Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/7

Այս էջը սրբագրված է

թարաններից են Տաուտիե թաղամասի հայ ավետարանականը, Կրթասիրացը, Գերմանիկյանը, Անարատ հղության քույրերինը, Հայկազյանը, Ներսեսյանը ևն։

Հալեպահայ ազգ․ կյանքը կազմակերպել են Ռուբինյան միությունը (հիմն․ 1846), Ուսումնասիրաց ընկերությունը (1880), Դպրոցասեր տիկնանց միությունը (1898), 1920-ական թթ-ից գործում են մեծ թվով բարեգործ․, հայրենակց․, մշակութ․, հայրենասիր․, մարմնամարզ․ միություններ։ Գնահատելի աշխատանքներ են կատարում ՀԲԸՄ (1910-ից), Թեքեյան մշակութ․ միության, Համազգային մշակութ․ միության, ՀԵԸ Հ-ի մասնաճյուղերը, Ազգ․ մշակութ․ և Կիլիկյան մշակութ․ միությունները, ինչպես նաև Մարտիրոս Սարյան ակադեմիան և Ս․ Ասլամազյանի անվ․ լարային քառյակը, «Զվարթնոց» երգչախումբը։ Հ-ում հայտնի են Ասատուր Ալթունյանի հիմնած (1911-ին) Ալթունյան հիվանդանոցը և բժիշկ Ռոպեր Ճեպեճյանի 1952-ին հիմնած Ճեպեճյան ակնաբուժարանը։

Հ-ում 1877-ին արաբ․ լույս տեսած «Ֆռաթ» (Եփրատ) պարբ-ն ունեցել է հայկ․ բաժին։ Երկարատև ընդհատումից հետո հայ մամուլը սկսել է հրատարակվել 1918-ից, և ցայսօր լույս է տեսել ավելի քան 70 անուն պարբ․։ 1975-ից լույս է տեսնում «Գեղարդ» գրակ-գեղ․ պատմ․ տարեգիրքը, 1980-ից՝ «Նոր ապրիլ» բազմաբնույթ քառամսյան, «Գանձասար» շաբաթաթերթը։ Տես նաև Սիրիա հոդվածը։

Գրկ․ Սյուրմեյան Ա․, Պատմություն Հալեպի հայոց, հ․ 3, Փարիզ, 1950։ Թոփուզյան Հ․Խ․, Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն (1841-1946), Ե․, 1986։


ՀԱԼԵՎՈՐՈՒԿ (Senecio), աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, թփերի, երբեմն՝ ծառերի ցեղ։

Տերևները՝ երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, հաճախ՝ թավոտ, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մանուշակագույն՝ խմբված զամբյուղներում։

ՀՀ-ում աճում է 12 տեսակ, որոնք հանդիպում են ամենուրեք, հիմնականում՝ լեռնային տափաստաններում, անտառներում, մարգագետիններում։ Կան էնդեմիկ (Լիպսկու, Սոսնովսկու ևն) տեսակներ։ Գետային Հ․ սառցադաշտային դարաշրջանի ռելիկտ է, պահպանվել է միայն Սևանի ավազանի բարձրլեռնային ճահճուտներում։ Գարնանային, փոքրաշաքիլ և այլ Հ-ները ցանքատարածությունների մոլախոտեր են։ Ունեն նաև գեղազարդիչ նշանակություն։ S․patyphylloides-ը և S․fluviatilis-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։


ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ, Հալիձորի Ս․Աստվածածնի կուսանաց անապատ, հայկական ճարտարապետական համալիր ՀՀ Սյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին։ Կառուցվել է XVII դ․ 1-ին կեսին, որպես անապատ։ XVIII դ․ Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագր․ պայքարի գլխ․ ամրոցը և Սյունիքի հայկ․ իշխանության կենտրոնը։ Շրջափակված է հատակագծում անկանոն քառանկյան ձև ունեցող (տեղանքից բխող) պարսպապատով, որի հվ-արմ․ անկյունում միակ, հատակագծում շրջանաձև բուրգն է։ Մուտքերը երկուսն են՝ հվ-ից և հս-ից։ Համալիրում չափերով և տեղադրությամբ գերիշխողը եկեղեցին է (թաղածածկ դահլիճի հորինվածքով, բեմի երկու կողմում՝ ավանդատներով), որին հվ-ից և հս-ից կից են թաղածածկ, երկհարկ շինություններ (առաջին հարկերը հավանաբար գավթի դեր են կատարել)։ Ամրոցի վերակառուցման ժամանակ պաշտպան․ նկատառումներով եկեղեցու և կից երկհարկ շինությունների վերին հարկի կտուրները հավասարեցվել են՝ ստացված հարթակից գրոհող թշնամուն գնդակոծելու համար։

Գրկ․ Հասրաթյան Մ․, Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե․, 1973։


ՀԱԼԻՁՈՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1727, զինաբախում Սյունիքի հայ ազատագրական շարժման զինված ուժերի և օսմանյան բանակի ու նրան միացած մի քանի ֆեոդալների միացյալ զորքերի միջև։ Տեղի է ունեցել մարտին, Հալիձորի բերդի մոտ։

Ռուս-թուրք․ պայմանագրի կնքումից (1724) հետո Անդրկովկասում նվաճող․ քաղաքականությունը վերսկսած Թուրքիան, զավթելով Հայաստանի մեծ մասը, 1725-ի գարնանը ստվար բանակով ներխուժել է Սյունիք։ Թուրք հրոսակների և նրանց միացած Ղարաբաղի խանության, Բարգուշատի և կարաչոռլուների ֆեոդալների զորախմբերի դեմ երկամյա անհավասար պայքարից հետո Դավիթ Բեկի զորքն ամրացել է Հալիձորում։ Պաշարման յոթերորդ օրը հայկ․ զորաջոկատները Մխիթար Սպարապետի և Տեր Ավետիսի առաջնորդությամբ անսպասելի հարվածել են թշնամու համեմատաբար թույլ՝ աջ թևին։ Օսմանցիների և նրանց դաշնակիցների բազմահազար բանակը, խուճապի մատնված, հետապնդողների հարվածների տակ նահանջել է Մեղրի՝ մարտադաշտում թողնելով հազարավոր սպանվածներ, մարտ․ դրոշներ, զինամթերք, հանդերձանք։ Հ․ ճ-ում ձեռք բերած հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագր․ շարժման համախմբմանը։