Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/91

Այս էջը սրբագրված է


մարզեր։ Մինչքեմբրիի, պալեոզոյի, յուրա-ստորին կավճի, վերին կավիճ-պալեոգենի ապարները ծալքավորվել են, համապատասխանաբար, բայկալյան, ուշ հերցինյան, վաղ ալպիական (կիմերյան) և ուշ ալպիական (բուն ալպիական) փուլերում։ Ավելի ուշ առաջացած ապարների ծալքավորումը դեռևս շարունակվում է։ Տավրոս-Կովկասյան ծալքավոր մարզի տեկտոն․ կառուցվածքը պայմանավորված է հս-արմ-ից հվ-արլ․ տարածվող խորքային և այլ տիպի խզումներով, որոնք մարզը տրոհում են առանձին սալերի։ Խորքային խզումների մի մասն օֆիոլիթների (գերհիմքային ապարներ) ներդրման գոտի է։ Ենթադրվում է, որ այդ գոտում ընթանում է ՀՀ տարածքի որոշ հատվածների աստիճանական ընկղմում (սուբդուկցիա) երկրի թաղանթի մեջ։

ՀՀ տարածքի երկրբ․ կառուցվածքի երկարատև, բարդ ձևավորումն ու ապարների բազմազանությունը պայմանավորել են տարբեր ծագման, բնույթի և կիրառ․ նշանակության օգտ․ հանածոների առաջացումը։

ՀՀ տարածքը երկրակեղևի շարժուն մարզերից է՝ ներառված Ալպ-Հիմալայան երկրաշարժային գոտու մեջ։ Առանձնացվում են Արարատյան․ ընդգրկում է Դվինի (երկրաշարժը՝ 893-ին), Գառնու (1679), Արարատի (1840), Գյումրու (1926), Զանգեզուրի (1931, 1968), Վայոց ձորի (735, 906), Սեվան-Հրազդանի․ ընդգրկում է Ծաղկաձորի (1827), Ծովագյուղի (1863), Սպիտակ-Վանաձորի (1916, 1967, 1988) սեյսմաակտիվ վերնակենտրոնային խմբերը։ Ամենաուժգինն ու կործանիչը Սպիտակի 1988-ի դեկտ․ 7-ի երկրաշարժն էր, որն ուղեկցվել է մեծ ավերածություններով։ Ամբողջովին ավերվել են հանրապետության հս․ մասի ավելի քան 58 գյուղ, Սպիտակ ք․, մեծ չափով Գյումրին, մասնակիորեն Վանաձորը, Ստեփանավանը, Իջևանը, Դիլիջանը, 325 գյուղ։ Երկրաշարժն ուղեկցվել է նաև մարդկային զոհերով (ավելի քան 25 հզ․) ու ռելիեֆի փոփոխություններով։

Երկրաշարժի վերնակենտրոնում խախտման ուղղաձիգ ամպլիտուդը եղել է 1,3_1,5 մ, հորիզոնականը՝ 1 մ, տարածումը՝ հս-արմ․ և ձգվել է գրեթե լայնակի ուղղությամբ 40_50 կմ երկարությամբ։

Օգտակար հանածոները։ ՀՀ տարածքում մետաղային օգտ․ հանածոներից հայտնի են պղնձի, մոլիբդենի, ալյումինի հումքի, ոսկու, երկաթի, ցինկի, կապարի, մանգանի, քրոմի, ծարիրի, զառիկի, սնդիկի հանքավայրեր ու երևակումներ, որոնք պարունակում են նաև հազվագյուտ ու ցրված տարրեր։ Դրանք տեղաբաշխված են՝ ա․ Ալավերդի-Կապանի հրաքարային հանքավայրերի (յուրա-կավիճ)՝ գլխավորապես պղնձի հանքայնացմամբ, բ․ Փամբակ-Զանգեզուրի (պալեոգեն-նեոգեն)՝ պղինձ-մոլիբդենային հանքայնացմամբ, գ․ Սևան-Ամասիայի (պալեոգեն)՝ քրոմի ու ոսկու հանքայնացմամբ մետաղածնային գոտիներում։

Ոչ մետաղային օգտ․ հանածոներից հայտնի են բարիտի, ծծմբահրաքարային (Լոռու, Տավուշի մարզեր), քարաղի (Մերձերևանյան շրջ․), ֆոսֆորիտային (Ուրծի լ-շղթա), բազալտի, անդեզիտաբազալտի, անդեզիտի (հանրապետության ողջ տարածքում), գրանիտի, գրանոդիորիտի, դունիտի և այլ ներժայթուք ապարների (Փամբակի, Բազումի լ-շղթաներ), հրաբխ․ խարամի (Շիրակի, Գեղարքունիքի մարզեր), կրաքարի ու տրավերտինների (Լոռու, Սյունիքի, Արարատի մարզեր), մարմարի (Արզական, Արարատ, Խոր վիրապ), պեմզայի (Անիպեմզա), տուֆի (Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզեր), օբսիդիանի ու պեռլիտի (Արտենի լ․, Հատիս լ․, Գութանասար, Սպիտակասար, Գեղասար), բենտոնիտային կավերի (Տավուշի մարզ) հանքավայրերը։ Հանրապետության ողջ տարածքում կան հանք․ ու անուշահամ ջրերի պաշարներ։ Իսկ Ալավերդու, Շամլուղի, Ախթալայի, Կապանի, Կողբի, Քաջարանի, Սոթքի հանքաերևակումները հայտնի էին դեռևս հնագույն ժամանակներում։

Ռելիեֆը։ ՀՀ լեռնային երկիր է, Հայկ․ լեռնաշխարհի բաղկացուցիչ մասը։ Այն Արմ․ Ասիայի երիտասարդ լեռնային գոտու օղակներից է՝ տեղադրված Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների միջև։

Լեռնագրությունը։ Հանրապետության մակերևույթը ծալքավոր, ծալքաբեկորավոր ու հրաբխ․ լեռների, կուտակումային սարահարթերի, բարձրադիր լավային սարավանդների, նեղ ու խոր