Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/98

Այս էջը սրբագրված է


նահանգների, մարզերի, ինչպես նաև բնապատմ․ պայմանների բազմազանության պատճառով ունի հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ (շուրջ 3500 բարձրակարգ անութավոր բույս)։ Մեծաթիվ են նաև սնկերը, ջրիմուռները, մամուռները և քարաքոսերը, որոնց տեսակներն ամբողջությամբ բացահայտված չեն։ Հայաստանում է առաջին անգամ նկարագրվել բույսերի մոտ 400 տեսակ, որից 125-ը էնդեմներ են (Նաիրյան նուշ, Թախտաջյանի կաթնուկ, Թամամշյանի օշան, Տիգրանի թանթրվենի ևն)։ Կան ռելիկտ ծառեր ու թփեր (կեչի, սոսի, գիհի ևն), խոտաբույսեր (ծոփոպ, ջրաշուշան ևն) և մշակովի բույսերի (ցորեն, գարի, վարսակ, ոլոռ ևն) վայրի ազգակիցներ։ ՀՀ-ում բուս․ հիմն․ տիպերի աշխարհագր․ տեղաբաշխումը պայմանավորված է բարձունքային գոտիականությամբ, ինչպես նաև կլիմայի և լեռնալանջերի կողմնադրությամբ։ Ջրաճահճային և քարացրոնային բուսականությունը տարածված է բոլոր գոտիներում։ Բուս․ աշխարհի հազվագյուտ և անհետացման ենթակա տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Կենդանական աշխարհը։ ՀՀ կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան։ Անողնաշարավորները մոտ 20 հզ․ տեսակ են (ավելի քան 15 հզ-ը՝ միջատներ)։ Առավել լավ ուսումնասիրված է ողնաշարավորների խումբը՝ կազմված մոտ 460 տեսակից, այդ թվում ձկներ՝ 28 տեսակ, երկկենցաղներ՝ 6, սողուններ՝ 46, թռչուններ՝ 303, կաթնասուններ՝ 86։ Կենդ․ աշխարհի պահպանության և վերարտադրության համար կարևոր նշանակություն ունի բնապահպան․ խնդիրների գիտ․ մշակումը։ Ստեղծվել են պետ․ արգելոցներ (Խոսրովի, Շիկահողի ևն) և արգելավայրեր (Ջերմուկի, Մարմարիկի ևն), որտեղ պահպանվում է տվյալ մարզերին բնորոշ բուս․ և կենդ․ աշխարհը, ուսումնասիրվում բնության զարգացման օրինաչափությունները, հատուկ պահպանության տակ վերցվում բնական համալիրի բաղադրատարրերը։ ՀՀ Կարմիր գրքում գրանցված են Հայաստանի տարածքի հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիները․ ձկների՝ 11, երկկենցաղների՝ 17, սողունների՝ 24, թռչունների՝ 23, կաթնասունների 24 %-ը։

Գրկ․ Մաղաքյան Հ․Գ․, Մետաղային հանքավայրեր, Ե․, 1958։ Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե․, 1971։ Ներսեսյան Ա․Գ․, Հայաստանի կլիման, Ե․, 1964։ Հայկական ՍՍՀ ջրագրությունը, Ե․, 1981։ Հայկական ՍՍՀ գեոմորֆոլոգիան, Ե․, 1986։ Багдасарян А․Б․, Климат Армянской ССР, Е․, 1958; Геология Армянской ССР т․ 1–10, Е․, 1962–74; Почвы Армянской ССР, Е․, 1976․

Բնության պահպանությունը։ Հայաստանում բնության պահպանության խնդիրներով զբաղվել են դեռևս վաղ ժամանակներից։ Անհարկի անտառահատումների, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան Մխիթար Գոշի (XII դ․) և Սմբատ Սպարապետի (XIII դ․) դատաստանագրքերում։

ՀՀ-ում բնապահպանման առաջին դեկրետներն անտառի, ջրի պետականացման, վայրի դեղաբույսերի մենաշնորհի ևնի վերաբերյալ ընդունվել են 1921_23-ին։ Կան առանձին որոշումներ բնության տարրերի պահպանության, բնական պաշարների օգտագործման, միջավայրի սան․ վիճակի կարգավորման մասին։

1991-ից գործում են «Բնության պահպանության մասին» օրենսդրական հիմունքներ, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», 1994-ից՝ «Մթնոլորտային օդի պահպանության