զիջել է Թուրքիային։ 1918-ի ապրիլի վերջին զավթելով Կարսը և շրջակա գյուղերը թուրք, զորքերը կոտորել են ավելի քան 10 հազար հայ։ Հարյուր հազարավոր մարդիկ գաղթել են Ալեքսանդրապոլի, էջմիածնի և Երևանի գավառներ։ Տեղի մահմեդական հրոսակախմբերը մի շարք տեղերում փակել են գաղթականների նահանջի ճանապարհը և նոր կորուստներ պատճառել նրանց։ Մի խումբ հայ երիտասարդների համառ դիմադրության շնորհիվ հաջողվել է կոտորածից փրկել հազարից ավելի հայ մանուկների, մայրերի և տեղափոխել Ախալքալաքի գավառ։
1918-ի Բաթումի պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Կ. մ-ից։ 1918-ի նոյեմբ-ից մինչև 1919-ի գարունը հազարավոր կարսեցի գաղթականներ արևելյան Հայաստանում մահացել են սովից ու համաճարակներից։ 1919-ի ապրիլին թուրքերը հեռացել են Կ. մ-ից։ Մեկամսյա անգլ. օկուպացումից հետո մարզը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։ 1920-ի հոկտ. վերջին քեմալական զորքը գրավել է Կ. մ., որից հետո քրիստոնյա բնակչությունը նորից արտագաղթել է։ Այս անգամ ոչնչացվել է 12 հազար հայ (հիմնականում՝ տղամարդիկ)։ 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրով մարզը տրվել է Թուրքիային։ 1921-ի Կարսի պայմանագրով Ռուսաստանը խորհրդային Հայաստանի կառավարությանը հարկադրել է ընդունել այդ պայմանները. որից հետո քրիստոնյա բնակչությունն ամբողջապես հեռացել է այնտեղից։ 1945-ին խորհրդային Միությունը փորձել է Պոտսդամի կոնֆերանսում բարձրացնել Կ. մ-ի վերադարձման հարցը, սակայն հաջողություն չի ունեցել։ Այժմ մարզի տարածքը (փոքր տարբերություններով) կազմում է Թուրքական Հանրապետության Կարսի իլը՝ 18,6 հազար կմ2 տարածքով և մոտ 720 հազար քուրդ և թուրք բնակչությամբ։
Գրականություն
Պողոսյան U. Մ., Սոցիալ-տնտեսական
հարաբերությունները Կարսի մարզում 1878-1920,
Ե., 1961։ Նույնի, Карсская область в составе
России, Е՝., 1983։ ,
Ա Մելքոնյան
ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1921, կնքվել է հոկտեմբերի 13-ին, Կարսում, մի կողմից՝ Ադրբեջանական, Հայկական և
Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, ՌԽՖՍՀ մասնակցությամբ (տես Կարսի կոնֆերանս 1920)։ Կ. պ. գրեթե նույնությամբ կրկնում էր 1921-ի Մոսկվայի պայմանագրի դրույթները։ Պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից։ 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում սուվերենություն իրականացնող կառավարությունների միջև, դրանով չեղյալ էր համարվում նաև 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Չեղյալ էին համար վում այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին. դա չէր տարածվում, սակայն, Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի վրա։ 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ խորհրդային Հայաստանը չի ճանաչում Սևրի հաշտության պայմանագիրը (1920)։ 3-րդ հոդվածով վերացվում էր կապիտուլյացիաների ռեժիմը։ Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (սահմանների ավելի մանրամասն նկարագրությունը տրվում է 1-ին և 2-րդ հավելվածներում)։ 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբ. և հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնվում էին, որ Նախիջևանի մարզը (3-րդ հավելվածում նշված սահմաններով) կազմի ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո։ 6,7,8 և 9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին, համաձայն որոնց, Թուրքիան Բաթում քաղաքի և մարզի նկատմամբ սուվերենության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունը օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվել Բաթումի նավահանգստից, առանց դրա համար հատուկ տուրք վճարելու (հոդ. 6)։ Թուրքիան և Վրաստանը պարտավորվում էին դյուրացնել սահմանամերձ գոտու բնակիչների սահմանի անցումը (հոդ. 7), Սև ծովի և նեղուցների միջպետ. ստատուտի մշակումը հանձնվելու էր սևծովյան պետությունների կոնֆերանսին (հոդ. 9)։ 10-րդ հոդվածով պայմանադիր կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարելու նպատակ ունեն։ Մնացած հոդվածներով որոշվում էին կողմերի քաղաքացիների իրավական դրությունը մյուսի տարածքում, միմյանց քաղաքացիների նկատմամբ առավելագույն բարենպաստման սկզբունքի կիրառում, զիջվող տարածքների բնակչության տեղափոխման իրավունքը, սահմանվում ռազմագերիների և գաղթականների փոխանակման կարգը. առևտր. հարաբերություններ հաստատելու, տնտեսական, ֆինանս, և այլ հարցեր կարգավորելու համար հանձնաժողովներ ստեղծելը, հյուպատոսական համաձայնություններ կնքելը և այլն։
Կ. պ. վերահաստատեց 1921-ի Մոսկվայի պայմանագրի զավթողական դրույթները, որոնք կոպտորեն ոտնա