Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/88

Այս էջը սրբագրված է


հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է։

2․ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ


ՀՀ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետ․ և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Պետ․ իշխանությունն իրականացվում է սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա։

ՀՀ սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեի միջոցով, 1995-ի հուլիսի 5-ին։

Հանրապետության նախագահը։ ՀՀ ունի նախագահական կառավարման համակարգ։ Հանրապետության նախագահը երկրի անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Ընտրվում է ուղղակի, ընդհանուր, հավասար ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում։ Հանրապետության նախագահն ունի լայն իրավասություններ․ նշանակում և ազատում է վարչապետին, իսկ վերջինիս առաջարկությամբ՝ կառավարության անդամներին, նշանակում է օրենքով սահմանված կարգով՝ դատարանների նախագահներին և դատավորներին, գլխ․ դատախազին, նրա տեղակալներին ու կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներին։ Հանրապետության նախագահը զինված ուժերի գլխ․ հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատար․ կազմը։ Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է օրենքները, իրավունք ունի արձակել ԱԺ և նշանակել նոր ընտրություններ, ներկայացնում է երկիրը միջազգ․ հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը ևն։

Ազգային ժողովը։ ՀՀ բարձրագույն օրենսդրական մարմինը միապալատ Ազգային ժողովն (ԱԺ) է։ Կազմված է 131 պատգամավորից։ ԱԺ լիազորություններն ավարտվում են ժողովի ընտրությանը հաջորդող չորրորդ տարվա հունիսին՝ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման օրը։ ԱԺ-ում ստեղծվում է 6 մշտական հանձնաժողով՝ օրենքների նախագծերի