Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/8

Այս էջը սրբագրված է

Գրկ․ Ընտիր Պատմութիւն Դաւիթ Բէգին․․․, Վաղ-պատ, 1871։ Լեո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։


ՀԱԼՈՖԻՏՆԵՐ, աղաբույսեր, խիստ աղակալած հողերում աճող բույսեր։ Աղակուտակիչներ են, ունեն մսալի, փայլուն, մանր տերևներ ու ընձյուղներ՝ պատված կուտիկուլայի հաստ շերտով։ ՀՀ-ում Հ․ զբաղեցնում են մոտ 30 հզ․ հա տարած․ և կենտրոնացած են Արարատյան դաշտում, Արմավիրի, Արարատի մարզերում։

Հ․ բաժանվում են 3 խմբի․ էվհալոֆիտներ կամ իսկական Հ․ (օշաններ), որոնց բջջապլազման կայուն է աղերի բարձր պարունակության նկատմամբ։ Դրանցից են մոմիկը (բալախ), բիներցիան, օշանի և սուվեդի որոշ տեսակներ։ Կրինոհալոֆիտներն ունեն աղերի բարձր կլանողունակություն, սակայն հյուսվածքներում կուտակված աղի զգալի մասն արտամղում են տերևների հատուկ գեղձային մազիկներով (փշաքեղ, կարմրան, ֆրանկենիա ևն)։ Գլիկոհալոֆիտներն աճում են քիչ աղոտ, հիմնականում ալկալիացած հողերում, արմատային համակարգն ունի ցածր թափանցելիություն աղերի նկատմամբ (հոտավետ օշինդր, որդանխոտ, աստղածաղիկ, անողնուց)։

Մոտ 40 Հ․ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, իսկ անտերև ելաբույսը և բարալիկ տետրադիկլիսը ոչնչացել են։ Շատ Հ․ կիրառվում են բժշկության մեջ։


ՀԱԼՎԱ, հրուշակեղենի տեսակ։ Հայաստանում տնային պայմաններում Հ․ պատրաստում են յուղի մեջ բոված ցորենալյուրից՝ վրան լցնելով դոշաբ, շաքարաջուր կամ մեղրաջուր։

Գործարանային եղանակով պատրաստում են յուղատու սերմերից (քունջութ, գետնանուշ, արևածաղիկ, սոյա ևն) կամ դրանց խառնուրդներից՝ խառնելով փրփուր առաջացնող նյութերի (օճառարմատ, մատուտակ) թուրմի հետ։ Կարամելային զանգվածը թուրմի հետ հարելուց առաջացած ծակոտկեն զանգվածին ավելացնում են աղացած սերմերը, երբեմն՝ նաև համ ու բույր


ՀԱԼՎԵ, ալոե (Aloe), թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանների ցեղ։

Տերևները մսալի են, մոմաշերտով պատած, եզրերը՝ փշոտ։ Ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին։ Բազմանում է սերմերով ու վեգետատիվ ճանապարհով։

Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման Հ․ (A․ arborescens), որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Հ․ աճեցվում է ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբ․ այգում և Արմավիրի մարզի որոշ տնտեսություններում։


ՀԱԽԻՆՅԱՆ Գրիգոր Մուշեղի [20․4․1926, Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) - 6․3․1991, Երևան], կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվ․ վաստ․ գործիչ (1972), ժող․ արտիստ (1990)։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործ․ բաժինը (1957, դասատու՝ Գ․ Եղիազարյան)։ 1961-76-ին՝ Երևանի Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտ․ ուսումնարանի, 1970-ից՝ Երևանի կոնսերվատորիայի դասատու (պրոֆ․ 1989), 1974-ից, միաժամանակ՝ Երաժշտ․ հիմնադրամի հայկ․ բաժանմունքի վարչության նախագահ։ Գրել է օպերաներ («Լեգենդի մարդը», 1970, «Ծովինար», 1973), բալետներ («Ախթամար», 1961, «Լոռեցի Սաքոն», 1961, «Ուռենի», 1963), կանտատներ («Սայաթ-Նովա», 1963, «Հայաստան», 1983, «Մեծ հաղթանակ», 1985), օրատորիա («Թոնդրակեցիներ», 1966), 4 սիմֆոնիա (1969, 1975, 1978, 1983), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1957), տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի (1977), քանոնի և ժողգործիքների նվագախմբի (1987), դուդուկի և ժողգործիքների նվագախմբի (1988) կոնցերտներ, գործիքային, վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ․ ներկայացումների համար։ Մշակել է ժող․ և աշուղ․ երգեր։

Գրկ․ Արազյան Թ․, Գրիգոր Հախինյան, Ե․, 1974։


ՀԱԽՃԱՊԱԿԻ, թափանցիկ կամ անթափանց ջնարակով պատած, հոծ, մանրածակոտկեն թրծազանգվածով (սովորաբար սպիտակ կավից՝ կաոլին) խեցեգործական կերտվածքներ։ Հ-ու ստացման համար օգտագործում են նույն հումքը, ինչ՝ ճենապակու, փոխվում է միայն բաղադրամասերի հարաբերությունը և թրծման տեխնոլոգիան։ Կարծր Հ-ու համար գործածում են մեծ քանակությամբ դաշտային սպաթ, փուխրի համար՝ կիր։ Հ-ու կարևոր բաղադրամասերից են նաև քվարցը, ավազը և հրակավը։ Հախճապակե առարկաները թրծվում են երկու անգամ․ առաջինը՝ 1200-1280°C ջերմաստիճանում, երբ թրծվում է անոթը, երկրորդը՝ 1050-1150°C ջերմաստիճանում, ջնարակազանգվածի շերտածածկը թրծելու համար։

Հայաստանում Հ-ու արտադրության զարգացման առաջին փուլի (IX դ․ 2-րդ կես - XI դ․ 2-րդ կես) հիմն․ կենտրոնը Դվինն էր, հախճապակե իրերի տեսականին՝ սահմանափակ (անթափանց ջնարակով և կոբալտով նկարազարդված)։ Երկրորդ փուլը Հ-ու արտադրության ծաղկման ժամանակաշրջանն է (XI դ․ 2-րդ կես - XIII դ․ 1-ին կես), երբ ազատվելով սելջուկյան թուրքերի լծից՝ երկիրն ապրեց տնտ․ զարգացման տևական ու խաղաղ շրջան։ Հիմն․ կենտրոնները՝ Դվին, Անի։ Պեղումներով հայտնի է Հ-ու հարուստ տեսականի (փուխր խեցիով վերադիր, միագույն ջնարակով անզարդ, բազմանիստ հարթակներով դրոշմազարդված, փխրախեցի սպիտակ ու կոբալտե զարդերով, կիսաթափանցիկ սպիտակ կարծրախեցի, շողյուն, ենթաջնարակային նկարազարդումով ևն)։ Երրորդ փուլն ընդգրկում է մոնղ․ տիրապետության ժամանակաշրջանը (1236-ից մինչև XIV դ․)։ Հիմն․ կենտրոնները՝ Անի, Ամբերդ, Գառնի և Տիկնունի։ Հ-ու տեսականին սակավ էր (մուգ կոբալտով նկարազարդված և թափանցիկ ջնարակով պատած, բազմերանգ՝ կանաչ, կապույտ ու այլ գույներով զարդարված ու թափանցիկ ջնարակով պատած, և