եվրոպ․ և հայ կոմպոզիտորների երկերից, հայկ․ ժող․ երգերի ու միջնադարյան մեղեդիների մշակումներից։ Նվագախմբի համար երկեր են ստեղծել Ա․ Հարությունյանը, Է․ Հովհաննիսյանը, Ա․ Աճեմյանը, Է․Խաղագորտյանը, Ռ․ Սարգսյանը և ուր․։ Կատարող․ արվ-ը առանձնանում է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, երկերի ինքնատիպ մեկնաբանությամբ։ Հ․կ․ն-ի հետ ելույթներ են ունեցել հայ և արտասահմանյան անվանի երաժիշտ-կատարողներ, որոնց թվում՝ Գ․ Գասպարյանը, Լ․ Զաքարյանը, Շ․ Արծրունին, Ա․ Գավաֆյանը, Ժ․ Տեր-Մերգերյանը, Վ․ Սպիվակովը, Յու․ Բաշմետը և ուր․։ Նվագախումբը համերգներով հանդես է եկել ԱՊՀ, մերձբալթյան երկրների քաղաքներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ֆիլիպիններում, Թաիլանդում և այլուր։ 1997-ին Հ․կ․ն․ միավորվել է Երևանի կամերային նվագախմբի հետ, վերակազմավորվել Ա․Ղարաբեկյանի ղեկավարությամբ։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ», լույս է տեսնում 1966-ից, Երևանում [1948_66-ին՝ «Հայկական ՍՍՀ ԳԱ տեղեկագիր» (կենսաբանական գիտությունների սերիա)], ՀՀ ԳԱԱ եռամսյա հանդես։ Գլխավոր խմբագիրներ՝ Հ․ Բատիկյան, Է․ Աֆրիկյան (1977-ից)։ Հրատարակում է կենսաբանության ԳՀԻ աշխատակիցների, ինչպես նաև այլ հետազոտողների հոդվածներն ու հաղորդումները բուսաբ․, կենդանաբան․, ֆիզիոլոգիայի, կենսաքիմ․, մանրէաբան․, գենետիկայի և ընդհ․ ու կիրառ․ կենսբ․ այլ բնագավառների վերաբերյալ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների առաջին ընկերություններից։ Հիմնվել է 1923-ին, Երևանում։ 1924-ի ընդհանուր ժողովում ընտրվել է վարչություն (Ա․Թամանյան՝ նախագահ, Մ․Սարյան՝ տեղակալ, Գ․Գյուրջյան՝ քարտուղար, Վ․Ախիկյան, Գ․Հովսեփյան)։ Ընկերությունը կազմակերպել է ցուցահանդեսներ (1924-ի ապրիլի 18-ին՝ առաջինը), հրատարակել կատալոգներ։ Գործել է մինչև 1932-ը։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏ», Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1992-ի նոյեմբերից, Երևանում (1992_95-ին՝ «Մեր խոսքը»)։ Խմբագիրներ՝ Խ․Հովակիմյան, Ն․Պետրոսյան (1995-ից)։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, կոմունիստ հայերի կազմակերպություն, որը ձևավորվել է արտերկրայնության սկզբունքով՝ Արևմտյան Հայաստանում հեղափոխական աշխատանք տանելու նպատակով։
