներ՝ Ս․Բորոյան (Զորավար Սմբատ), Մ․Ավետյան։ Պատմել է առաջին համաշխ․ պատերազմի տարիներին