Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/75

Այս էջը սրբագրված չէ

մետաքսի վրա տպագրված) գրքեր։ Այստեղ են պահվում հայ․ առաջին տպագիր գրքերը՝ «Ուրբաթագիրքը», «Պարզատումարը», «Տաղարանը» (Վենետիկ, 1512_13, տպագրիչ՝ Հակոբ Մեղապարտ), հայատառ առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695)։ Հ․ա․գ․ հրատարակում է գրադարանային գործին, հայ գրքի պատմությանը, գրադարանագիտության և սոցիոլոգիայի հարցերին նվիրված մեթոդական նյութեր և մատենագիտ․ գրակ․։ Հ․ա․գ․ ունի չորս մասնաշենք։ Շնորհվել է առաջին կարգի գիտ․ գրադարանի կոչում (1965)։

Գրկ․ Իշխանյան Ռ․, Ոսկանյան Ն․, ՀՍՍՌ Ալ․ Մյասնիկյանի անվան պետական ռեսպուբլիկական գրադարանը, Ե․, 1960։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ՀՀ պետական բարձրագույն կոչում։ Սահմանվել է ՀՀ օրենքով, 1993-ի հուլիսի 26-ին։ Շնորհվում է միայն ՀՀ քաղաքացիներին՝ հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների՝ երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման, ազգ․ նշանակալի արժեքների ստեղծման համար․ հանձնվում է Հայրենիքի շքանշան և ՀՀ նախագահի պատվոգիր։ Հ․ա․հ․ կոչում շնորհվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին (29․7․1994), ՀՀ ԳԱԱ պատվավոր նախագահ, ակադ․ Վ․Համբարձումյանին (11․10․1994), ՀԲԸՄ ցկյանս նախագահ Ա․Մանուկյանին (14․10․1994)։


ՀՀ նախագահի 1996-ի սեպտ․ 20-ի հրամանագրով Հ․ա․հ-ի կոչում է շնորհվել յոթ ազատամարտիկի․ Մովսես Գորգիսյան (հետմահու), Վիտյա Այվազյան (հետմահու), Գեղազնիկ Միքայելյան (Չավուշ) (հետմահու), Մոնթե Մելքոնյան (հետմահու), Ջիվան Աբրահամյան (հետմահու), Թաթուլ Կրպեյան (հետմահու), Յուրա Պողոսյան (հետմահու)։


ՀՀ նախագահի 1999-ի դեկտ․ 27-ի հրամանագրով հայրենիքին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար Հ․ա․հ-ի կոչում է շնորհվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ողբերգաբար զոհված ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին և ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ (ՀԱՊ), պետական, հայկական, ռուսական, ինչպես և արտասահմանյան երկրների արվեստի ստեղծագործությունների ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն ՀՀ-ում։ Հիմնադրվել է 1921-ին, Երևանում, որպես Հայաստանի պետ․ թանգարանի արվ․ բաժին, որի համար հիմք էին հայ նկարիչների՝ նույն թվականին կազմակերպված ցուցահանդեսի աշխատանքները, իսկ այնուհետև համալրվել է Մոսկվայի՝ Հայաստանի կուլտուրայի տան և նախկին Լազարյան ճեմարանի հավաքածուներով, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի թանգարան․ ֆոնդերից ձեռք բերված գործերով, թանգարան․ գնումներով և փոխանակումներով։ 1935-ին արվ․ բաժինը վերածվել է Կերպարվեստի պետ․ թանգարանի, 1947-ին՝ Հայաստանի պետական պատկերասրահի, 1992-ից՝ Հայաստանի ազգային պատկերասրահ։ Պատկերասրահն ունի հայկ․ (միջնադարյան մանրանկարչության, VI_XIII դդ․ որմնանկարչության և դեկորատիվ քանդակների վավերական պատճեններ, XVIII_XX դդ․ գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառ․ արվ․ գործեր և սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործություններ), ռուս․ (XVIII_XX դդ․ գեղանկարչություն, քանդակագործություն և գրաֆիկա), արտասահմ․ երկրների (XIV_XX դդ․ իտալ․, ֆրանս․, հոլանդ․, ֆլամանդ․ գեղ․ դպրոցների, XIX դ․ ռում․, XV_XX դդ․ անգլ․, գերմ․, իսպ․, բելգ․, ամերիկ․ արվեստագետների ստեղծագործություններ, հուն․, չին․, պարսկ․ դեկորատիվ-կիրառ․ արվ․ նմուշներ) արվ․ բաժիններ։ ՀԱՊ-ի մասնաճյուղեր են գործում (1999) Երևանում [Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարաններ, Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) թանգարան, Մինաս Ավետիսյանի արվեստանոց], Վաղարշապատում (Մհեր Աբեղյանի, Խորեն Տեր-Հարությանի թանգարաններ), Հրազդանում, Գավառում (Գրիգոր Բունիաթյանի անվ․ թանգարան), Մարտունիում, Ջերմուկում, ինչպես և ցուցասրահներ՝ Եղեգնաձորում և Ալավերդիում։ Հին շենքը (ճարտ․ Բ․ Լ․ Մեհրաբյան, XX դ․ սկիզբ) նորոգվել է, կառուցվել նորը (1978, ճարտ-ներ՝ Մ․ Գրիգորյան, Է․ Սարապյան), որը բաղկացած է ութհարկանի հիմն․ (ցուցադրանքի) և չորսհարկանի վարչ․ (պահես