Հատուկ Արմ․ Հայաստանի համար կոմկուս ստեղծելու գաղափարը պատկանում էր Թիֆլիսում աշխատող կոմունիստ հայերին, որոնք հիմնականում Արմ․ Հայաստանից էին (Գ․Հայկունի, Գ․ Հովսեփյան, Վ․ Երեմյան, Մ․ Սահակյան և ուր․)։ Հ․կ․կ․ ստեղծելու աշխատանքն սկսվել է 1917-ի նոյեմբ․։ Կազմվել է կազմ․ կոմիտե, որը Թիֆլիսում անցկացրել է մի քանի ժողով, որոնցում քննարկվել են ստեղծվող կազմակերպության խնդիրները, կազմվել է Հ․կ․կ․ ԿԿ։ Հ․կ․կ․ խնդիրն էր Արմ․ Հայաստանում կազմակերպական և գաղ․ աշխատանք ծավալել՝ Խորհրդ․ Ռուսաստանի կառավարության 1917-ի դեկտ․ ընդունած դեկրետն իրագործելու նպատակով (տես Դեկրետ «Թուրքահայաստանի մասին»)։ Հ․կ․կ․ անդամներն ուղարկվել են Արմ․ Հայաստանի մի շարք քաղաքներ, որտեղ դեռևս գտնվում էին ռուս․ զորքերը․ սկսվել է «Հայկական սոցիալիստական կարմիր բանակի» զորամասեր ստեղծելու համար կամավորների ցուցակագրումը։ Սակայն իր հիմն․ նպատակը՝ Արմ․ Հայաստանում հեղ․ աշխատանք տանելը, Հ․կ․կ․ չկարողացավ իրագործել։ Առաջին աշխարհամարտի ժամանակ Արմ․ Հայաստանի գրաված տարածքներից ռուս․ զորքերի հեռանալը ի չիք դարձրեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետի իրագործումը և Արմ․ Հայաստանում Հ․կ․կ․ գործունեության ծավալումը։ Ավելին, 1918-ի մայիսին, Անդրկովկասում անկախ պետություններ առաջանալուց հետո, Հ․կ․կ․ հարկադրված հեռացել է Անդրկովկասից։ Կազմակերպության ԿԿ անցել է Հս․ Կովկաս, իսկ 1919-ի սկզբին՝ Մոսկվա։ ԿԿ անդամների հիմն․ մասն աշխատել է Հայկական գործերի կոմիսարիատում։
Հ․կ․կ․ անդամ Գ․Հայկունին մասնակցել է Կոմունիստ․ ինտերնացիոնալի առաջին կոնգրեսին (1919-ի մարտ)։ Կազմակերպությունն ունեցել է իր պաշտոնաթերթը՝ «Կարմիր օրեր» (հրատարակվել է Թիֆլիսում, 1918-ի մարտից), որին հաջորդել է «Կարմիր դրոշակը»։
Հայաստանում խորհրդ․ կարգեր հաստատվելուց հետո Հ․կ․կ․ շատ գործիչներ Խորհրդ․ Հայաստանում զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ։ Նրանց մեծ մասը հալածվել է 1930-ական թթ․։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Հ․կ․կ․ ունեցել է 100-ից մինչև 1500 անդամ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԿԿ), հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Կազմավորվել է 1920-ի գարնանը։ 1920-ի նոյեմբերից 1990-ի օգոստ․ եղել է ՀԽՍՀ-ում ղեկավարող կուսակցություն, Խորհրդ․ Միության կոմկուսի բաղկացուցիչ մասը։
ՀԿԿ ղեկավարությամբ Հայաստանը զգալի տնտ․, գիտամշակութ․ առաջընթաց է ապրել։ Վերականգնվել և վերակառուցվել է ժող․ տնտեսությունը, ստեղծվել են ծանր ու թեթև արդ․ մի շարք ձեռնարկություններ, էլեկտրակայաններ ևն։ Հայ ժողովուրդը պատվով է դուրս եկել Խորհրդ․ Միության հայրենական պատերազմի ծանր փորձությունից։ Հետպատերազմյան տարիներին հանրապետությունում առաջընթաց է ապրել տնտեսությունը, զարգացել են կրթությունը, գիտությունը, մշակույթը։ Միաժամանակ, 1920-ական թթ-ից արմատավորվող վարչահրամայական գործելակերպը, զանգվածային հալածանքները, այլախոհության հանդեպ անհանդուրժողականության սաստկացումները, 1960-ական թթ․ վերջից հանրապետության տնտեսության զարգացման, ազգ․ եկամտի